Առողջ ապրելակերպի եւ զբոսաշրջության համակարգված ծրագրերի կազմման առաջին քայլ

Առողջ ապրելակերպի եւ զբոսաշրջության համակարգված ծրագրերի կազմման առաջին քայլ

Այսօր կայացած առողջ ապրելակերպի մասսայականացմանն ու սպորտային տուրիզմի զարգացմանը նվիրված անդրանիկ համաժողովին մասնակցեցին ոլորտում ակտիվ գործող եւ աջակցող քսան պետական եւ հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեության ընթացքում նաեւ հանդիպում են օբյեկտիվ կամ արհեստական խոչընդոտների: Այս հավաքը կատարած աշխատանքները եւ առաջարկները ներկայացնելու լավ հնարավորություն էր նրանց համար:

Համաժողովի նպատակն է՝ սիրողական սպորտի եւ ոչ օլիմպիական մարզաձեւերի կառույցներն եւ ակումբները համախմբել մեկ ընդհանուր գաղափարի շուրջ եւ ստեղծել զարգացման միասնական ծրագիր:

Հայաստանի բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը հայտարարեց. «Ողջունում եմ համաժողովի մասնակիցներին, որոնք այս կամ այն չափով ներգրավված են սպորտի եւ առողջ ապրելակերպի ոլորտում: Այսօրվա խնդիրն է՝ միասին լինելով համախմբված այն դարձնել ավելի մասսայական եւ տարածել լայն մասսաների մեջ: Ուզում եմ հիմա խոսել բնապահպանության, պատմամշակութային արժեքների տեսանկյունից: Բնապահպանությունը մեկ գերատեսչության կամ միայն պետական քաղաքականության արդյունքով չի կարող լինել պաշտպանված, վտանգները՝ կանխարգելված: Հարկավոր է, որ յուրաքանչյուրն իր վրա զգա պատասխանատվություն՝ խնդիրները կանխելու, մեղմացնելու, բացառելու ու նաեւ հետեւանքները վերացնելու առումով: Ձեր մասնակցությունը ես նաեւ շրջակա միջավայրի պահպանության տեսակից եմ շատ կարեւորում: Ուզում եմ նաեւ փոխանցել բնապահպանության նախարարիր ողջույնը»:

Հայաստանի տուրիզմի եւ զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը նշեց. «Ողջունում եմ համաժողովի կազմակերպիչներին եւ ներկաներին: Այն, ինչ անում եք դուք, ապացուցում է, որ տուրիզմը միայն զբոսնել չէ, միայն շրջել չէ: Տուրիզմը շատ ավելի ծանրակշիռ ու բազմակողմանի հասկացություն, առողջ ապրելակերպի ցանկություն է: Այս քայլերով մենք փոխում ենք մեր երկրի դիմագիծը, վարկանիշը աշխարհի առջեւ: Մենք նույնպես չափազանց կարեւորում ենք այսպիսի քաղաքացիական շարժումները: Վստահ եմ, որ բոլորիս համատեղ աշխատանքը կտա իր արդյունքը»:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը նշեց, որ իրենք պատրաստ են աջակցել համաժողովի կայացրած առաջարկների իրականացմանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք