Անփրկության աշխարհ

Անփրկության աշխարհ

…Երբ հորիզոնում անհետացավ հրդեհի ծուխը, հեռու հյուսիսում նորից ուրվագծվեց օվկիանոսի սառը կապույտը. մռայլ, անկենդան ափերը, դեպի հարավ տարածվող անհունորեն ամեհի տունդրան եւ այդ ամենի վրա, որպես փրկության բյուրեղյա շղարշ՝ ճերմակ մամուռը…

Ճերմակ մամուռ, լուսնային ծաղիկ, մտածում էի ու կրկնում ինքս ինձ, ճերմակ եղջերվի փշաքաղված մեջք… Սարսռում են քեզ հպվող մատները, ինչպես սարսռում են եղյամապատ, հին դռանը հպվելիս. ծավալվում է ահա քո արծաթե հանելուկը երկրի վրա ու արեւի տակ՝ օծված տիեզերական զրնգուն փոշիով, հավիտենության երազով հլու:

Ճերմակ մամուռ… Քո լճակների տամուկ աչքերով նայում ես երկինք, տեսնում ես աստղերից այն կողմ անհայտ աշխարհներ եւ որպես ոգի, աստղային ճամփորդ, երազ ես գալիս, պատկերանում ես ապակիներին, որ ձմռան մի ցուրտ, կապույտ առավոտ քեզ հայտնաբերի այդ տան երեխան, ցանկանա շոշափել ու չկարողանա եւ առնչվի հուսահատ փրկության եւ հաստատուն անփրկության աշխարհներին: Հետո հալվում ես ու անէանում, թողնում պատկերդ՝ որպես առեղծված: Եվ որովհետեւ քո պատկերն ապրում է մեր մեջ, մի օր, երբ մենք տղամարդ ենք դառնում, ճամփա ենք ելնում քեզ որոնելու, ինչպես Յասոնը իր Ոսկե գեղմի ետեւից գնաց, որ նրան երջանկություն ու բախտ պիտի բերեր:

Ճերմակ մամուռ, տղամարդու երազանք… Երբ մի օր սեփական տունը նեղ է թվում նրան, մենակությունը կրծում է հոգին, նա ճամփա է ելնում դեպի հեռու ափեր, որ գտնի քեզ, այն ամենը, ինչի համար ծնվել է ինքը: Եվ քեզ՝ իր երջանկությունը փնտրելու ճանապարհին, նա ավաններ ու երկաթուղիներ է կառուցում, ճանապարհներ ու քաղաքներ, որ հետո հոգնած տուն վերադառնա, հույսով, որ ձմռան մի ցուրտ, կապույտ առավոտ քո անվերծանելի պատկերը նորից կտեսնի մանկության կորած պատուհանների ապակիներին…

Ճերմակ մամուռ, արծաթե գեղմ… Ես հիմա մեկ-մեկ հիշում եմ օվկիանոս թափվող Պուր գետի ափին մնացած տղաներին եւ նրանց աչքերում քեզ հասնելու, ունենալու կարոտը…
Ճերմակ մամուռ, լուսնային ծաղիկ… Աստծո ձեռքով ստեղծված անհասցե լռություն, հավերժ մարմրող հիշողություն, որ առկայծում է Հյուսիսափայլի ահեղ, մարդուն անհաղորդ երազի ներքո՝ որպես լուսնի անհաստատ արտացոլանք երկնքի ու մենավոր երկրի միջեւ:

Ճերմակ մամուռ, լուսնային ծաղիկ. ես հիմա ինչպե՞ս քեզ հրաժեշտ տամ, քանզի հեռանալով քեզանից՝ դարձյալ դեպի քեզ եմ գալիս, այսու եւ ընդմիշտ, ինչպես իմ մանկության պատուհանների եղյամապատ ապակիները, որոնք, մի օր հալվելով ու արցունքի պես կաթկթալով, իրենց հետ տարան իմ երազը, ճերմակ, լուսնապարտ երազը դեպի հավերժական անփրկության աշխարհ:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք