Միասնական Եվրոպայի ամերիկյան «ցեմենտը»

Միասնական Եվրոպայի ամերիկյան «ցեմենտը»

Եվրոպայի ճգնաժամի մասին խոսում են բոլորը, եւ խոսքը միայն փախստականների մասին չէ: Փախստականների հարցն այդ ճգնաժամի ցուցիչն է եւ ածանցյալը, բայց ոչ պատճառը:

Պատճառը, ինչի մասին խոսում են քչերը, լիբերալ-դեմոկրատիայի ճգնաժամն է, բարոյականության ճգնաժամն է, ինստիտուտների անարդյունավետությունը, երբ քաղաքական որոշումները մշակում եւ ընդունում են ոչ թե քաղաքական եւ ռազմավարական մտածողության, լիբերալ արժեքների կրող անձինք, այլ մեծապես ապաքաղաքական, ապագաղափարական բյուրոկրատները եւ հաշվապահները, որոնք սովորել են «քաղաքականապես կոռեկտ» ճառեր արտասանել, գտնել բոլորին հարմար, «միջին թվաբանական» ձեւակերպումներ եւ այն հրամցնել որպես «ճկունություն»՝ հավակնելով նույնիսկ իմաստնության եւ այս ամենը կոչելով «պրագմատիզմ»: Դրան գումարած՝ անդյուրաշարժ կառուցվածք, որտեղ չի երեւում քաղաքական պատասխանատվության սուբյեկտը:

Եվ բնական է, որ արդյունքում պետք է ունենայինք թե՛ փախստականների ճգնաժամ, թե՛, ասենք, Ուկրաինայի համար անհասկանալի, իսկ Ռուսաստանի համար արհամարհելի Մինսկյան համաձայնագրեր, որոնց իրագործումն իրատեսական չեն համարում ոչ Կիեւում, ոչ Մոսկվայում, ոչ էլ, մեր մեջ ասած, եվրոպական մայրաքաղաքներում, թե՛ տարբեր տրամաչափի՝ հակալիբերալ ավտորիտար դուրսպրծուկներ:

Բոլորը խոսում են անվտանգության ամրապնդման անհրաժեշտության մասին, մինչդեռ քչերն են ուղիղ տեքստով խոսում, թե որտեղ է լուծումը: Հակասական ազդանշաններն ԱՄՆ-ից եվրոպացիների մոտ ստեղծել են մի զգացողություն, որ Վաշինգտոնը լքում է Հին Աշխարհը՝ մատնելով կես միլիարդ եվրոպացիներին ինքնահոսի: Եվ այդ զգացողությունը բարձրաձայնվում է նույնիսկ պետական գործիչների կողմից, օրինակ՝ Էմանուել Մակրոնի, որն առաջարկում է, ելնելով դրանից, ստեղծել, ասենք, «միասնական եվրոպական բանակ»:

Այդ միտումը սկիզբ առավ դեռ մինչեւ Թրամփը եւ նրա հակասական հայտարարությունները «հնացած ՆԱՏՕ-ի» մասին: Օբամայի կառավարման տարիներին, հատկապես, երբ ընթանում էր Մոսկվայի հետ «վերբեռնման» կատաստրոֆիկ քաղաքականությունը, ամերիկյան փորձագիտական հանրույթի զգալի մասի կողմից Եվրամիությունը դիտարկվում էր որպես «հաջողության պատմություն» (success story), եւ գերիշխում էր այն մտայնությունը, որ այժմ որոշիչ գործընթացները տեղի են ունենում Ասիայում: Եվ դա այն տարիներն էին, երբ անվտանգության մարտահրավերի առջեւ կանգնած, սառեցված հակամարտությունների բեռն ուսերին «Արեւելյան գործընկերության» անդամ երկրները թողնված էին զինաթափված Եվրոպայի եւ Վրաստանի դեմ ագրեսիայի սեփական փորձն ինտենսիվորեն ուսումնասիրող եւ վերազինվող, իր հավակնություններն այլեւս չթաքցնող՝ բաց տեքստով հայտնող Ռուսաստանի ողորմածությանը:

Այո, Եվրոպան զգալիորեն կորցրել է իր ներքին առանցքը եւ «ցեմենտը»` ԱՄՆ շռայլ եւ ամուր ձեռքը, եւ սրա կարեւորագույն պատճառներից է Եվրոպայում ներկայիս սերնդի՝ «հետխորհրդային» քաղաքական վերնախավի ժամանակավրեպ մտածողությունը, որը ներփակում է Եվրոպան իր արեւմտաեվրոպական «ավանդական կաղապարի» մեջ, որն «ավարտվում» է Գերմանիայի եւ Ավստրիայի արեւելյան սահմանին, որից հետո դեպի Արեւելք դիտարկվում է որպես «անհեռանկարային» գոտի, որը վերջանում է «ընկալելի» Ռուսաստանի սահմանին:

Ի տարբերություն Ամերիկայի եւ Ասիայի՝ այդ կաղապարված եւ ընդլայնումից վախեցած Եվրոպան, իր սոցիալական ապահովության ավանդույթներով հանդերձ, դեռ մնացել է 20-րդ դարում, այնտեղ չկա Սիլիկոնային հովիտ, իսկ ինովացիոն ներուժը ճմլվում է գերկարգավորման եւ գերհարկերի ատամնանիվների արանքում, իսկ ռազմական ծախսերի վերաբերյալ սեփական պարտավորությունները մնում են գերազանցապես չկատարված: Դրան գումարած՝ ԵՄ առանցքային եւ ուրույն դիմագիծ ունեցոող անդամ Բրիտանիան է լքում միությունը, իսկ առանձին երկրներում գլուխ է բարձրացնում ծայրահեղ աջ ու ձախ քաղաքական աղբը:

Բնական է, որ կացույթի մի քանի՝ էներգետիկ, տեխնոլոգիական, հաղորդակցական, տեղեկատվական հեղափոխությունների շարժիչ դարձած ԱՄՆ-ի եւ միացյալ Եվրոպայի միջեւ առկա՝ բոլոր չափումներով ասիմետրիան հաղթահարելու այլ ճանապարհ չկա, քան նոր, արմատական բարեփոխումը, որն էգոիզմ չի հանդուրժելու: Այնպես, ինչպես 1945-55 թվականներին, երբ ձեւավորվեց այն, ինչ այսօր կոչվում է Արեւմուտք, Անդրատլանտյան դաշինք, երբ Պատմության մեջ հայտնի ամենամեծածավալ օգնությունը ցուցաբերվեց ավերված Եվրոպային ԱՄՆ կողմից:

Դժվար է պատկերացնել, որ այն ժամանակ մեկը Վաշինգտոնում հայտարարեր, թե «America first»: Վուդրո Վիլսոնի այս կարգախոսը, որը նրան հաղթանակ պարգեւեց 1916թ. ընտրություններին, ժամանակի քննությանը դիմացավ ընդամենը մեկ տարի, եւ ԱՄՆ-ի ակտիվ միջամտությունը կանխորոշեց Առաջին համաշխարհայինի ելքը: Նա ոչ թե դրժեց իր խոստումը, այլ բոլորին պարզ դարձավ, որ Ամերիկայի համար first` նշանակում է օգնել Եվրոպային սանձել եւ պատժել ագրեսորին: Սակայն դրա հակառակը տեղի ունեցավ 30-ականներին, երբ Մեծ դեպրեսիայից ազդված ամերիկյան վերնախավը կրկնեց այդ կարգախոսը՝ դրա տակ հասկանալով կոշտ իզոլյացիոնիզմ, եւ ողջ Հին Աշխարհը դարձավ երկու հանցագործ ռեժիմների՝ նացիստական Գերմանիայի եւ բոլշեւիկյան Ռուսաստանի «բոստանը»՝ Մյունխենով, Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով, «տարօրինակ պատերազմով», Դյունկերկյան նահանջով…

Ցավոք, ներկայիս ժամանակներում ակտուալ է մնում Ուինսթոն Չերչիլի կողմից տրված՝ դարաշրջանի բնորոշումը. «Մենք ապրում ենք մեծ իրադարձությունների եւ փոքր մարդկանց դարաշրջանում»:

Ոչ մի օրում, ոչ էլ մեկ տարում այս մեծ իրադարձությունների դարաշրջանում մարդիկ հանկարծակի չեն «մեծանա»: Հին աշխարհակարգը չի գործում, նորը դեռ չկա, եւ ժամանակ ու ջանքեր է խլելու դրա ձեւավորումը, պահանջվելու է քաղաքական սերնդափոխություն, քաղաքական նոր սերունդ, որը պատասխանատվություն կստանձնի նոր իրականությունը կանոնակարգելու եւ պատասխանատվության ինստիտուտներ ձեւավորելու գործում՝ պատմության աղբանոցն ուղարկելով ներկայիս մանրումեծ դուրսպրծուկներին:

Իսկ մինչ այդ փոքր եւ երիտասարդ պետություններին, հատկապես նրանց, ովքեր գտնվում են «տեկտոնիկ լարվածության» գծերի հատման կետերում, մնում է հույսները դնել իրենց վրա: Դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ հայերիս, մեր Հայաստանի Հանրապետությանը, որը կարեւոր գործոն է դարձել Հարավարեւելյան Եվրոպայում, Եվրաատլանտյան տարածքի հարավարեւելյան թեւում, եւ մեր համապետական գերխնդիրն է զինվել առողջ բանականությամբ եւ հավատով սեփական ուժերի նկատմամբ, մոբիլիզացնել մեր կամքը եւ ինտելեկտը եւ առանց կորուստների եւ պատվով դուրս գալ այս պատմական փորձությունից՝ արժանի տեղը զբաղեցնելով Ազատ եւ Միասնական Եվրոպայում:

 

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

14.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    2-րդ համաշխարային պատերազմից առաջ ու ընթացքում ԱՄՆ-ը իրանից ոչ մի լուրջ բան չէր ներկայացնում ինչի հաշվին անգամ մեծ ցանկության դեպքում դիմակայեր Գերմանիայի ու ԽՍՀՄ-ի պես հզոր երկրների։
    Անգամ Ճապոնիային չէր կարողանում դիմակայեր։ Սամուրայները ամերիկացիների ջարդը տալիս էին խաղաղօվկիանոսյան ռեգիոնում։
    ԱՄՆ-ը հզորացավ ու դարձավ գերտերություն հենց 2-րդ համաշխարային պատերազմի արդյունքում այլ գերտերությունների առաջին հերթին Գերմանիայի թուլանալու արդյունքում։

    Հիմիկվա Գերմանիան իրանք են, արդեն իրանց ջարդ ուտելու պահնա հասունանում։

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք