Լրահոս
Օրվա լրահոսը

«Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծած դղյակներ գնացեք, այնտեղ տեսեք կոռուպցիա, չարաշահումներ». «Ծառուկյան» խմբակցությունը՝ վարչապետի դեմ (Տեսանյութ)

Նոյեմբեր 14,2017 10:34

Այսօր ԱԺ նիստի մեկնարկին «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարություններ արեցին, թե ինչքան վատ է աշխատում կառավարությունը, ինչքան վատ հարկահավաքություն է անում ՊԵԿ-ը:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը նախ հայտարարեց, որ այսօր առավոտյան մի քանի հազար ստորագրություններով բոլոր խմբակցություններին են դիմել առեւտրականներ         պահանջելով արձագանքել եւ լուծել այն խնդիրները, որ նկատում են մի քանի շաբաթվա ընթացքում: Նա ասաց, որ իրենք դիմել են ՊԵԿ նախագահին ու վարչապետին՝ հարկային կոշտ վարչարարության հետ կապված, որն անթույլատրելի է: Ըստ նրա, կյանքը ցույց է տալիս, որ պրակտիկան եւ օրենքները տարբեր բաներ են. «Տոնավաճառներում մարդկանց խուզարկում են, վաճառքների ժամանակ ասում են՝ բացեք ձեր տոպրակները, այն դեպքում, երբ առեւտրականները սոցիալական բնույթ կրող գործունեությամբ են զբաղված: Բանը հասել է նրան, որ վրաերթի են ենթարկում օպերատիվ հետախուզական ծառայության աշխատակիցները տարբեր մարդկանց եւ տեղի են ունեցել բախումներ»:

Նա ասաց, որ փողի տեղը իրենք ցույց են տալիս, թե որտեղից կարելի է հարկ հավաքել՝ գազամատակարարման եւ գազաբաշխման համակարգն է:

Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ այս պահին ուղղակի տեռորի են ենթարկում առեւտրականներին. «Մարդիկ ուզում եք մեկ կտոր հացից զրկվեն, այն , ինչ անում են պատկան մարմինները, մարդու իրավունքների կոպտագույն խախտում է՝ բացել մարդկանց պայուսակները, ստուգել, որեւէ կառույց դրա իրավունքը չունի: Բյուջե եք ուզում լցնե՞լ՝ տեղը ցույց ենք տալիս՝ գազի մոնոպոլիա, բենզինի մոնոպոլիա եւ այլ մոնոպոլիստներ: Գնացեք այդտեղ: Կառավարությունը, որ տապալել է իր ողջ գործունեությունը, պիտի ճիշտ տեղն իմանա, թե որտեղ գնա: Գազի հիման վրա Մոնումենտում ստեղծած դղյակները, այնտեղ գնացեք, այնտեղ տեսեք կոռուպցիա, չարաշահումներ, ոչ թե մի կտոր հացով իրենց ընտանիքը պահող փոքր ձեռներեցների պայուսակները մտեք»:

Նա ասաց, որ գազի վրա իրենց դղյակները սարքածները, որ նստած են Մոնումենտում, ճիշտ կանեն նման հարկային տեռոր սահմանելուց առաջ մտածեն դրա հետեւանքների մասին:

Հետո իրար հետեւից Իվետա Տոնոյանը, Գեւորգ Պետրոսյանը, Սերգեյ Բագրատյանը, «Ծառուկյան» խմբակցության այլ պատգամավորներ պահանջեցին այս հարցը դարձնել քննարկման առարկա, մտցնել օրակարգ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ խորհրդում քննարկել են օրակարգի հարցերը եւ օրակարգն արդեն հաստատված է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930