Հայրիկ, դու չես վախենում (պատմվածք)

Հայրիկ, դու չես վախենում (պատմվածք)

Հայր ու աղջիկ կամրջի մոտ թեքվելով՝ բռնեցին ձոր տանող ճամփան: Խիստ թեքության վրա իջնող աստիճանները տեղ-տեղ քանդված էին: Յոթնամյա Սաթենիկը, առջևում անսպասելիորեն հայտնված դատարկությունից վախեցած, պինդ բռնեց հոր ձեռքը: Ներբանի տակ ժամանակ առ ժամանակ անդուր ճռճռում էր ավազը:

-Փիֆ հոտ է գալիս,-լռությունը խզեց դուստրը:

-Հիմա կհասնենք ջրին:

-Հայրիկ, ի՞նչ հոտ է:

-Խոտերի, կանաչի հոտն է,- ասաց հայրը, հետո, աղջկա ուշադրությունը շեղելու համար մատնացույց արեց ներքևում լողացողներին: -Տես, լողանում են:

Գարշահոտը Պարույրի քթին զարկել էր ձորն իջնելու առաջին իսկ պահին: Կամուրջը հարբածների, պատահական այցելուների համար աչքից հեռու անկյուն էր, ու նրանք կիրճի այդ հատվածն արտաքնոց էին դարձրել: Մեզը հղկած որձաքարը տեղ-տեղ կերել էր, ու աղային մասը բորբոսի տեսքով բռնել էր պատը: Շոգ էր: Օդում մի քանի գիրուկ ճանճ, գոհ աղտեղության առատությունից, ճանճային վայելքից հետո ալարկոտ պտույտներ էին գործում: Մեկը նստեց բազալտե աստիճանին: Խավոտ, գիրուկ մեջքը մի պահ կանաչին տվեց արևի տակ: Պարույրը կենդանուն ոտքի տակ առնելու, ճզմելու ցանկություն զգաց: Ներբանը վրա բերեց, բայց աղտեղության սիրահարը թևին տալով՝ գնաց շարունակելու ճաշկերույթը:

-Հայրիկ, վատ խոտերն ինչու՞ են աճում:

-Ի՞նչ իմանամ, աղջիկս: Երևի, հաճելին տհաճի կողքին դնելու, օգտակարի արժեքն ըմբռնելու համար,-պատասխանեց, հետո զգալով՝ բացատրությունը երեխայի համար խիստ բարդ, գրքային հնչեց, հավելեց: -Անպիտան խոտերը երկար չեն ապրում:

-Բա ի՞նչ են լինում, հայրիկ: Մեռնու՞մ են:

-Աշնանը նրանք չորանում են:

-Ծառերը նույնպե՞ս վատն են:

-Չէ, ծառերը լավն են: Նայիր, ինչ գեղեցիկ, հզոր, փառահեղ սաղարթ ունեն:

-Սաղարթն ի՞նչ է:

-Տերևներն են:

-Մանկապարտեզում մեզ մի անգամ տարել էին տերև հավաքելու: Հիշու՞մ ես:

-Հիշում եմ, ինչպե՞ս չէ: Դեղին, ծիրանագույն տերևներ էին:

Հայր, դու մեզ հետ էի՞ր,-զարմացած՝ ծնողին դարձավ դուստրը:

-Ես մտովի միշտ քեզ հետ եմ, ձագուկս:

Աղջիկը շատ բան չէր ըմբռնում, բայց արդեն ընտելացել էր հոր խոսելաոճին, մտքի երբեմնակի տարօրինակ ելևէջներին: Պարույրն էլ հաճախ մոռանում էր, որ զրուցակցի յոթը նոր է բոլորել: Հայր ու դուստր հասել էին ջրանցքին ու հիմա նրա երկայնքով էին գնում: Ներքևում հոսող գետից էր սկիզբ առնում ջրանցքը՝ կիրճի ձախ փեշով ծայրեծայր կտրել-անցնելով քաղաքը: Ձորի այդ հատվածում նրանք հաճախ էին լինում. մեկուսի անկյուն էր՝ փարթամորեն աճած ծառերով պատսպարված: Ավելի շատ թթենիներ էին հանդիպում, ընկուզենիներ՝ գրկաչափ բներով՝ վրան հազար կնճիռ:

-Հայրիկ, այս ծառերն ո՞վ է տնկել:

-Մարդիկ, ձագուկս:

-Ե՞րբ, գարնա՞նը:

-Չէ՝ վաղուց:

-Ինչքա՞ն վաղուց:

-Արարտահայերի օրոք: Այն ժամանակ հայոց արքաները հզոր էին:

-Արքան ի՞նչ է:

-Արքան թագավորն է, ամենից զորեղը, պայծառամիտը:

-Թագավորները նույնպե՞ս ծառ են տնկում:

-Նրանք կարգադրում են: Մյուսներն արքայական հրամանով երկրներ են գրավում, այրում քաղաքներն ու գյուղերը, անտառներն ու դաշտերը, ինչ հանդիպում է, ինչ թշնամական է: Արքայական կամքով նաև կամուրջներ են կառուցվել ու շքեղաշուք պալատներ, գետերի հուն է փոխվել և ճակատագիրը մեր:

-Հայրիկ, մոռացա:

-Ի՞նչը:

-Թագավորին ի՞նչ են ասում:

-Արքա, տիրակալ, միապետ, թագակիր, ծիրանակիր…

-Սպասիր, նորից կմոռանամ: Մեր արքաներն է՞լ են քաղաքներ վառել, մարդ սպանել:

-Նրանք ազնվական սոսու, գիհու անտառներ են տնկել: Ես քեզ մի օր անպայման կտանեմ Խոսրով արքայի հիմնած անտառը տեսնելու:

Ձորի փեշերը բռնող ծառաստանը խնամող ձեռքերի պակասից սկսել էր վայրենանալ: Անպտուղ և մրգատու ծառերն աճում էին գիրկընդխառն: Թթին չափ չկար: Ինչքան ուտում էին, դարձյալ մնում էր, կաթկթում քարերին, դառնում կեր թռչունների: Նրանք, ովքեր դեռ մոր արգանդից էին տիրապետում մեկը երկու դարձնելու գաղտնիքին, ամռանը վրա էին տալիս ընկուզենիներին, կանաչ պտուղը տերևախառը պլոկում, լցնում պարկերն ու հատը չգիտես քանի դրամով վաճառքի հանում շուկաներում: Եթե երկու-երեք ճանկ պտուղ մնար կատարներին, տերևների արանքում, դարձյալ փառք էր՝ հույս կար, որ հաջորդ գարնանը տասից մեկը ծիլ կտա և, մարդկանց կրնկի տակ չճզմվելու դեպքում, կուժովնա, մեռնող ծառերի համար կդառնա սփոփանք վերջին օրերի: Գզում, ծվատում էին ծառերը մինչև աշուն, այնքան, մինչև տանելու բան չմնա: Ընդհանրապես Պարույրը ձոր գալիս էր գարնանը և աշնանը: Մարդ քիչ էր պատահում, բացի դա՝ սիրտը ճմլվում էր՝ տեսնելով, թե ինչպես են ճղատում ծառերը:

-Հայրիկ, ծառերը մեզ լսու՞մ են:

-Իհարկե:

Ծառերը մեղք են, չէ՞: Նրանք նույնպես մարդ են:

-Անպայման:

Հայրիկ, գլուխս պտտվում է:

-Ջրից է, ձագս, ցած մի նայիր: Հիմա մենք դադար կառնենք, հետո կգնանք մեր այգին:

-Այգին իսկապե՞ս մերն է:

-Անշուշտ մերն է. ով ծառերին ցավ չի պատճառում, նրանց խղճում է, նրանց համար լալիս, այգին նրանն է:

-Հայրիկ, ծառերը ձմռանը մրսում են, չէ՞:

-Մրսում են: Նրանց միակ մխիթարությունը հիշողությունն է գարնան մասին:

-Ես միշտ կանաչ ծառեր կնկարեմ:

-Եվ ես ու դու ձմռանը կլսենք նրանց կանաչ սոսափը:

-Հայրիկ, դու չես մեռնի, չէ՞:

-Հիմա՝ չէ: Հիմա չեմ մեռնի,-Պարույրը գրկեց դստեր ուսերը: Նրանք նստել էին ջրանցքի բետոնե եզրին և ոտքերը կախել ջրի վրա:

-Հայրիկ, լացս գալիս է:

-Իմը նույնպես: Լաց լինելը, ասում են, թուլության նշան է:

-Տես, ճիշտ եմ ասում, աչքերս լցվեցին:

Պարույրը համբուրեց դստեր վարսերը և ավելի պինդ սեղմեց իրեն: Սաթենիկի կոպերի տակ արցունքները լճացել էին:

-Հայրիկ, դու միշտ տխուր բաներ ես խոսում:

-Կորսված երկրի կսկիծն ինձ հանգիստ չի տալիս:

Նրանց ոտքերի տակ պղտոր ջուրը խոխոջում էր:

-Հայրիկ, ես չեմ մոռացել. մի անգամ դու ասացիր, որ ջուրը երգում է:

-Չեմ մտաբերում:

-Ջուրը միայն մի՞ երգ գիտի:

-Մենք մի լավ, շատ լավ բանաստեղծ ենք ունեցել: Չարենց է եղել անունը՝ Եղիշե Չարենց: Երբ նա հոգնում էր աղմուկից, սնամեջ խոսքերից, ամեն կարգի չախկալներից, գալիս էր այս կիրճը «ջուր լսելու»,-դստեր հարցն անպատասխան թողեց հայրը:

Ջրի երեսին հազիվ նկատելի բենզինի կղզյակներ էին լողում: Վերևներում,-Պարույրը փոխադրվեց այլ իրականություն,-ինչ-որ գործարան կեղտաջրերից, հեղուկ թափոնից ազատվելու ավելի հեշտ եղանակ չի գտել: Մազութաջուրը հասնելու է Արարատյան դաշտ, մտնելու է պարտեզները և պտուղ, բանջարեղեն դարձած դրվելու է մեր սեղաններին: Կապտաչյա լիճ, երկնքից փոխ առած քո գույնը ձորերն ի վար հոսելիս որտե՞ղ կորավ: Իսկ դու ջրանցք մտած կոհակ-կոհակ գալիս ես՝ գունատ, դժգույն: Դու՝ մեր ճակատագիր, մեր հույս: Ի՞նչ կլինի առանց քեզ այս միլիոնանոց որովայնը: Գերագույն ճիգերով կանգնեցրին քո հոգեվարքը, որպեսզի ջրանցք առ ջրանցք, առու առ առու կրկի՞ն սպառվես, մզվես, վերջանաս: Ասում են՝ քեզնից դուրս եկող ջրի կեսից ավելին զուր կորչում է: Մնացյալն էլ, հրես, հարամված գնում է ոռոգելու հողը: Մի՞թե տքնանքը նրա համար էր, որպեսզի անհոգի ջրվորից խռոված մի պարապ փոսորակում նեխես, ճահճանաս, դառնաս եղեգնուտ…

-Հայրիկ, այ հայր, չես լսու՞մ: Աթոռն ո՞վ է գցել ջուրը, բերել են, որ նստե՞նք:

-Ի՞նչ աթոռ:

-Մյուս ափին, չես տեսնու՞մ:

-Վերևում ապրողներն են շպրտել:

-Այլևս նրանց պետք չէ՞:

-Երևի նոր կահույք են գնել:

-Մահճակալի գլուխը նույնպե՞ս:

-Մահճակալի գլուխն էլ, մեքենայի դողերն էլ, խիղճն էլ: Ձորը հնոտիների գերեզմանոց են դարձրել:

-Հայրիկ, ջղայնանում ե՞ս: Չի կարելի, չէ՞, կեղտոտ բաներ լցնել ջուրը:

-Գնանք, ձագուկ: Նրանք նման հարց իրենց չեն տալիս:

Հայր ու դուստր ոտքի ելան:

-Հայրիկ, վրաս մրջյուն է բարձրացել,-երեխան կենդանուն բուռն առավ: -Չի կծում, չէ՞:

-Կծում է, բայց ծնոտները մարդուն ցավ պատճառելու չափ ամուր չեն:

Մրջյունը լայնքով կտրեց ձեռնափը և շարժվեց բութ մատի ուղղությամբ: Նրա համար պետք է որ սարսափելի լինեին բարձրությունը, ներքևով հոսող ջուրը: Առավել սոսկալին, թերևս, հսկան էր՝ աղջիկը, ում շունչն առնում էր կենդանուն: Ուղին անսպասելի ընդհատվեց. նա հասել էր բթամատ կոչվող լեռան կատարը: Փոքրիկը նոր ճամփա ցույց տալու մտադրանքով թեքեց մատը: Շարժումը կտրուկ ստացվեց, և մրջյունն ահռելի բարձրությունից գահավիժեց: Երեխան ճչաց.

-Հայրիկ, ջուրը տարավ:

-Ոտքերիդ տակ է, զգույշ չտրորես,-սփոփեց հայրը:

Սաթենիկը պպզեց.

-Ինչքան շա՜տ են: Ո՞րն է իմ մրջյունը:

-Այն մեկը, որ խոտերի մեջ է ուզում թաքնվել:

-Ցավիկդ տանեմ, վախեցա՞ր: Ոչինչ, կանցնի: Հայրիկ, նեղացե՞լ է ինձնից:

-Հիմա արդեն՝ չէ: Գնանք:

Խաղողի լքված այգուն հասնելով՝ նրանք բաժանվեցին ջրանցքից: Հայր ու աղջիկ այդ այգին էին համարում իրենցը: Վերջին անգամ այնտեղ եղել էին մայիսին: Հիմա սեպտեմբերն էր, ու այգում ոչ ոք չկար: Մոլախոտը ելել, ծածկել էր վազերը: Տեղ-տեղ որթատունկերն այդ անհույս գոտեմարտից հաղթող էին դուրս եկել և խրոխտ ձգվել վեր: Ավելի հանդուգնները փաթաթվել էին խառնիխուռն տնկած մրգատու ծառերին՝ վայելելով կիրճի գեղեցկությունը: Ծառերից կախ մնում էին բորբոսած, այդպես էլ քաղցրություն չտեսած ողկույզները, որոնք լավ այգեպանի ձեռքի տակ աշնան այդ օրը պիտի ժպտային հորն ու աղջկան: Արահետը տանում էր փչակավոր թթենին, որից այն կողմ հարթությունն ավարտվում էր, և կտրվածքն իջնում գետը:

-Սաթենիկ, ձեռքդ տուր:

Անցած աշնանը Պարույրը խաղողի այգում օձ էր տեսել: Քիչ մնաց տրորի: Հաստ, խոնավ փայլով սողունն արևի տակ մրափում էր: Պարույրի ներկայությունն զգալով՝ անշտապ քանդեց կծիկն ու տանձենու պառավ բնին քորվելով՝ պարան-պարան սողաց վազի տակ:

-Հայրիկ, դու չես վախենում, չէ՞:

-Վախենալու պատճառ չունեմ, դստրիկս:

-Որ գիշեր լինի՝ մութ-մութ, չես վախենա, չէ՞:

-Դու կաս, քո գոյությունն ինձ ուժ է տալիս: Ես ոչ մեկից չեմ երկյուղում:

-Հայրիկս…-խանդաղատանքը չկարողացավ զսպել դուստրը:

Պարույրի ականջին կոտրվող ճյուղի ձայն հասավ: Լարեց լսողությունը: Կիրճի դիմացի ափին ֆիզիկայի ինստիտուտի բաց դարչնագույն տուֆից մասնաշենքերն էին, Աջափնյակ թաղամասը, ձիգ, ճկուն մեջքով բարդիներ: Ձորի արևմտյան կողմը ստվերի մեջ էր: Թանձր, տամուկ գույներ էին:

-Տեսնեմ ի՞նչ բանի են:

Հայրն աղջկան թռցեց պռնկեպռունկ ջրով լի առվի վրայով, ապա, պատվիրելով սպասել, անցավ սերկևիլի ցանցառ ծառերի տակով և ուղղվեց ընկուզենիների կողմը: Հայացքի առջև բացված տեսարանն առաջին պահ չտեղավորվեց ուղեղում. գետնին՝ բնի շուրջ ընկուզենու կանաչ ճյուղեր էին՝ մեծ, փոքր: Երեք՝ իրենից համեմատաբար երիտասարդ տղա ու մի կին շուռումուռ էին տալիս ճյուղերը, ընկույզ փնտրում: Ավելի դենը՝ սփռոցին բացված ուտելեղենի կողքին հաստլիկ, վառ ներկած շրթունքներով մեկը ջանադրաբար ընկույզ էր մաքրում: Մատները կլեպից մգացել, սևին էին տալիս: Այսուայնտեղ ընկած էին դատարկ շշեր, հավի ոսկորներ, թղթեր:

-Բռնեք,-գոռաց վերևում գտնվողն ու հսկայական ճյուղը շպրտեց:

Ծառի տակ եղողներն աղմուկով, ծիծաղով վրա տվին:

-Ինձ էլ պահեք,-ձայնեց տղամարդը: -Կարա, հույսս դու ես:

-Այդ ի՞նչ եք անում:

Նրանք շրջվեցին Պարույրի կողմը: Առպահ զարմանք հայտնվեց դեմքերին, վայրկյան անց գտան իրենց՝ դառնալով նույն ինքնավստահները:

-Ինչ ասի՞ր:

-Ասում եմ՝ դուք խիղճ ունե՞ք: Մեկ-երկու ընկույզի համար ինչու՞ եք հաշմում ծառը:

-Մի րոպե: Հլա հայերեն խոսա, բան հասկնանք:

-էդ ո՞վ ա, է…-ձայնը կոկորդից տնքոցով ելավ. նոր ճյուղ էր ընտրել՝ պատրաստվելով անդամահատել:

-էս ծառերը դու ե՞ս տնկել, քո՞նն ա,-լպիրշ, թունալի վրա տվեց մեկն ու առաջացավ:

-Ոչ, ես չեմ տնկել, բայց ի՞նչ կարևոր է:

-Կարևոր ա, հարիֆ,-ասաց դիմացինն ու բռունցքով անսպասելի հարվածեց:

Պարույրը կարկամեց: Նա դեպքերի նման ընթացք հաշվի չէր առել: Կռուփի զարկն այն աստիճան դիպուկ էր, որ ոտքերը գետնից կտրվեցին, և նա մեջքի վրա ընկավ: Որտեղից որտեղ աչքին երևաց ծառի կատարին մնացած սերկևիլի դեղին փայլը: Փորձեց ոտքի ելնել, բայց լպրծուն գետինը տակից փախավ, ու ուժգին աքացուց նա այս անգամ բերանքսիվայր ընկավ կողքի առուն: Կանանց ճիչ-աղաղակի, ծառից ցատկողի խուլ թրմփոցի, խռպոտ ձայների արանքում ցեխակոլոլ Պարույրի ականջը որսաց Սաթենիկի կանչը՝ հայրի՜կ: Նա ծնկեց և ուր որ է ոտքի կելներ, սակայն ներբանի դիմահար հարվածը, որ առավ դեմքին ու պարանոցին, վերստին գետին տապալեց: Բերանում արյան, տիղմի համ զգաց, ապա՝ վախեցած շշուկներ հասան, միմյանց զարկվող շշերի ձայն և հեռացող ոտնաձայներ: Պարույրն իրեն կորցրած ոտքի ելավ: Փախչողներն ընթացքի հետ քաշել տարել էին սփռոցը, և ողջ ուտելիքը ցրիվ էր եկել խոտերին: Հայացքը գետնին գցեց: Քար էր որոնում: Ոհմակը լանջն ի վար գլորվել էր ներքև: Արդեն քսան-երեսուն մետրի չափ տարածություն էր բաժանում: Ճանկելով ձեռքն ընկած հողի չոր գուղձը՝ վազեց նրանց ետքից: Ներքևում գետն էր, կողքին՝ ասֆալտապատ ճանապարհը: Ծառերի արանքից խճուղու եզրին կանգնած մեքենաները հազիվ էին երևում: Թափ առավ և հողի կոշտը, որ փշրվել, մի բուռ էր դարձել, շպրտեց ներքև: Դեռ օդում այն ցրիվ եկավ, և հատիկներն ավազի պես խշրտոցով սորացին սաղարթն ի վար:

-Ստորներ, ճիճուներ, չախկալներ,-վերևից ներքև գոռում էր: Դանակ լիներ, կխրեր որովայնները, լինգ լիներ, կիջներ գանգերին, հրացան՝ կպարպեր ճակատներին: -Կանանց աչքին տղամարդ էիք ուզում երևա՞լ, սողուններ: Ոսոխի դեմ ինչու՞ այդպես չկանգնեցիք, եղկելիներ: «Ջուր լսելու» եկած Չարենցին գետը, երևի, ձեր ստորությունների, ստահակությունների մասին նույնպես պատմում էր, նողկանք-գարշանքներ, աղբանոցի կանաչ ճանճեր…

Մինչ Պարույրն իրեն էր կտրատում, շարժիչները գործի գցվեցին, և կարմիր ու սպիտակ Ժիգուլիներն անտառը թրատելով կորան աչքից:

-Վատոգի մորթապաշտներ…-ավելի փրփրեց Պարույրը: Խելակորույս գոռում էր, բռունցքը զարկում փչակավոր թթենուն: -Փախաք, հա՞, դավաճաններ: Սուտ է, վատ մարդը լավ հայ չի կարող լինել: Ոչ: Ոչ: Ոչ: Դուք այդպես նաև Ղարսը թողեցիք, թողիք Կարինը, ձեր նախնիների երկիրը: Սինլքորներ…

Ոտնաձայն լսելով՝ կանգ առավ: Սաթենիկն առուն անցել, իր կողմն էր գալիս: Սերկևիլի գետնամերձ ճյուղերը խանգարում էին աղջկան, փակում տեսարանը: Կաթվածահար ուղեղը հանկարծաբար վերստացավ մտածելու ունակությունը. Դուստրը ոչինչ չպետք է իմանա: Բացարձակ ոչինչ: Պարույրը չի վախեցել ու չի երկնչում ոչ ոքից: Ծնկելով առվի խոտերին՝ նա հապճեպ լվաց դեմքն ու ձեռքերը, այնուհետ սկսեց թափ տալ, տիղմից մաքրել հագուստը:

-Հայրիկ… Ընկե՞լ ես:

-Բան չկա, փորձանք էր, անցավ,-հայրը մեկնեց ձեռքը, որպեսզի շոյի դստեր գլուխը:

-Ինձ էի՞ր կանչում… Թող ես էլ մաքրեմ:

-Մաքրիր, դստրիկս,-փղձուկը զսպելով՝ անասելի դժվար ժպտաց Պարույրը:

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք