Նոյեմբերի 10-ին Նոյեմբերյան քաղաքում, գործարար Սամվել Գասպարյանին պատկանող ընդարձակ սրահում օրգանական եւ բնական մթերքների ցուցահանդես-վաճառք էր, որը կայացավ Եվրոպական Միության եւ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: Միջոցառումը նախաձեռնել էր Նոյեմբերյանի «Վերելք» հասարակական կազմակերպությունը, այն կայացավ Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ:
Ելույթ ունեցան, օրգանական եւ բնական մթերքների դերը կարեւորեցին Նոյեմբերյանի համայնքի ղեկավարի օգնական Արմեն Ամիրաղյանը, Նոյեմբերյան քաղաքից մեղվաբույծ Գառնիկ Գուլքանյանը:
Ցուցահանդես-վաճառքում ներկայացած էին Նոյեմբերյանի տարածաշրջանի տարատեսակ բարիքները՝ մեղր, մեղրի գինի, մեղրի օղի, մրգեր, չրեր, պահածոներ եւ այլն: Սահմանամերձ Կոթիից ներկայացված էին գյուղում աճեցված մրգերը, շոգեխաշված մսի պահածոներ:
Միջոցառումն ուներ մշակութային մաս. Նոյեմբերյանի համայնքի մշակույթի կենտրոնը ներկայացրեց համերգային ծրագիր, որի ընթացքում երեխաները ներկայացրին երգ ու պար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ