Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուս-անգլերեն բառարանը (պատմվածք)

Նոյեմբեր 12,2017 17:15

Խորհրդային տարիներին գրեթե բոլոր ձեռնարկություններում պաշտոնատար որոշակի անձինք պետք է ունենային մուտքի իրավունք (դոպուսկ) գաղտնի փաստաթղթերի և սարքավորումների  հետ առնչվելու համար: Միևնույն ժամանակ ցանկալի չէր, որ այդպիսի մարդիկ շփում ունենային արտասահմանցիների հետ, ովքեր ժամանում էին մեր երկիր տարբեր առիթներով:

Այդպիսի պաշտոնյաներից մեկն էլ Փայլակ Փայասլյանն էր, որը, աշխատելով մի քանի ձեռնարկություններում, պարտադիր կերպով ունենում էր այդ մուտքի իրավունքը, որը բավականին կաշկանդում էր նրա ազատ շփվելու իրավունքը արտասահմանցիների հետ, որոնք այնքան էլ շատ չէին այցելում մեր երկիր:

Բայց պատահեց այնպես, որ մի անգամ, երբ Փայլակը կնոջ հետ հանգստանում և բուժվում էր Կիսլովոդսկ քաղաքի առողջարաններից մեկում, դուրս էր եկել զբոսանքի և բանուկ փողոցներից մեկի գրախանութի դռների մոտ նկատեց աշխույժ իրարանցում ու հետաքրքրությունից դրդված,  մոտեցավ հերթում կանգնածներից մեկին՝ իմանալու համար թե, ինչ է տեղի ունենում այնտեղ. գուցե բացառիկ գիրք կամ գրենական պիտույք են վաճառում: Եվ չսխալվեց:

Գրախանութում տեղի ունեցող իրարանցումը պրոֆեսոր Վ. Կ. Մյուլլերի կազմած 70 000  բառ և արտահայտություն պարունակող Ռուս-Անգլերեն հաստափոր բառարանի համար էր: Իսկ քանի որ այդպիսի բառարաններ Երևանում հազվադեպ կարող էին հանդիպել և այն էլ «տակից» կվաճառեին միայն իրենց ծանոթներին, ուստի Փայլակը չուզեց պատեհ առիթը բաց թողնել և անմիջապես հերթի կանգնեց: Երբ հերթը հասավ իրեն, վճարեց անհրաժեշտ գումարը դրամարկղում, վաճառողին ներկայացրեց անդորրագիրը, վերցրեց ցանկալի գիրքը և արագ դուրս եկավ գրախանութից:

Կինը՝ Փեփրոնը, իհարկե մի քիչ նեղսրտեց, որ այդքան ժամանակ կորցրին, ընդամենը մեկ գիրք գնելու համար, բայց ըմբռնումով մոտեցավ Փայլակի գործարքին, քանի որ գիտեր, որ ամուսինը այցելում է անգլերեն դասընթացների՝ ասպիրանտական մինիմումները հանձնելու նպատակով:

Բառարանը բավականին ծանր էր, դե յոթանասուն հազար բառերը և արտահայտությունները այնտեղ տեղավորելը հեշտ բան չէր ու նաև ձեռքում բռնելը կամ թեևատակին դնելը այնքան էլ դյուրին գործ չէր:

Իսկ քանի որ այն ժամանակներում ցելոֆանե տոպրակներ չկային առևտրաշրջանառության մեջ և հարգի էին հաստ թելերով գործած ցանցազամբյուղները, ապա Փայլակին մնում էր մի այդպիսի ցանցազամբյուղ ճարել կամ որևէ խանութից այն ձեռք բերել:

Բարեբախտաբար, այդպիսի ցանցազամբյուղ գտնվեց կնոջ պայուսակում և Փայլակը բառարանը  դնելով ցանցազամբյուղի մեջ՝ կախ գցեց ձեռքից ու հպարտորեն շարունակեց ընդհատված զբոսանքը:

Դանդաղ ճեմելով և զրուցելով, ամուսինները դուրս եկան հատուկ նպատակներով ստեղծված ճեմուղի և շարունակեցին իրենց զբոսանքը:

Եվ հանկարծ, իրենց հետևում Փայլակը լսում է անգլերեն խոսակցություն.

-Երևի ուսանող է, որ այդպիսի բառարան է գնել,-ասում էր ընկերը իր ուղեկցին:

Իսկ քանի որ բառարանի վրա ռուսերեն տառերով գրված АНГЛО-РУССКИЙ СЛОВАРЬ գրությունից բացի, գրված էր նաև նրա անգլերեն թարգմանությունը (ENGLISH RUSSIAN DICTONARY), ուստի երկու բարձրահասակ տղամարդիկ, որոնք, ինչպես հետո պարզվեց ԱՄՆ-ից էին, հասցրել էին ցանցազամբյուղի մեջ գտնվող բառարանի կազմի վրայից կարդալ նրա անվանումը:

Սակայն այս բարձրահասակ տղամարդիկ ոչ միայն կարդացել էին բառարանի վրայի գրությունը, այլև ցանկություն հայտնեցին զրուցելու Փայլակի հետ՝ կարծելով, թե նրանից որոշակի տեղեկատվություն կստանան իրենց հետաքրքրող հարցերի շուրջ:

Երբ նրանք դանդաղ քայլելով հավասարվեցին ճեմող զույգին, նրանցից մեկը դիմելով Փայլակին հարցրեց.

-Դու խոսում ե՞ս անգլերեն (Youspeake English?):

Դե, Փայլակն էլ հո այդպես լավ չգիտեր անգլերեն, որ նրան ինչպես հարկն է ճիշտ պատասխաներ, քանի որ դպրոցում գերմաներեն էին ուսումնասիրել, որն արդեն մոռացել էր դպրոցն ավարտելուց շատ տարիներ անց, իսկ անգլերեն դասընթացների նոր էր սկսել հաճախել ու հարմար բառ չգտնելով, արտաբերեց.

-Մի փոքր (a little):

Ու այդ պահից էլ սկսվեց  Փայլակի տառապանքները: Այս տղամարդիկ, մեկը մյուսին ընդմիջելով, զանազան հարցեր էին տալիս, որին Փայլակը դժվարությամբ էր բառեր գտնում պատասխանելու: Նույնիսկ երկու անգամ դիմեց բառարանի օգնությանը:

Բայց ամերիկացիները բարի գտնվեցին և երևի խղճալով Փայլակին, շուտով հրաժեշտ տվին նրանց: Հրաժեշտից առաջ, տղամարդկանցից ավելի բարձրահասակը Փայլակին պարզեց ինչ-որ կոշտ թղթի քառանկյուն կտոր, որը Փայլակը վախվորած, արագ վերցրեց նրա ձեռքից և թաքցրեց տաբատի գրպանում, բա որ հանկարծ խորհրդային միության անվտանգության ծառայության գործակալները  իրենց հետևելիս լինե՞ին: Չէ որ ինքը իրավունք չուներ այդպես երկար շփվելու արտասահմանցիների  հետ ու մի բան էլ ավելի՝ նրանցից ինչ-որ ստվարաթղթե կտոր վերցնել:

Երբ անծանոթները արդեն անհետացել էին ճեմուղու մոտակա ոլորանում, Փայլակը զգուշորեն շուրջ բոլորը նայեց, տեսնելով, որ ոչ-ոք չկա, գրպանից հանեց ստվարաթղթե քառանկյուն կտորը և  հեգելով կարդաց նրա վրայի գրությունը. «National Bank State Tennessee, vice-president Tor Wander»:

Պարզվեց, որ այդ ստվարաթղթե կտորը ամերիկացի անծանոթ տղամարդու այցեքարտն էր, իսկ այն ժամանակ Փայլակը այցեքարտի մասին միայն լսել էր, բայց երբեք չէր տեսել:

-Իմացար, ու՞մ հետ ենք ծանոթացել,- ժպտալով ասաց Փայլակը՝ դիմելով կնոջը:

-Ո՞ւմ,-հետաքրքրվեց կինը:

-ԱՄՆ Թեննեսի նահանգի ազգային բանկի փոխնախագահի հետ,-հպարտորեն արտաբերեց Փայլակը,-հը, ի՞նչ ես ասում, Երևան վերադառնալուց հետո, նամակ չգրե՞մ նրան, որ մի քիչ դոլար ուղարկի:

-Հլա տես Երևան հասնելու ե՞ս, նոր մտածիր նամակ գրելու մասին,-խայթեց կինը,-երևի հիմա հետևիցդ կգան խորհրդային պետության անվտանգության ծառայողները և Սիբիր կքշեն:

Բայց Փայլակի բախտից այդպես էլ խորհրդային երկրի անվտանգության ծառայության աշխատակիցները չերևացին և ամուսինները, ավարտելով այդ տարվա իրենց հասանելիք արձակուրդը, բարեհաջող վերադարձան Երևան:

Ու Փայլակը դեռ երկար ժամանակ սպասում էր խորհրդային երկրի անվտանգության ծառայության աշխատակիցների մուտքին իրենց բնակարան կամ աշխատավայր, բայց բարեբախտաբար, նրանք այդպես էլ չերևացին:

Եվ ամեն անգամ այս դեպքի մասին հիշելիս, Փայլակը զարմանում է իր քաջության վրա, բայց մի բանում ափսոսում, որ նամակ չգրեց այդ բանկի փոխնախագահին՝ թեթևակի ակնարկելով դոլար ուղարկելու մասին:

Ինչ լինում էր, թող լիներ կամ իշխանությունները նրան Սիբիր կուղարկեին կամ գուցե նաև հակառակը լիներ՝ ԱՄՆ Թեննեսի նահանգի բանկի փոխնախագահ Թոր Վանդերը իրեն մի քիչ դոլար կուղարկեր:

Սիմակ ԳԱԼՍՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել