Հայցվոր. «Ինձ հետին «հարիֆի» տեղ դնելով, չարաշահել է վստահությունս՝ իբրեւ մանրապճեղ շահախարդախ»

Հայցվոր. «Ինձ հետին «հարիֆի» տեղ դնելով, չարաշահել է վստահությունս՝  իբրեւ մանրապճեղ շահախարդախ»

«Թեպետ արդեն առ 2017թ. հունիսի 1-ը, երբ ակնհայտորեն չէր էլ ուզում կատարել կանխավ փոխպայմանավորված, առանց այն էլ խիստ փոքրաչափ վարձատրությունս (ընդամենը 60.000 ՀՀ դրամ՝ 2 ամսվա անչափազանցորեն գերխտացրած, չարչարալից, ակնավնաս ու առողջաքայքայ աշխատանքիս դիմաց), եւ երբ պատասխանողին առճակատ նախատեցի ու նախազգուշացրի նրան հրապարակավ խայտառակելու մասին, դատելով մի շարք ուղղակի եւ անուղղակի հանցանշաններից (հենց այդ օրը երիցս զրպարտեց ինձ, թե՝ «աշխարհում ինձ նման մարդ չի տեսել» (իհարկե՝ վատ իմաստով), «գործը տապալել եմ» (թերեւս՝ ապոստերիորի, արդեն այժմ իր գրագողությունն ու մյուս իրավախախտումները հետին թվով արդարացնելու չքմեղամիտումով), «կոմպլեքսավորված մարդ եմ», ոտնակոխոտել է իր իսկ պոռոտախոստումները՝ «խոսքի տեր» լինելու առումով, ինձ հետ հանդիպելու, զանգահարելու ժամկետների վերաբերյալ, հասարակորեն, խուսափել է սեփական բնակարանի հեռախոսահամարը, անգամ իր իսկ գործի շահերի սիրույն, ինձ տրամադրելուց, եւ այլն՝ կանխազգում էի, որ տմարդին, բերանի ծամոն դարձած կարմիր կովից էլ վերան, սեփական կաշվից դուրս չի գալու եւ, ի վերջո, ինձ ու իրեն կանգնեցնելու է դատարանի առաջ»,- գրել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած իր հայցադիմումում լեզվաբան Գարեգին Ղազարյանը:

Պատասխանող է ճանաչվել Ստեփան Ռուբենի Հասան-Ջալալյանը:

«Առավոտի» տեղեկություններով, գալիք տարվա հունվարի 16-ին նշանակվել է անդրանիկ «Պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության պահանջի մասին, ինչպես նաեւ հեղինակային իրավունքի պաշտպանության պահանջի մասին» նախնական նիստը:

Հայցվոր լեզվաբանը, սրբագրիչ-խմբագիր Գ.Ղազարյանը հայտնում է, որ 2017 թ. հուլիսի 23-ին իրեն հայտնի է դարձել, որ պատասխանողը հրատարակել է «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը: «Այդ գիրքը չկա համապատասխան վաճառակետերում եւ նույնիսկ Հայաստանի ազգային գրադարանում: Փողկապով «խաչագողը» հայցվորիս որեւէ օրինակ չի տվել, թեպետ, առնվազն բարոյապես, պարտավոր էր գոնե վաճառել ինձ, եթե ոչ՝ առավել եւս ընծայել: Եվ դա պատահական չէ: Պատասխանողն անձամբ գիտակցել է, որ միայն առանձին մարդկանց իր հորջորջման, «դրամական մասնակի աջակցությամբ» տպագրմանը նպաստած հովանավորների շրջանում տարածած սույն գրքից, իր իսկ ձեռամբ, իմ անձնատվյալների արտաքսմամբ եւ գրքի նենգափոխված ձեւով ու բովանդակությամբ արդեն՝ հրապարակայնորեն արատավորել է հայցվորիս ՊԱԳ-ը՝ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը, կատարել է գրագողություն հայցվորիս ստեղծագործական գործունեության արդյունք (առնվազն ածանցյալ ստեղծագործություն) հանդիսացող՝ հեղինակային իրավունքի օբյեկտից»,-հայտնել է նա:

Հայցվորը դատարանին տեղեկացրել է, որ մինչ իրենց դիմելը իր իրավունքների պաշտպանությանն ուղղված հրապարակային նախաքայլ է կատարել. «Բաց նամակ-ահազանգ» է տպագրել ՀՀ պարբերական մամուլում ու տարածել նաեւ էլեկտրոնային եղանակով, մասնավորապես, «Անկախ» շաբաթաթերթի 2017 թ. 29-րդ համարում, «Ազգ» շաբաթաթերթի 2017 թ. հուլիսի 28-ի համարում եւ «Հրապարակ» օրաթերթի 2017 թ. հուլիսի 29-ի համարում: Ըստ նրա, 2017թ. օգոստոսի 29-ի դրությամբ, միայն «Ազգ» շաբաթաթերթի կայքէջային հրապարակման դիտումնաքանակը գերազանցել է 14.000-ը, իսկ արտատպումների թիվն անցել է 1.400-ից:

Այդ հրապարակումներին արձագանք չի եղել, հայցվորի տեղեկացմամբ, պատասխանողի կողմից որեւէ հակադարձում չի ստացել ոչ «էլեկտրոնաուղերձային, ոչ փոստառաք զգուշացումներին, ոչ էլ նշյալ լրատվական հրապարակումներին»:

Հայցվորը բերում է վիճարկվող գրքից բազմաթիվ օրինակներ, որոնք նրա կարծիքով՝ «չեն համապատասխանում իրականությանը, վատավելին՝ հակասում են իրականությանը եւ արատավորում են իմ ՊԱԳ-ը»: Գ. Ղազարյանը ներկայացրել է 41 նկատառում, որոնցով փորձում է ապացուցել, որ ցանկային ծանոթագրումների հեղինակն ինքն է. «Տքնաջան աշխատանքիս վրա թանձր խաչ քաշելով, պատասխանողն արատավորում է իմ ՊԱԳ-ը. սա էլ հենց այլ բան չէ, քան՝ զրպարտություն՝ օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով»:

Գ.Ղազարյանը հայցադիմումում ներկայացնում է իրեն. Բնության եւ հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի հայկական բաժանմունքի պատվավոր դոկտոր, Վարդենիսի պատվավոր քաղաքացի (1994 թ.), պարգեւատրվել է ՀՀ ՊՆ «Անդրանիկ Օզանյան» մեդալով, ՀՀ կառավարության շնորհակալագրով (1994 թ.), եղել է «փոքր հայրենիք» Մարտակերտի լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի՝ ԱՀՏԱ գծով տեղակալ, ԼՂՀ կառավարության անդամ (1996-1999 թթ.), այսինքն՝ այնժամ, երբ պատասխանողը դեռ դպրոց էր հաճախում. «Սրբազնագույն Մեծ Արարատ լեռան գագաթն եմ բարձրացրել ՀՀ եւ ԼՂՀ պետական դրոշները, Մեծամեծն Գարեգին Նժդեհի 3 շիրմատեղերի եւ Նրա մոր շիրմատեղի հողամասունքները»:

Նա պահանջում է 3 120 000 դրամի փոխհատուցում:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Գ.Ղազարյանը տարիներ առաջ իր անձնագրի հետ կապված խնդիր ուներ դատարաններից մեկի հետ: Սակայն իրավաբանների համար նրա հայերենակիրառական պրակտիկան դարձավ իսկական գլուխկոտրուկ: Դատավորը դատարան էր գալիս բառարաններով:
Այս վեճը քննող դատավորը 28 էջից բաղկացած հայցին ծանոթանալիս պետք է հայոց պատմություն իմանա եւ նաեւ կդժվարանա, երբ համոզվի, որ «մեր լեզուն համ ճկուն, համ էլ բարբարոս է»:

«Առավոտ»

10.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք