«Թուրքը չլսի, անեկդոտի թեմա չսարքի». սպային օրենքով արձակուրդ են տալու՝ սեփական կնոջ ամուսնության կապակցությամբ (Տեսանյութ)

«Թուրքը չլսի, անեկդոտի թեմա չսարքի». սպային օրենքով արձակուրդ են տալու՝ սեփական կնոջ ամուսնության կապակցությամբ (Տեսանյութ)

ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծն է քննարկվում: «Ելք» խմբակցությունը այս նախագծի հետ կապված առաջարկներ էր արել, որ գլխավոր շտաբի պետի նշանակման, աշխատակազմի հարցերը կարգավորվեն այլ կերպ:

Կառավարությունը մերժել էր առաջարկները:

Այսօր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ առաջարկ ներկայացնելն էլ իմաստ չունի, ինչ էլ առաջարկում են՝ չի ընդունվում. «Ես ինքս կառավարության ներկայացուցչին եմ մոտեցել եւ բանավոր ասել, որ հարգելիներս, «Զինվորական ծառայության մասին» օրենքում երկու դրույթ կա, որից ենթադրվում է, որ զինվորական ծառայողին, սպային կարելի է արձակուրդ տալ այլոց թվում նաեւ սեփական կնոջ ամուսնության առիթով: Ասել եմ՝ սա բարձրաձայնելու բան էլ չի, էլի անիմաստ անեկդոտների տեղիք կտա, խնդրում եմ նայեք, փոխեք այդ դրույթը: Հիմա բերել են նախագիծը, այդ դրույթը նույն ձեւի է: Հիմա ես ինչ անեմ, կարող է խորհրդարանական մեծամասնությունը մտածում է, որ ՀՀ ԶՈՒ սպային կարելի է արձակուրդ տալ՝ սեփական կնոջ ամուսնության կապակցությամբ: Դե հիմա քվեարկեք՝ ընդունեք: Դա էլ այն թեման չի, որ գրավոր առաջարկ ներկայացնենք, որ թուրքը չլսի, անեկդոտի թեմա չսարքի, միջանցքում մոտեցել ասել եմ՝ էդ էլ չեք արել»:

Նիկոլ Փաշինյանը նորից անդրադարձավ http://www.aravot.am/2017/10/26/915974/ Վիգեն Սարգսյանի ամփոփիչ ելույթին՝ դա որակելով հարձակում՝ իրենց խմբակցության վրա: Նա զգուշացրեց, որ ՊՆ նախարար չէ, ով ուզում է լինի՝ ուզում է ԱԱԾ-ի պետ լինի, չի կարող իրենց խմբակցության հետ նման տոնով խոսի ու ձեռքն էլ մեկնի:

ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ որեւէ մեկը ձեր վրա հարձակվելու ցանկություն չի ունեցել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք