Լրահոս
Օրվա լրահոսը

«Դավադրության տեսության» տարատեսակը

Նոյեմբեր 11,2017 10:00
sut

Հայաստանի բնակչության մեծ մասը ոչ մի բանի չի հավատում՝ ոչ լայն՝ փիլիսոփայական իմաստով, ոչ էլ մանր՝ կենցաղային մակարդակում: Օրինակ՝ երբ մեր ֆուտբոլի հավաքականը պարտվում է, ասում են՝ «խաղը ծախել են», երբ հաղթում է, ասում են՝ «խաղը առել են»: Երբ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում ի վնաս ընդդիմության, ասվում է՝ «դե պարզ է, իշխանության խամաճիկներն են, ինչպես Բաղրամյան 26-ից հրահանգեն, այդպես էլ կանեն»: Երբ նույն դատարանը որոշում է ընդունում ի նպաստ ընդդիմության, եզրակացությունը հետեւյալն է՝ «ամեն ինչ խոսացած է, պայմանավորվել են, որ այս մի հարցում ընդդիմությանը զիջեն»: Եթե ընդդիմադիրը դառնում է Ազգային ժողովի պատգամավոր, նրան նույն պահին հռչակում են «իշխանության պրոյեկտ», երբ չի դառնում, ասում են՝ «էդքան դուխ չունեցավ, որ պայքարի մեջ մտնի»: Համընդհանուր «անհավատության» պայմաններում կարելի է մարդկանց «կերցնել» ցանկացած հեքիաթ՝ միայն թե այն համապատասխանի սահմանափակ, քաղքենիական մտածելակերպին՝ «դիփունքս էլ խաբում ինք ու խաբվում ինք»:

Երիտասարդները պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ՝ ամեն ինչ կազմակերպված է «վերեւներից»՝ ուշադրություն շեղելու համար: Բանավեճ է ծավալվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի շուրջ՝ կեղծ օրակարգ է, դիտմամբ են մարդկանց ուշադրությունը սեւեռում այս երկրորդական խնդրի վրա: Ի դեպ, սպասվում է նոր ալիք՝ այս անգամ աղջիկներին պատվաստելու դեմ, քանի որ պատվաստումները նույնպես, պետք է ենթադրել, ուղղակիորեն հարվածում են «հայու գենին», եւ դրա մասին էլ կասվի, որ դա հատուկ ներմուծված խնդիր է, որի մասին խոսվում է ամենակարեւոր խնդիրները կոծկելու նպատակով: Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքը պահպանելու համար՝ դարձյալ «թրոլինգ» է՝ իրականում իշխանությունն ուզում է Ղարաբաղը տա թուրքերին, եւ դա «աննկատ» դարձնելու համար ուրիշ թեմաներ է բարձրացնում:

Այս պարագայում կարեւոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ այս բանավեճերում, կարեւոր է «դավադրության տեսության» յուրահատուկ, հայկական տարատեսակը, ըստ որի՝ բոլորը խաբեբա են, երեսպաշտ են, փարիսեցի են՝ բոլորը, բացի այն անձից, որն այդպես է մտածում:

Բայց եթե ամեն ինչը երկրորդական է եւ անկարեւոր, ապա ի՞նչն է կարեւոր՝ որ երկիրը կործանվում է եւ անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխությո՞ւն: Բայց 25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են այդ դատարկ բանաձեւերը լսելով: Դրանցով հնարավոր չէ հասարակական ուշադրությունը գրավել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Հայի գենը, նույնիսկ եթե այն քերականության օրենքներին հակասում է, չակերտների մեջ վերցնելը նույնն է թե մարդու անուն ազգանունը չակերտների մեջ վերցնես։
    Իսկ այն, որ ժողովուրդը դավադրական տեսություններ է հնարում, պատճառն այն է, որ այդ ժողովրդից ոչինչ էլ կախված չէ, մեր մտավորականությունը ոչ մի կերպ չի ուզում ժողովրդի համար Քաղաքացու օրինակ ծառայի, որ ժողովուրդի ցանկացած ներկայացուցիչ, ով հակասում է Քաղաքացու կերպարին ժողովրդի կողմից ընկալվի որպես ազգի ու պետության դավաճան։

  2. Գեւորգ says:

    Դիտարկումները միանգամայն ճիշտ են: Այդ ամենը կարելի է ձեւակերպել հայտնի առածով՝ «ստախոսի տունը կրակ ընկավ, օգնության չգնացին!» Որպիսզի իրավիճակն արմատապես փոխվի, նախ վերեւիններն իրենք պիտի փոխվեն, որից հետո ներքեւները քիչ – քիչ կսկսեն հավատալ ու իրենք էլ կամաց – կամաց կփոխվեն: Այստեղ սակայն ուրիշ առածներ են աշխատում՝ «Горбатого могила исправит» եւ «աչքը տեսածից է վախենում:» Այսպիսով երեւում է, որ սա շատ երկար ժամանակ պահանջող ու գրեթե անհույս գործնթաց է: Իհարկե, իշխանության անհապաղ տապալումով ու նոր մարդկանց գալով էլ ամեն ինչ չի փոխվի, եւ դեռ հակառակը կարող է լինել՝ «անձրեւից փախանք, կարկուտի տակ ընկանք»!
    «Պյա հի՞ նչ անինք» – կհարցներ ղարաբաղցին: Կփորձեմ ասել, բայց հազիվ թե մեկը ինձ հետ կհամաձայնի: Նախ հիշենք բոլորիս սիրելի ֆիլմի հայտնի խոսքերը՝ «կգնաս ձեռքերդ կլվաս ու մի դիմում կգրես – որպես հաստագլուխ, ծույլ ու անբան հորթապահի, խնդրում եմ ազատել ինձ աշխատանքից!»: Ասելիքս այս է՝ գիտակցելով եւ ընդունելով, որ պատմականորեն ձեւավորված մեր ներկա բարոյա – հոգեբանական արժեհամակարգով մենք ունակ չենք ստեղծելու վերանձնյա եւ ազգօգուտ իշխանություն, ամենաառաջադեմ երկրներից հրավիրում են համապատասխան մարդկանց, մեր ամենաբարձրագույն պաշտոններում աշխատելու եւ մեզ կառավարելու համար: Սա անմիտ հումոր չէ՝ պատմության մեջ կան այսպիսի եզակի օրինակներ, որոնք ցնցող արդյունքներ են տվել: Ես կնշեմ մի երկուսը՝ ռուսները եվրոպայից հրավիրել են Ռյուրիկներին իրենց իշխելու եւ արագ հզորացել են: Իսկ իր բանակը ղեկավարելու համար Պյոտորը հրավիրել է շատ գրագետ սպաների: Նաեւ բազմաթիվ ճարտարապետների ու գիտնականների, եւ այդպես են իրենք պետություն դարձել: ԱՄԷ – ն մի 50 տարվա մեջ դարձել է ամենազարգացած ու ազդեցիկ պետություններից մեկը, անգլիացիներին հրավիրելով իրենց սովորեցնելու եւ երկիրը կառավարելու շնորհիվ: Գլխավոր խնդիրը մեզ համար սակայն նորից հայկական մենթալիտետի մեջ է՝ «արա էս ի՞նչ են ասում !»

  3. Ruben says:

    Հակոբ Սանասարյան «Համակարգված դավադրություն»

  4. samvel says:

    Մանկապարտեզից պետք է սկսել և համալսարանում վերջացնել ագիտատորա-բարոյական քարոզչությունը, իսկ ազատ ամեն ինչի մասին գրելը պետք է գրաքննության ենթարկել, ամեն սև բան չէ, որ Օթելլո է: Թե չէ ամեն մի անգրագետ բանաստեղծություն է գրում ու փնովում, ելույթ ունենում ու փնովում, իբր թե իրենք ավելի գրագետ ու բանիմաց են: Պետք է լիովին կտրել անգրագիտության ճանապարհը դեպի բարձրագույն արժեքներ: Սա է հրամայականը: Եվ այլն…

  5. henri says:

    Յօդուածագիրը հասուն աղուէսի մը ճարպիկութեամբ ներկայացուցած է մեր իրականութիւնը առանց կարծիք յայտնելու -բովանդակութիւնը կը համապատասխանէ մեր ներկայ իրականութեան ,և ժողովուրդը չէ հասած այդ եզրակացութեան իր յանձանքով;Մեր առօրեայ կեանքն ու դէպքերը ցոյց կու տան որ շատ մտածելու կարիք չկայ իմանալու համար թէ ուր կը գտնուի այս չարիքին արմատը;Եթէ բարի կամեցողութիւն ըլլայ կրնայ շուտով դարմանուիլ այլապէս կրնայ դարեր տեւել ;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930