Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակը՝ Հայաստանում

Նոյեմբեր 11,2017 19:50

«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա 9 գրեմմիների մրցանակակիր, աշխարհահռչակ «Էմերսոն» լարային քառյակի համերգը:

Համերգին ընդառաջ «Արամ Խաչատրյան» համերգասրահի շքասրահում տեղի ունեցավ խմբի մամուլի ասուլիսը:

Փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքերով՝ այս համերգը մշակույթի համար պատմական օր է. «Երկար տարիներ աշխատեցինք քառյակին հրավիրելու համար: Նրանք դասական երաժշտության բարձրագույն կետերից են: Ուրախ եմ, որ փառատոնը այս բարձունքը ևս գրավեց»:

Երաժիշտները խոսեցին 20-րդ դարի անվանի հայ ջութակահար Իվան Ղալամյանի մասին՝ համարելով նրան դարի տաղանդավոր և ֆանտաստիկ ջութակահարներից մեկը: Փոլ Վոտկինսը (Paul Watkins) նշեց, որ սովորել է նրա օգնականներից մեկի մոտ: «Ղալամյանը ջութակի միջոցով ստեղծեց այն, ինչ մենք ունենք այժմ: Նա իսկապես ջութակի ամենաազդեցիկ ուսուցիչներից մեկն է»,-նշեց երաժիշտը:

Լավրենս Դատտոն (Lawrence Dutton) էլ նշեց, որ ծանոթ են նաև հայ արմատներով օտարերկրյա սփյուռքահայ երաժիշտներին:

Խումբը Երևան է ժամանել առավոտյան 5-ին, իսկ անդամներից երկուսը համերգից անմիջապես հետո պետք է ետ վերադառնան: Այնուամենայնիվ խումբը շատ երկար է պատրաստվել այցին և ճշտել Հայաստանի և նրա մշակույթի մասին շատ բաներ: «Մոտավոր գիտեինք Հայաստանի մասին, բայց մինչ գալը քարտեզի վրա կոնկրետ նշել ենք վայրը: Այժմ գիտենք, որ այն քրիստոնեական երկիր է, ունի հին պատմություն, տարբերվող մշակույթ, նաև այն, որ Հայաստանի գիրն ու ձեռագրերը էապես տարբերվում են այլ երկրներից»,- նշեց ջութակահար Յուջին Դրաքերը (Eugene Drucker):

Ասուլիսին հետևեց խմբի վերջին փորձը, իսկ համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում:

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930