Պատերազմ, թե խաղաղություն. անլրջանալու պահերը

Պատերազմ, թե խաղաղություն. անլրջանալու պահերը

Ազգային ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ՀԱԿ դաշինքն ակնհայտ պարտություն կրեց, և շատերն են համոզված, որ ՀԱԿ-ի պարտության հիմնական ու գլխավոր պատճառն այն էր, որ դաշինքն իր նախընտրական քարոզչության հիմնական շեշտը դրել էր խաղաղության գաղափարախոսության վրա:

Նախընտրական շրջանում ՀԱԿ-ն էլ, ինչպես մյուսները, հաջողությամբ կարող էր շրջանցել Ղարաբաղյան հակամարտության թեման, հատկապես խաղաղության ու փոխզիջումների թեման, բայց ՀԱԿ-ը, փաստորեն, ի տարբերություն մյուսների՝ չգնաց ձայներ կորզելու ճանապարհով. ընդհակառակը՝ ՀԱԿ-ն ընտրեց ձայներ կորցնելու ճանապարհը և, փաստորեն, գիտակցված ինքնազոհաբերության գնաց: Ասում եմ՝ գիտակցված ինքնազոհաբերություն, բայց նաև մտածում եմ, որ ՀԱԿ-ը թաքուն հույսեր ուներ, որ ընտրողներն, այնուամենայնիվ, այս անգամ ըմբռնումով կմոտենան:
Գոնե նրանք, ովքեր իսկապես հասկանում են խաղաղության արժեքն ու կարևորությունը: Մեր շարքերում իսկապես կան այդպիսիք, ընդ որում ՝ քիչ չեն, բայց, փաստորեն, նրանք էլ ՀԱԿ-ին ձայն չտվեցին:

Ընտրությունների թեման անցած ու հնացած թեմա է, ճիշտ է, բայց պատերազմի ու խաղաղության թեմաները հավերժական են: Մանավանդ՝ հայերիս համար: Մենք շատ ենք դժգոհում մեր աշխարհագրական դիրքից, որը, փաստորեն, պատճառ է դարձել, որ մասնակիցը դառնանք վերջին երկու համաշխարհային պատերազմների: Այնպես որ, հայերս պատերազմների արհավիրքների միջով անցած ժողովուրդ ենք և խաղաղության գինը շատ լավ գիտենք:

Պատերազմներ շատ ենք տեսել, բայց մեր երկարամյա պատմության ընթացքում երբևէ պատերազմի հրձիգ ու նախաձեռնող չենք եղել: Պատերազմի հրձիգ ու նախաձեռնող չենք եղել, բայց երբեք պատերազմի հրձիգների ու նախաձեռնողների առաջ չենք խեղճացել: Չենք խեղճացել, բայց միշտ ձգտել ենք խաղաղության, որովհետև աշխատող ու աշխատավոր ժողովուրդ ենք և երբևէ ուրիշների վաստակի վրա աչք չենք դրել:

Հիմա էլ ենք, փաստորեն, մեզ պարտադրված պատերազմի մեջ գտնվում: Հիմա էլ ենք մեզ պարտադրված պատերազմը արժանապատվորեն կրում: Արժանապատվորեն ու հերոսաբար: Ապրիլյան քառօրյա պատերազմն էլ էր դրա ապացույցը: Ապրիլյան քառօրյան ապացույց էր, որ փառահեղ ու հրաշալի նոր սերունդ ունենք: Իրենց հայրերին ու պապերին արժանի: Նրանք, ովքեր նոր սերնդի մասին հեգնանքով ու քամահրանքով են խոսում, թող այդ օրերը հիշեն:

Նոր սերնդի շնորհիվ է, որ երբեմն-երբեմն մեծախոս ու պոռոտախոս ենք դառնում: Ասում ենք՝ որ պետք լինի, Բաքուն էլ կգրավենք: Կիրովաբադն էլ: Եվ այլն: Հետաքրքիրն այն է, որ նրանք, ովքեր մասնակցել են պատերազմին, երբեք մեծ-մեծ չեն խոսում: Երբեք չեն ասում՝ Բաքուն էլ կգրավենք: Որովհետև գիտեն, որ գրավողն անձամբ իրենք են: Բաքուն գրավելուց ավելի շատ խոսում են նրանք, ովքեր պատերազմից ու ռազմաճակատից հնարավորինս հեռու են գտնվել ու գտնվում: Ու նաև իրենց որդիներին են հնարավորինս հեռու պահել: Ամենից ավելի հենց էդ մարդիկ են ասում՝ «ոչ մի թիզ հող»: Հրապարակավ «ոչ մի թիզ հող» են ասում, բայց պատերի տակ լավ էլ խաղաղասեր ու խաղաղարար են, ավելի խաղաղասեր, քան նույնիսկ ՀԱԿ-ը: Պատերի տակ փնթփնթում ու քչփչալով ասում են մոտավորապես այն, ինչ ասում էր Տեր-Պետրոսյանը Սերգո Երիցյանին: «Քանի էս պատերազմը չի վերջացել, լավ չենք ապրելու»: Իրականում էս են ասում ու էսպես են մտածում, բայց՝ ցածրաձայն, էնպես, որ հանկարծ կողքից որևէ կողմնակի մեկը չլսի: Էսպես, ցածրաձայն ՀԱԿ-ի ու Տեր-Պետրոսյանի ասածն են, փաստորեն, կրկնում, իսկ բարձրաձայն հակադրվում ու պախարակում են նույն ՀԱԿ-ին ու Տեր-Պետրոսյանին: Բարձրաձայն, ինչքան թոքերում ուժ ունեն, գոռում են՝ «ոչ մի թիզ հող»: Գոռում են ու հայրենասեր են ներկայանում: ՀԱԿ-ի, Տեր-Պետրոսյանի և ուրիշների հաշվին: Նույնիսկ կռվածների ու կռվողների հաշվին: Լավ է, չէ՞:

Իրենց ու իրենց զավակներին մշտապես հեռու պահել ու հեռու են պահում պատերազմի դաշտից ու պատերազմական իրադարձություններից և ուրիշներին կռվի ու կռիվը շարունակելու կոչեր են անում: Որովհետև իրենք իսկապես ուրիշ են: Քիչ ասացի: Իրենք ոչ միայն հակառակվել ու ընտրությունների ժամանակ ջնջել են ՀԱԿ-ին, այլև իրենք են ընտրվել ու պատգամավոր դարձել:

Մեծախոսությունն ու գոռոզամտությունը պատիվ չի բերում որևէ մեկին: Իսկ եթե ուրիշի շնորհիվ և ուրիշի հաշվին ես մեծամտանում ու գոռոզանում, առավել ևս պատիվ չի բերում: Առավել ևս, երբ դա վերաբերում է Ղարաբաղյան հարցին:

Ղարաբաղյան հարցը, փաստորեն, համաշխարհային մասշտաբով հայոց այցեքարտն է: Եթե Արցախի հարցն այսօրվա դրությամբ միջազգային ճանաչման է հասել, դա ոչ միայն մեր հերոսության ու հերոսականության շնորհիվ է, այլև մեր խաղաղասիրության: Մեր խաղաղասիրության շնորհիվ է, որ Մինսկի խմբի գոյությունը առանձնապես չի խանգարում ու չի նյարդայնացնում մեզ: Մինչդեռ ադրբեջանցիներին ավելի քան նյարդայնացնում է: Որովհետև խաղաղասիրությունը հաղթողին ու հաղթածին է հատուկ ու սազական: Իսկ ագրեսիվությունն ու մեծախոսությունը՝ պարտվածին:

Այնպես որ՝ ավելի շատ մեծախոսությունից, ագրեսիվությունից ու անհամեստությունից է պետք ամաչել, քան համեստությունից ու խաղաղասիրությունից:

Երբ Շուշին ազատագրեցինք, Տեր-Պետրոսյանն Իրանում էր: Տեր-Պետրոսյանին չսիրողներն ասում են, որ առաջին նախագահն անտեղյակ էր, որ այդ օրը Շուշին պետք է ազատագրվի: Ես այդ վարկածին չեմ հավատում:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

11.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք