Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան 25 տարեկան է (ֆոտոշարք)

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան 25 տարեկան է (ֆոտոշարք)

«Դինամո» ՄՀԿ մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված մարտարվեստների փառատոն, որին մասնակցեցին «Մարտարվեստների դաշինք» միության անդամ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի, Կիոկուշին կա կարատեի, Այկիկենդո կարատեի,  Ավանդական կարատե «Կենտրոնի, Այկիդո Այկիկայի եւ Վին չունի մարզիկները, իսկ փառատոնն իրենց կատարումներով եզրափակեցին ֆեդերացիաների նախագահները:

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը ներկաներին համառոտ ներկայացրեց անցած ճանապարհը, խոսեց 25 տարիների ընթացքում հաղթահարած դժվարություններից, երբ սկզբնական շրջանում իրենց սպառնում էին նաեւ փախստական դարձնել, արհեստական արգելքների եւ նվաճումների մասին:

«Մեր ֆեդերացիան ստեղծման առաջին իսկ օրից ակտիվորեն տարբեր միջոցառումներ է կազմակերպում ինչպես Երեւանում, այնպես էլ մարզերում ու սահմանամերձ գոտիներում: Այսօր, բարեբախտաբար, ամեն բան նորմալ է: Մենք մեզ սկսեցինք երջանիկ զգալ մարզական մի այնպիսի մեծ ընտանիքում, որտեղ գնահատվում ենք: Դա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է նախարար Հրաչյա Ռոստոմյանի գլխավորությամբ: Մենք մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում նախարարությանը: Մեր ֆեդերացիան 1997 թվականից ճանաչել է նաեւ ՀԱՕԿ-ը, որից հետո նույն տարում անդամագրվեցինք միջազգային ֆեդերացիային, իսկ 1998-ին դարձանք նաեւ եվրոպական ֆեդերացիայի անդամ», – ասաց ֆեդերացիայի նախագահը:

Տիգրան Չոբանյանը ֆեդերացիայի երախտավորներին, մարզիչներին ու մրցավարներին, իրենց աջակիցներին պարգեւատրեց պատվոգրերով, գործընկեր ֆեդերացիաների նախագահներին՝ նաեւ գավաթներով, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանին՝ խորհրդանշական սրով:

Հանդիսավոր արարողությունից հետո ֆեդերացիաների սաները հանդես եկան ցուցադրական ելույթներով, իսկ վերջում ֆեդերացիաների նախագահ սենսեյները հանդիսականին ներկայացրին իրենց վարպետությունը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք