Ոչ մի ազատ տեղ Գյումրու հյուրանոցներում․ Տիգրան Համասյանին ունկնդրելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Ոչ մի ազատ տեղ Գյումրու հյուրանոցներում․ Տիգրան Համասյանին ունկնդրելու էին եկել աշխարհի տարբեր ծայրերից (Տեսանյութ, ֆոտոշարք)

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում այսօր տեղի ունեցավ աշխարհահռչակ գյումրեցի դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը, որը բարեգործական էր. ողջ հասույթը փոխանցվելու է Գյումրու թատրոնի աջակցման հիմնադրամին՝ անօթևան դերասանների համար բնակարան ձեռք բերելու։ Ինչպես տեղեկացրեց Գյումրու թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, Տիգրան Համասյանը, լսելով հիմնադրամի ստեղծման մասին, առաջիններից մեկն է եղել, որն անմիջապես արձագանքել է՝ համաձայնելով բարեգործական համերգ տալ։ Տիգրան Վիրաբյանը նաև նշեց, որ 15 օր առաջ սպառվել են համերգի տոմսերը, հանդիսատեսի 50 տոկոսը եկել է Հայաստանի տարբեր քաղաքներից ու արտերկրից։

«Եթե դուք ուզում եք հասկանալ, թե ինչքան մեծ է հետաքրքրությունն այս համերգի նկատմամբ, պիտի փորձենք այսօր Գյումրիի հյուրանոցներում գտնել տեղեր։ Զանգենք ցանկացած հյուրանոց ու հարցնենք՝ ունե՞ք այսօր մնալու տեղեր։ Բնականաբար ձեզ կպատասխանեն՝ ոչ, որովհետև հանդիսատեսի 50 տոկոսից ավելին գյումրեցիներ չեն, ապրում են տարբեր քաղաքներում՝ Վանաձորում, Երևանում, հյուրեր ունենք Վրաստանից, մարդիկ կան, որոնք տոմսեր են պատվիրել Իրանից։ Մի խոսքով, այս համերգը ոչ միայն օգուտ է Գյումրու դրամատիկական թատրոնին, այլ, այսպես ասած, տուրիզմի մասով իր անելիքն անում է, և մենք ինքներս չենք կարողանում Գյումրու հյուրանոցներում մեր հյուրերի համար տեղ պատվիրել»,- ասաց Տիգրան Վիրաբյանը։

Տոմսերի գինը սկսվել է 3 հազար դրամից, հասել մինչև 7 հազար դրամ, տոմսերի ուղիղ կեսը սպառվել է Գյումրիում, կեսը՝ հանրապետության տարբեր քաղաքներում ու հանրապետությունից դուրս։ Տիգրան Վիրաբյանի ասելով, առաջինը սպառվել են թանկ տոմսերը։

«Պիտի մի համեմատական անեմ, երբ 10 տարի առաջ Գյումրիում Տիգրան Համասյանի համերգն էր, մենք շատ դժվարությամբ էինք կարողանում տոմսեր վաճառել համերգի, և հիմա 10 տարի հետո մենք նույն ստեղծագործողին հանդիպում ենք Գյումրիում և տեսնում ենք, որ մարդիկ ուղղակի չեն կարողանում գտնել տոմսեր։ Սա խոսում է այն մասին, որ սերունդ է փոխվել, սա խոսում է այն մասին, որ հանդիսատեսի պահանջներ են փոխվել, սա խոսում է այն մասին, որ բարձրակարգ միջոցառումները, բարձրակարգ համերգային ծրագրային ներկայացումները եկել են գրավելու այն տեղը, որը երկար ժամանակ, կներեք, գրավում էր աղբը»,-ասաց Տիգրան Վիրաբյանը։

Վերջինիս փաստմամբ, իրենք Երևանից վարձակալել են բարձրակարգ, թանկ մակնիշի դաշնամուր,  որպեսզի համերգը ոչնչով չզիջի մայրաքաղաքային համերգներին։

Թատրոնի դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, մինչ թատրոնի շենք մտնելը Գյումրի եկած հյուրերը լուսանկարվում էին թատրոնի շենքի մոտ, Ավետիք Իսահակյանի արձանի ֆոնին։ Տիգրան Համասյանի համերգը իր ընտանիքով՝ կնոջ՝ տիկին Արմինեի, որդու՝ Կարինի ու գեղանկարիչ Արթուր Սարգսյանի հետ վայելելու էր եկել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա մեզ հետ զրույցում ասաց. «Եկել եմ հարազատ Գյումրի՝ վայելելու Տիգրանին, որը ազգային արժեք է, ներկայացնում է Գյումրին և Հայաստանը արտաքին բեմերում և միջազգային շեշտերը բերում է տուն՝ Գյումրի։  Տիգրանն առանձնանում է նրանով, որ ինքը ոչ միայն չի մոռանում սեփական արմատները, այլ ինքը հասկանում է , որ Գյումրին ապրող, շնչող քաղաք է։ Շիրակն այն մարզն է, որն արդիականացման կարիք ունի, և ինքը միշտ իր քաղաքի, իր մարզի և մեր հանրապետության կողքին է։ Եվ ինչքան էլ ինքն աստղ լինի համաշխարհային բեմում, այդ արմատը շատ ուժեղ է իր մոտ և այդ պարկեշտությունն է, համեստությունն է, որ իրեն շատ սիրելի է դարձնում»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա ասաց, որ Տիգրան Համասյանին լսել է միջազգային բեմերում, մայրաքաղաքում, սակայն  երբևէ չէր հանդիպել hայրաքաղաք Գյումրիում։

Թե ինչպես էր հանդիսատեսը երկրպագում Տիգրան Համասյանին, դժվար է բառերով արտահայտելը․ ամեն մի կատարում ավարտվում էր երկարատև ծափահարություններով, «Բռավո՜, բռավո՜» բացականչություններով, ոտքի կանգնելով։

Տիգրան Համասյանը Գյումրիում ներկայացրեց նաև նոր ստեղծագործություններ։ Փետրվարին լույս  է տեսնելու նոր ձայնասկավառակ, որը կոչվելու է «For Gyumri»՝ «Գյումրու համար»։ Տիգրան Համասյանը կատարեց երկու ստեղծագործություն այդ ձայնասկավառակից, մեկը կոչվում էր «Արագած», մյուսը՝ «Ինքնանկար»։

Երբ Տիգրան Համասյանը «Լեննական» ստեղծագործությամբ ավարտում էր համերգը, դահլիճում նստածները մի մարդու պես ոտքի կանգնեցին ու երկար ծափահարություններով պահանջեցին ևս մեկ կատարում, որից հետո նոր միայն համաձայնեցին, որ նա լքի բեմը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուի Արթին says:

    Հազվադեպ է կարդալ ուրախալի եվ հպարտություն պատճառող նյութեր Facebook ով
    Կուզեմ երախտապարտությունս հայտնել սույն նյութը զետեղողին եվ Հեղինակին
    Փառք եվ պատիվ Գյումրեցիներուն որոնք միշտ կփայլին տարբեր բնագավարներու մեջ

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք