Ֆուտբոլային ավելորդ կրքեր

Ֆուտբոլային ավելորդ կրքեր

Հասարակությունը բուռն քննարկում է Հայաստան-Բելառուս ֆուտբոլային հանդիպումը: Կարծես լուրջ կասկածներ կան խաղի անարդար, պայմանավորված (այսինքն՝ ծախած) լինելու մասին: Եվ Հայաստանի հավաքականի՝ արդեն անհույս ձախողումներից հետո տարած հաղթանակը ստվերվեց: Այն, որ մեր ֆուտբոլը և՛ ակումբային, և՛ հավաքականի մակարդակով ճգնաժամի մեջ է, կարծում եմ , նույնիսկ ամենալավատեսներն ու պետականամետ-իշխանամետներն էլ գոնե հոգու խորքում համաձայն են: Համոզված եմ, որ համաձայն են նաև ՀՀ Նախագահը, Վարչապետը, ՀՀ Սպորտի Նախարարը, ՀՀ Օլիմպիական կոմիտեի համապատասխան նախագահը, ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, վերջապես ՀՀ կոալիցիոն կառավարությունը (ՀՀԿ-ՀՅԴ), ՀՀ խորհրդարանական (Ծառուկյան դաշինք, ԵԼՔ դաշինք) և արտախորհրդարանական (ՀԱԿ, ՕԵԿ, Ժառանգություն և այլն ) ընդդիմությունները:

Բոլորը համաձայն են, բայց հիմնարար լուծումներ, բացի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականից, չեն պահանջում: Իսկ հայկական ֆուտբոլի վերելքի ապահովումը բավականին պարզ և այլ բնագավառներում, արդեն փորձված լուծում ունի: Հիշենք, թե Հայաստանում որքան շատ էին տեղի ունենում ճանապարհա-տրանսպորտային վթարների հետևանքով մարդկային զոհեր: Շատերը միամտաբար կարծում էին, որ պատճառը կոռուպցիան էր, այն է ճանապարհների քարուքանդ վիճակը, վարորդների անպատասխանատվությունը: Սակայն, երբ Հայաստանի ճանապարհներին տեղադրվեցին մեծ խաչեր, մեքենաների հայելիներից կախվեցին օրհնած խաչիկներ և վարորդները եկեղեցի տեսնելուն պես սկսեցին խաչակնքվել, ճանապարհները դարձան անվտանգ և վթարները վերացան: Հիշենք, թե ինչ ողբալի էր Հայաստանի գյուղատնտեսության վիճակը՝ երաշտ, ցրտահարություն,վարկերի պարտքի հետևանքով գյուղացիների սնանկացում և այլն:

Գյուղնախարարի և հոգևորականների պարբերաբար անցկացվող աղոթքների շնորհիվ այսօր ունենք, թերևս, աշխարհում ամենազարգացած գյուղատնտեսությունն ու բարգավաճող գյուղեր: Հիշենք, թե ինչպիսի ողբալի վիճակում էր հայտնվել մեր կրթությունը. համատարած անգրագիտություն, դպրոցները փակվում էին: Եվ երբ կրթական ծրագրում մտցվեց Հայ եկեղեցու պատմություն և Քրիստոնեական դաստիարակություն առարկաները, Հայաստանի կրթությունը թռիչքաձև վերելք արձանագրեց, դպրոցական տեղերը չեն բավականացնում ուսման տենչով տոգորված երեխաների համար և այսօր Հայաստանի կրթական համակարգը համարվում է աշխարհի լավագույններից:

Հիշենք, երբ մեր հակառակորդը միլիարդավոր դոլարների զենք էր գնում, մենք դրան հակադրեցինք հայկական զինված ուժերում հոգևոր ծառայությունը, որի արդյունքում վերացան ոչ կանոնադրական հարաբերությունները, ինչպես նաև բանակից խուսափելը և բանակն առավել մարտունակ դարձավ: Եվ վերջապես, ամեն բնակավայրում եկեղեցի կառուցելով՝ դադարեցվեց արտագաղթը և սկսվեց ներգաղթ…

Արդ, ինչու այս փորձը չներդնել հայկական ֆուտբոլում: Կարծում եմ, որպես առաջին քայլ, պետք է համաձայնագիր կնքվի Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի միջև:

Համաձայնագիրը պետք է ունենա հետևյալ հոդվածները.

-հիմնադրվում է առանձին Հայաստանի ֆուտբոլի թեմ

– Հայաստանի բոլոր ֆուտբոլային ակումբների տարածքում կառուցվում են մատուռներ, և ակումբներն ունենում են իրենց կցված քահանա: Մարզադաշտերում տեղադրվում է մեծ խաչ: Մանկապատանեկան ֆուտբոլային դպրոցների սաները մկրտվում են մատուռում, որպես պարտադիր առարկա անցնում են Քրիստոնեական դաստիարակություն առարկան: Բոլոր ֆուտբոլիստները խաղից առաջ աղոթում են և խաչ համբուրում:

– Ֆեդերացիայի թեմը գլխավորում է բարձրաստիճան հոգևոր սպասավոր՝ Սրբազան, որն էլ պատասխանատու է հավաքականի հոգևոր դաստիարակության համար: Հանրապետական և Հրազդան մարզադաշտերի տարածքներում կառուցվում են մեծ եկեղեցիներ: Հավաքականի անդամների, մարզիչների մկրտությունն իրականացնում է անձամբ Սրբազանը: Նա նաև հետևում է, որ հանկարծ հայկական ֆուտբոլ չներթափանցեն զանազան աղանդավորներ և անհավատներ (ով առաքելական չի՝ հայ չի): Արդեն իսկ հավաքականից հեռացվում են աղանդավորները՝ Մարկոս Պիզելլի. Արազ Օսբիլիս և այլք, եթե կան:

Համոզված եմ՝ այս քայլերն անելուց հետո արդեն երկու տարուց հետո մեր ակումբները կնվաճեն բոլոր եվրոպական գավաթները, և ինչու ոչ, նաև հավաքականը կդառնա ինչպես Եվրոպայի, այնպես էլ Աշխարհի չեմպիոն:

Հ.Գ. Հաջորդ փուլով առաջարկում եմ մշակել ազգ-ֆուտբոլ հայեցակարգ:

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք