Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմազավակություն են խթանում, բայց՝ անտուն թողնում (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2017 15:00

Քիշմիրյանների ընտանիքը հողաշեն տնակից էլ կզրկվի

«Ես դուրսն եմ մնալու, վաղ թե ուշ քեռիս տունը ծախելու ա, ու ես վեց անչափահաս երեխաների հետ դուրսն եմ մնալու, օդից կախված»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հարություն Քիշմիրյանը: Քիշմիրյանների բազմազավակ ընտանիքը երկար տարիներ է՝ տուն չունի, բնակվում է Հարությունի քեռուց մնացած մի հողաշեն տանը, որը ոչ միայն որեւէ կենցաղային պայման չունի, այլեւ իրենցն էլ չէ: Քեռին խղճացել է, եւ որպեսզի վեց երեխաները դրսում չհայտնվեն, տանիք է տվել, սակայն այսօր արդեն տունը վերադարձնելու ժամանակն է, բայց ընտանիքը գնալու տեղ չունի: Ընտանիքում ամենաավագը Ռոզան է, որը հորն ու մորը օգնելու համար վարսավիրություն է սովորել, բայց տարիքը փոքր լինելու պատճառով չի կարողանում աշխատել։ Համլետը, Ֆլորան ու Հայկն էլ դպրոց են հաճախում, իսկ փոքրիկ Կատրինն ու Մարին մանկապարտեզի տարիքի են, սակայն չեն հաճախում։ Տունը, որտեղ ապրում են այդ երեխաները, մեղմ ասած, անմարդկային պայմաններով է. մի կողմից՝ առնետներն ու մկներն են վխտում, մյուս կողմից` անձրեւաջրերն են թափվում: Հատակն ու առաստաղն էլ ամեն րոպե քանդվում ու փուլ են գալիս: Քիշմիրյանների բնակարանն ընդամենը 44 քառակուսի մետր մակերես ունի, որտեղ ապրում են 9 հոգով: Երեխաների համար նախատեսված մահճակալները բնակարանի մեջտեղում են դրված, եւ եթե տան բոլոր անդամները տանն են լինում, ապա շարժվելու տարածք չի լինում:


Դեռեւս 2013 թվականին Քիշմիրյանների բազմանդամ ընտանիքը բնակարանով ապահովելու նպատակով դիմել է ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ կառավարություն, Երեւանի քաղաքապետարան, այնտեղից պատասխանել են, որ հերթագրել են։ Առայսօր էլ հերթը չի հասնում. «Երբ դիմում ենք քաղաքապետարան, ասում են` հերթագրել ենք, ու մեր հերթն այդպես էլ չի հասնում: Հեռուստատեսությամբ լսում ենք, որ օրը մեկին բնակարան են տալիս՝ մշակույթի գործիչների, արվեստի մարդկանց, որոնք քիչ թե շատ ապահովված են, բայց բազմանդամ ընտանիքին, որը մեր երկրում, այն էլ այս արտագաղթի պայմաններում, ժողովրդագրական հարց է լուծում, մերժում են, գնացեք` սպասեք»:


Ըստ Հարություն Քիշմիրյանի՝ իրենց ապրելու համար միայն բնակարանն է պակասում, սնվելու, մնացած հարցերը ինքը կարողանում է լուծել. «Փառք Աստծո, ես կարող եմ իմ ընտանիքը պահել, երեխեքս սոված չեն մնում, հիմնական աշխատանք չունեմ, բայց արհեստավոր եմ, մի գործ գտնում անում եմ։ Մեր ծախսերը հոգում ենք թոշակով ու Փարոսով, բայց տեղավորվում ենք, ոչ մի տեղ պարտք չենք, ինչ օգտագործում ենք, բարեխիղճ վճարում ենք, մեր միակ խնդիրը բնակարանն է»:

Նրա խոսքով՝ ձմռանը կինը դիմել է քաղաքապետարան բնակարանի հարցով, ապրիլին պատասխանել են, որ ընտանիքի տվյալները հաշվառել են, սակայն այդ պահին քաղաքապետարանը բնակության համար որեւէ ազատ տարածք չունի։ «Երեւանի տոնի կապակցությամբ բերել են ջեռուցիչ ուղարկել, որ ի՞նչ։ Ես իրենց ասում եմ՝ տեղ չունեմ, որ քնեմ, շարժվեմ, իրենք ջեռուցիչ են նվիրում։ Ես ի՞նչ անեմ էդ ապրանքը։ Անցյալ անգամ, որ «Առավոտ»-ը մեր մասին նյութ էր գրել, սոցապնախարարությունը արձագանքել էր մեզ՝ 3 մահճակալ էին բերել, հինը հանեցի, նորը դրեցի, ի՞նչ փոխվեց, ոչ մի բան»:

Հարությունի մոր` տիկին Ֆլորայի խոսքով էլ՝ «Շենգավիթ» վարչական շրջանի ղեկավարին երբ այս հարցով դիմել են, սկզբում ասել են, որ կարող են Խարբերդում հող տալ. «Մենք հողն ի՞նչ ենք անելու, փող չունենք, որ տուն կառուցենք»: Հետո, երբ կրկին դիմել են թաղապետարան, որ գոնե հանրակացարան ստանան, դեռ պատասխան չեն ստացել. «Համաձայն եմ, թող գոնե երկուսենյականոց բնակարան տան, երեխեքին էնտեղ գրանցեմ, եթե կարան, մարդիկ թող օգնեն ինձ։ Էդ մի լավությունը թող անեն, որ գոնե երեխեքը դուրսը չմնան»։


ԱՐՓԻՆԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ»

10.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930