Տրվել է «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը

Տրվել է «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը

Նոյեմբերի 14-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Կին» 14-րդ միջազգային կինոփառատոնի մամուլի ասուլիսը:

14 տարի շարունակ փառատոնը ներկայացնում է աշխարհի տարբեր երկրներում ապրող՝ ստեղծագործող կին ռեժիսորների ֆիլմերը;

«Կին» փառատոնի հիմնադիր տնօրեն Կարինե Օհանյանի հաղորդմամբ՝ ամեն տարի նոր ֆիլմեր են ցուցադրվում, նոր խնդիրներ են բարձրացվում, տարբեր լուծումներ են տրվում այդ խնդիրներին: Փառատոնի առանձնահատկությունը տարբեր ազգերի հայացքների խաչվելն ու կանանց խնդիրները բարձրաձայնելն է՝ յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ արտահայտում է սեփական օբյեկտը:

Այս տարի կինոփառատոնը ստացել է 500 հայտ, որից միայն 60 ֆիլմն է ընտրվել՝20 երկրներից: Հայաստանից ներկայացված է 3 ֆիլմ:

Հյուրերի ծրագրում կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակներ ստացած ֆիլմեր։ Դրանք են՝ «Ներխուժում Բերգմանի տարածք» (ռեժ.՝ Ջեյն Մագնուսսոն և Հայնեկ Պալլաս, Շվեդիա), «Ձյուն կար» (ռեժ. Թամարա Ստեփանյան, Ֆրանսիա֊ Հայաստան), «Քամին փչում է» (ռեժ.՝ Արմինե Անդա, Հայաստան), «Բարի լույս» (ռեժ.՝ Աննա Արևշատյան, Հայաստան), «Մեղեդի ստեղծողները» (ռեժ.՝ Լեսլի ֊Անն Կոլս, Կանադա), «Քամու հպումը» (ռեժ.՝ Ելենա Վերեմեևա, Ռուսաստան):

Խոսելով մասնակիցների թվի մասին, տիկին Օհանյանն ասաց, որ շատ քչերն են շարունակում ֆիլմեր ստեղծել, թեև ամեն տարի ցուցադրվում են անգամ ուսանողների ֆիլմերը: Բայց, այնուամենայնիվ, նրա կարծիքով՝ ունենք և որակական, և քանակական փոփոխություններ: Նրա խոսքերով, մրցույթին մասնակից ֆիլմը պետք է իրենից ներկայացնի արվեստի արժեք ՝գեղագիտական չափանիշներով օժտված:

Միջազգային կինոփառատոնի ավարտին կտրվի լավագույն ֆիլմ, հատուկ մրցանակ, դիպլոմներ, լավագույն ռուսական ֆիլմ մրցանակները:

Իսկ ժյուրիի անդամները հինգն են Սիլկե Ռաբիգեռ (Դորտմունդ/Կյոլն կանանց փառատոնի տնօրեն, Գերմանիա), Լեսլի Անն Կոլս (ռեժիսոր, «Կանացի հայացք» փառատոնի տնօրեն, Կանադա), Ելենա Կորժաևա (Սինե-պրոմոդիստրիբյուտորական կոմպանիայի տնօրեն, Ռուսաստան), Տատյանա Դանիլյանց (ռեժիսոր, Ռուսաստան), Արմինե Անդա (պրոդյուսեր, Հայաստան)։ Անդրադառնալով այժմյան հայկական կինոյի խնդիրներին՝ տիկին Օհանյանն ասաց, «Հայ կինոն ծանրագույն վիճակում է, չեն ստեղծվում այն պայմանները, որ մարդիկ արդյունավետ ստեղծագործեն, բացի այդ, կինոն արտադրություն է և պետք է «էնտուզիազմով» աշխատել: Շատ մեծ ուշադրություն պետք է դարձնենք կինոյին՝ նրա միջոցով է երկիրը աշխարհին ճանաչելի դառնում»:

Տիկին Օհանյանի հավաստմամբ, կինոն կտրված է ժողովրդից, հասարակությունից, իսկ երբ արվեստը հեռու է հասարակությունից, համարվում է մեռած: Այսինքն, երբ ինչ-որ ֆիլմ ցուցադրվում է, ապա կենտրոնացված է լինում հիմնականում Երևանում:

«Մեր հանդիսատեսն էլ ետ է սովորել դժվար ֆիլմեր դիտելուն: Ուզում են նայել ավելի թեթև, պրիմիտիվ ֆիլմեր: Մեր ֆիլմերում բացակայում են եվրոպական չափանիշները, դրամատուրգիան: Երբ դիտում ենք եվրոպական ֆիլմերը, նկատում ենք ասելիք, խորաթափանցություն, գաղափար: Այսօր, ցավոք, չունենք այն փոքրիկ կղզիները, որոնցով կկառուցենք հայկական կինոյի պատմությունը»,-ավելացրեց Կարինե Օհանյանը:

Ռաիսա ՊԱՊՅԱՆ

Հ.Գ.14-րդ Կին միջազգային կինոփառատոնի բացումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-֊ին, ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք