Լրահոս
Օրվա լրահոսը

«Զիբիլիքսի» գործը հասել է Լոնդոն՝ ԵԽ տարածաշրջանային համաժողով

Նոյեմբեր 11,2017 17:00

Ըստ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Լոնդոնում գտնվող Ռուստամ Մախմուդյանի՝
ՀՀ-ն ընտրական գործընթացներում բավականին առաջ է հարեւան երկրներից:

Նոյեմբերի 8-11-ը Լոնդոնում ընթանում է «Ընտրական գործընթացների ընթացքում վարչական ռեսուրսների չարաշահում. ժողովրդավարական ընտրությունների մարտահրավերները» խորագրով տարածաշրջանային համաժողովը: Լոնդոն մեկնած հայ պատգամավորները՝ ՀՀԿ խմբակցությունից Ռուստամ Մախմուդյանը, Շուշան Սարդարյանը, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը եւ «Ծառուկյան» խմբակցությունից Լուիզա Սարգսյանը լոնդոնյան համաժողովին ներկայացնում են Հայաստանում գոյություն ունեցող խնդիրները եւ փորձում քննարկումների ընթացքում գտնել մեխանիզմներ դրանց լուծման համար:

Ռուստամ Մախմուդյանը «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց՝ եկել է այն եզրահանգման, որ գրեթե բոլոր երկրներում ընտրական գործընթացների հետ կապված խնդիրները նույնն են. «Բոլորի նպատակն է խստացնել օրենսդրությունը, փոխել մտածողությունը եւ լինել ավելի խիզախ քաղաքացի ընտրական գործընթացներում հետեւողականություն դրսեւորելու համար»:

ՀՀԿ-ական պատգամավորը վստահեցրեց՝ ՀՀ-ն թե՛ վարչական, թե՛ քաղաքացիական, թե՛ քրեական օրենսդրությունները տանում է դեպի խստացման: Ըստ նրա՝ քաղաքացիներն ավելի հետեւողական են, ինչի մասին է վկայում նաեւ ընտրությունների արդյունքների բողոքարկման հաճախականությունը: Ռուստամ Մախմուդյանը հավաստիացրեց՝ ընտրական ցուցակներում անճշտությունները զրո են դարձել:

Մեր այն հիշեցմանը՝ այնուամենայնիվ, վերջին ընտրություններին եւս բախվեցինք վարչական ռեսուրսի չարաշահման խնդրի հետ, պարոն Մախմուդյանն արձագանքեց. «Հետեւություն պիտի անենք այն փաստաթղթերից, որ ԵԽ կողմից ներկայացվել են քննարկման: Մեր նոր Ընտրական օրենսգիրքն այժմ այդ խնդիրը լուծում է»:

Հետաքրքրվեցինք՝ շա՞տ ենք զիջում ԵԽ անդամ մյուս երկրներին, պարոն Մախմուդյանը հավաստիացրեց, որ մեր հարեւաններից շատ առաջ ենք. «Իրավական հարցերում մենք ավելի գրագետ ենք՝ համեմատած մեր հարեւան պետությունների հետ: Ունենք մեր առավելությունները: Սակայն ինչ-որ առումով մեր մտածողությունը պետք է փոխենք»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է համաժողովին դրսեւորում իրեն ադրբեջանական պատվիրակությունը: Պարոն Մախմուդյանն ասաց, որ բավականին պասիվ մասսա է. նույնիսկ զարմացել են՝ որքան անտեղյակ են:

Հետաքրքրվեցինք՝ մեր պատվիրակության անդամներն արդեն ելույթով հանդես եկե՞լ են: Մեր այն դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը հավանաբար խնդիրներ է բարձրացրել, պարոն Մախմուդյանն արձագանքեց, թե Նիկոլ Փաշինյանը չէր կարող համաժողովին «Զիբիլիքսի» գործին չանդրադառնալ:

 

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

10.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930