Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյանը դժգոհեց. Սանահինի տանիքներին կրկին «սպառնում» են ծառեր աճել (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Նոյեմբեր 12,2017 21:34

Լոռու մարզի հայտնի սրբավայրերից մեկը՝ Սանահինի միջնադարյան վանական համալիրը, պետական միջոցներով 2012թ.-ից նորոգվում է, եւ դեռ մի քանի տարի մասնագետները չեն լքի շինհրապարակը: Այս տարի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում փոխվում են հին ծածկասալերը, խարխլված հատվածները քանդվում են ու նորից շարվում: Հուշարձանների ամրակայման ընթացքը հանրայնացնելու եւ վերահսկողության նպատակով Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նոյեմբերի 12-ին հենց Սանահին այցելեց:

Մրցույթը շահած շինարարական ընկերության պատասխանատուների հետ զրույցը սկսվեց դժգոհությունից. նախարարին բարկացրեց այն փաստը, որ նորոգմանը զուգահեռ՝ վանական համալիրի հուշարձանների տանիքներին բույսեր ու թփեր են աճում՝ քայքայելով տասը տարի առաջ փոխված ծածկասալերը:

Որոշ հատվածներում դրանք արդեն իսկ վնասված են: «Չեմ հասկանում, այստեղի սպասարկող մարդիկ չե՞ն կարող բարձրանալ ու խոտերը պոկել, որ չաճեն՝ ծառ դառնան: Դժվա՞ր է այս գյուղի երեխաներին երկու կոպեկ փող տալ՝ անեն…»,-հարցադրում արեց նա:

Շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանը, որի աշխատանքից ավելի վաղ խիստ դժգոհել էր նախարարը, նշեց, որ իրենք կպարտավորվեն դա անել: Մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանն էլ արձանագրեց, որ շահագործողն այս դեպքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է: Ամիրյանն էլ հավելեց, որ նախարարության աշխատակիցներին պետք է հրահանգել՝ պարտադրել բուսականությունը մաքրել: Ապա Արեւ Սամուելյանը նկատեց, որ խնդիրը թերացման հետեւանք չէ, պարզապես Լոռվա խոնավ կլիման հաշվի առնելով՝ 2-3 տարին մեկ ծածկասալերը պարտադիր պետք է մաքրվեն բուսականությունից:

Արմեն Ամիրյանին չգոհացրեց նաեւ այն փաստը, որ նորոգման-ամրակայման աշխատանքները պետք է մեկնարկեին օգոստոսին, սակայն, փաստորեն, սկսել են սեպտեմբերից: Կարեն Նազլուխանյանն էլ այս առնչությամբ պարզաբանեց, որ հին ծածկասալերը հանելուց հետո հավելյալ խնդիրներ են ի հայտ եկել. «Տանիքի վրա բավականին շատ ենք աշխատել, լավ վիճակում չէր: Հիմա էլ նոր ծածկասալերը գործարանից բերվել են ու պատրաստ են տեղադրման»: Ի դեպ, այն հին՝ արժեքավոր ծածկասալերը, որոնք պահպանված են, կրկին կդրվեն իրենց տեղում:

Սանահինի նորոգման աշխատանքները նախատեսված է այս տարի ավարտել դեկտեմբերի 15-ին: Շինարարները, սակայն, նշում են, որ անբարենպաստ եղանակային պայմանների դեպքում աշխատանքների ավարտը կձգձգվի:

«Լուրջ բացթողումներ ունենք: Շինարարական կազմակերպությանը վերջին հնարավորությունն ենք տալիս ավարտին հասցնելու, չնայած՝ եղանակային պայմանները խնդիրներ են ստեղծելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Ամիրյանը:

Հավելենք, որ ամեն տարի պետբյուջեից եկեղեցիների նորոգման-ամրակայման աշխատանքների համար մոտ 250 միլիոն դրամ է հատկացվում:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Վրացական արձանագրութիւնները մեր կարգ մը վանքերու և եկեղեցիներու վրայ /Քոբայր-Ախթալա- Կիրանց-Սրվեղ և այլն/ ոչ մէկ կապ ունին վրացիներու և Վրաստանի հետ ,այդ գիւղերու մէջ Վրացիներ չեն բնակած,շրջան մը /յատկապէս Զաքարեաններու ատեն/ հայ-քաղկեդոնիկ վանականներ բնակած են,զարգացուցած,նկարած,որոնց այցելութեան կու գային պարբերաբար վրացի վանականներ,և ինչպէս սովորութիւն էր այդ դարերուն նման համալիրներ պէտք էին յունարէն կամ վրացերէն արձանագրութիւն ունենալ զանազանուելու համար ոչ-քաղկեդոնիկ Հայ Առաքելականներէն ,այսպէս ունինք ձեռագիրներ որոնց մանրանկարները յունարէն արձանագրութիւն կը կրեն բայց Ձեռագիրը ամբողջութեամբ հայերէն է ;Նոյնն է պարագան Տայքի և Բարձր Հայքի հրաշք վանական համալիրներուն / Խախու-Էօշք- Բանակ-Իշխան և այլն/ ուր Ատրպետ հաշուած է 4000 տեղանուններ/գիւղերու-լեռներու-գետերու-գետակներու-բերդերու և այլն/ բոլորն ալ հայերէն և ոչ մէկ վրացական անուն – այսօր ինչ՞ իրաւունքով կ՛ուզեն տէր դառնալ մեր հարազատ մշակոյթին ? /տես Մարութեանի հրաշալի ուսումնասիրութիւնը կամ Հ,Յ.Պզտիկեանի ” Տայք -Բարձր Հայք” հատորը;

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930