Օրերս դիտեցի ՌԴ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Ալեքսեյ Ուչիտելի «Մաթիլդա» ֆիլմը: Իմ տպավորությամբ, սովորական այդ ֆիլմի շուրջ աղմուկը մի քիչ ուռճացված էր: Ֆիլմը հրաժարվել էին ցուցադրել ՌԴ խոշորագույն կինոթատրոնների ցանցերում, որոնց թվում է Սամվել Կարապետյանին պատկանող Սինեմա Սթարը, change.org-ում ֆիլմի դեմ ստորագրահավաք էր սկսվել, դատական գործընթաց, գործին խառնվել էր նաեւ Պետդումայի պատգամավոր Նատալյա Պոկլոնսկայան: Ոմանց զայրացրել էր, որ ռեժիսորը համարձակվել է մահկանացուներին բնորոշ թուլություններով օժտել Նիկոլայ Երկրորդին: Ի դեպ, 2000թ.-ին Ռուսական ուղղափառ եկեղեցին նրան եւ նրա ընտանիքին դասել է սրբերի կարգում, իսկ դեկտեմբերի 19-ը սահմանել նրանց հիշատակի օր։
Եվ այս ամենից հետո Ալեքսեյ Ուչիտելը վերցրել ու էկրանավորել էր Նիկոլայ II-ի եւ Մարիինյան թատրոնի բալետի պարուհի Մաթիլդա Քշեսինսկայայի սիրավեպը: Ընդ որում՝ ֆիլմում, որի բյուջեն 25 մլն դոլար է, ներգրաված դերասաններից գերմանացի Լարս Այդինգերը մինչ այդ հասցրել էր նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմում: Մաթիլդային էլ հրաշալի մարմնավորել է լեհ դերասանուհի Միխալինա Օլշանսկան:
Ֆիլմում հետաքրքիր ուղերձներ կան, օրինակ՝ հենց այն, որ Մարիինյան թատրոնը տարիներ շարունակ արքունիքին պարուհիներ է մատակարարել, այսինքն՝ ծառայել է որպես էլիտար բորդել, Մաթիլդայի բաց կրծքով ելույթի դրվագն էլ յուրատեսակ հրավեր էր երիտասադ Նիկիին՝ ապագա կայսերը:
Ուղղափառ ծայրահեղական ակտիվիստները ֆիլմը համարել էին հակապետական եւ հակառուսական, քանի որ ըստ պաշտոնական պատմագրության, Նիկոլայ Երկրորդի հարաբերությունները խզվել են պարուհու հետ, երբ նա թագադրվել ու ամուսնացել է Ալեքսանդրա Ֆեոդորովնայի հետ:
Փաստորեն, Ուչիտելին մեղադրել են պատմական անձի ու սրբի անունը անհաջող համատեքստում շոշափելու, հավատացյալների զգացմունքները վիրավորելու, նաեւ էժան բնազդների ու պատմության խեղաթյուրման հաշվին փող աշխատելու մեջ:
Ինչ խոսք, պատմական թեմաներին դիպչելու դեպքում ռեժիսորները խոցելի են դառնում, դա մի տեսակ պատասխանատու, միեւնույն ժամանակ վտանգավոր ու անշնորհակալ աշխատանք է՝ հղի դժգոհների բանակի զայրույթի աննախադեպ պոռթկումներով: Բայց նաեւ ստեղծագործողն ազատ է իր ցանկացած գեղարվեստական հանդերձանքը «հագցնել» այս կամ այն պատմական անհատին: Կարծում ենք, ֆիլմի շուրջ աղմուկն ավելի բարձրացրեց նրա վարկանիշը, դրան նպաստեց նաեւ սոցցանցերում ֆիլմի պաշտպանների այն հակափաստարկը, թե ինչպե՞ս է չամուսնացած ցարի սիրավեպի մասին ֆիլմը վիրավորում հավատացյալների զգացմունքները, իսկ Մոսկվայի Կարմիր հրապարակում Լենինի դամբարանի առկայությունը` ոչ, եւ սա այն դեպքում, երբ հենց Լենինն է հրամայել գնդակահարել Նիկոլայ II-ին:
Մի խոսքով, «Մաթիլդան» արժի նայել սուրճ վայելելով, ուղղակի որպես գեղեցիկ ֆիլմ, հորինված հուզիչ պատմություն: Իսկ այն, որ Ռուսաստանում ահագնանում է գրաքննությունը, արդեն փաստ է:
Իմիջիայլոց, մի զուգահեռ հայաստանյան իրականության հետ. տարիներ առաջ, երբ Հայաստանում հրաժարվում էին ցուցադրել Սրջան Դրագոեւիչի «Պարադա» ֆիլմը, ի պաշտպանություն ֆիլմի բողոքողներն էլ էին դրան նպաստում (ինչը հիմա անում են Ռուսաստանում` «Մաթիլդայի» պարագայում, այլ համատեքստում), քանի որ միտումնավոր հայտարարում էին, թե իբր «Պարադան» նույնասեռականների քարոզչություն է: Իրականում «Պարադան» «կուստուրիցայոտ», «համով» ֆիլմ էր, որտեղ միախառնված էին ողբերգականն ու կատակերգականը, սակայն, բնականաբար, գլուխգործոց չէր: Ի վերջո ամեն երեւույթ կարելի է դիտարկել տարբեր տեսանկյունից, նայած ինչ է մտքումդ:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
10.11.2017