Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Աբգարյանի շնորհանդեսից ոմանք խռոված հեռացան (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 11,2017 16:08

«Բուկինիստը» նախաձեռնել էր Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը՝ Երևանի պետական կամերային թատրոնում: Գիրքը լույս է ընծայվել «Դար» հիմնադրամի ջանքերով:

Ոչ միայն Կամերային թատրոնի դահլիճում, այլեւ նախասրահում ասեղ գցելու տեղ չկար: «Բուկինիստ» գրախանութների ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը զարմանքով փաստեց, որ չի հիշում, որ երբեւէ որեւէ հայ գրողի համար այսքան մարդ հավաքվեր: Ներսում այնքան տոթ էր ու անգամ կանգնելու տեղ չկար, որ Նարինե Աբգարյանը ստիպված առաջարկեց գոնե նախասրահ դուրս գալ՝ հորդորելով առաջինը դահլիճից դուրս հանել երեխաներին: Հեղինակին տեսնելու եկածներից ոմանք դժգոհեցին միջոցառման վայրի նեղվածքի պատճառով ու զայրացած հեռացան: «Ինչ անեմ, նման փորձ չունեինք»,-անընդհատ արդարանում էր «Բուկինիստի» տնօրենը:

Խաչիկ Վարդանյանը ներկայացնելով «Մանյունյան»` ասաց, որ այն պատմություն է մի ամբողջ սերնդի մանկության, Բերդում ծնված երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին. «Այն հասցեագրված է չափահաս մանուկներին և պատմում է այն հերոսական մարդկանց մասին, որոնք ինչ-որ կերպ հաջողացրել են մեծանալ առանց վայֆայի ու համակարգչային խաղերի»: Նա նաեւ թվարկեց Նարինե Աբգարյանը բոլոր գրական հաջողությունները՝ սկսած սոցցանցերում ծնված առաջին վիպակից՝ վերջացրած գրավեց «Մանյունյա» ինքնակենսագրական վեպով: Ի դեպ, 2 տարվա ընթացքում «Մանյունյայի» 200 հազարից ավելի օրինակ է վաճառվել, գիրքը թարգմանվել է տասնյակ լեզուներով:

Գրքի հայերեն թարգմանիչը՝ Նարինե Գիժլարյանը, նույնպես Բերդից է: Նա այնքան հուզված էր, որ չէր կարողանում խոսել, ուստի առաջարկեց գիրքը քննարկել ընթերցելուց հետո: Նրա թարգմանությունը հեղինակը հիանալի է որակել, ասելով, որ ինքն այդպես հայերեն չէր կարող գրել:

«Գրական հայերենս շատ թույլ է, բարբառով էլ խոսեմ, չեք հասկանա, ստիպված պետք է անցնեմ ռուսերենի, կներեք ինձ…»,-ասաց Նարինե Աբգարյանը: Նա նշեց, որ գրքի վաճառքն ուղղվելու է բարեգործության,ինչի համար ինքը երջանիկ է.

«Շնորհակալ եմ Նարինե Գիժլարյանին, նա հիասքանչ է թարգմանել: Ինձ ուկրաինացի ընթերցողները գրում են, որ ուկրաիներեն թարգմանությունը ռուսական տարբերակից լավն է, ես համոզված եմ, որ հայկական տարբերակն ավելի լավն է…»:

Նարինե Աբգարյանի ծնողները նույնպես դահլիճում էին, նա խնդրեց, որ ոտքի կանգնեն, ասելով. «Ծնողներիս հարցում բախտս բերել է, սիրելիներս, առանց ձեզ ես ոչ ոք կլինեի»:

Հավելենք, որ Նարինե Աբգարյանն արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին: 2013թ. մանկական գրականությունում ունեցած ավանդի համար ստացել է BABY-НОС մրցանակը, որը հիմնել է Միխայիլ Պրոխորովի հիմնադրամը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930