Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Բացառիկ տաղանդավորներին, որոնց տարկետում են տալու, հանրային քննարկման առարկա են դարձնելու. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 14,2017 15:11

«Ուզում եմ կոչ անել մեր երիտասարդներին, որ դա այն ճանապարհը չի եւ այս օրենքն էլ այն օրենքը չի, որ պետք է այդպես ամեն գնով պայքարի ելնել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով դասադուլ անող ուսանողների հացադուլի մասին՝ ասաց ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպմանը ուսանողներին առաջարկվել է, որ կարեւորագույն սկզբունքները մշակելիս, որոնք տեղ են գտնելու կառավարության որոշումներում, այդ մշակումների ժամանակ մասնակցեն:

Արտակ Զաքարյանն ասաց, որ այդ ժամանակ անպայման հաշվի են առնելու ուսանողների կարծիքը, կիրառման մեխանիզմները քննարկեն, թե որքանով են ապահովագրված, արդյոք նոր ճանապարհ չկա՞ «հնարամիտ» մարդկանց համար՝ զինծառայությունից խուսափելու:

Արտակ Զաքարյանն ասաց, որ իրենք առաջարկում են տարկետման իրավունքից օգտվել այն ուսանողներին, որոնք ասում են՝ ես չեմ խուսափում բանակից, թույլ տվեք ավարտեմ ուսումս. «Դրանից լավ առաջա՞րկ»:

Լրագրողները ճշտեցին՝ այսինքն, իրենց պահանջները չե՞ք ընդունում՝ Զաքարյանը պատասխանեց. «Իրենց պահանջները չենք ընդունում, որովհետեւ մենք այնքան վստահ եւ հիմնավոր ենք ներկայացնում մեր առաջարկը, որ այլ պահանջ նշանակում է վերադառնալ եւ թույլ տալ, որպեսզի  չարաշահողները չարաշահեն, խուսափողները խուսափեն,, գիտությունն էլ դրանից որեւէ բան չշահի, պատրա՞ստ եք դրան»:

Մեր հարցին՝ այդ չարաշահողները չե՞ն կարող սահմանած «բացառիկ տաղանդավորների» անվան տակ նորից չարաշահել՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Եթե Արտակ Զաքարյանին կամ նրա որդուն պետք է որպես լավագույն ջութակահար տարկետում տալ, մենք առաջարկելու ենք մեկ ամիս առաջ դա դարձնել հրապարակային: Հասարակությունը բոլորին ճանաչում է՝ եւ տաղանդավոր ջութակահարին, եւ մասնագետները կասեն: Եթե նրանցից մեկը վեր կենա ասի, որ ես ճանաչում եմ, տաղանդավոր չի ու իրավունք չունի օգտվի, բնականաբար, կառավարությունը չի կարող տալ տարկետում: Մասնագետներին ենք գնալու հարցնենք, գործարարին չենք հարցնելու՝ տաղանդավո՞ր է, թե՞ չէ»:

Նա նշեց, որ, որպես կանոն, մութ գործերը մութ էլ արվում են, հանրայնորեն չեն արվում, հանրային վերահսկողության ներքո ուսանողները կարող են պայքարել, որ խուսափողներ չլինեն. «Ինչի՞ դեմ են պայքարում, ես ուղղակի չեմ հասկանում»:

Մեր հարցին՝ այս նախագծի հետ կապված ընդդիմության քննադատությունն այն էր, որ բանակում չծառայածների իշխանությունը եկել, ասում է՝ պիտի բոլորը գնան բանակ, ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը՝ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Կոնկրետ ես էլ եմ եկել եւ ասում եմ՝ բոլորը պիտի գնան բանակ, ես էլ եմ այս իշխանության ներկայացուցիչ: Ես իմ համար պատասխանեմ՝ ծառայել եմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930