Շուշան Սարդարյանը՝ «Ծառուկյան» խմբակցությանը. «Ստացվում է մի վիճակ, երբ սեփական լոզունգները հակասում են սեփական լոզունգներին»

Շուշան Սարդարյանը՝ «Ծառուկյան» խմբակցությանը. «Ստացվում է մի վիճակ, երբ սեփական լոզունգները հակասում են սեփական լոզունգներին»

«Առավոտի» հարցերին պատասխանում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանը:

-Տիկին Սարդարյան, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խորհրդարանում այսօր արծարծեցին ՊԵԿ-ի կողմից իրականացվող ստուգումների հարցը, որ ծանր կացության մեջ է դրել առևտրականներին: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը:

-Գիտեք, բազմաթիվ անգամ այս նույն դահլիճում ամենատարբեր ձևաչափերով հայտարարություններ են հնչել, թե բիզնեսի համար պետք է հավասար դաշտ ստեղծել, որ ստվերը պետք է հարկման դաշտ բերել, անբարեխիղճ տնտեսվարողների համար խաղի խիստ կանոններ սահմանել և այլն:

Հիմա ունենք մի իրավիճակ, երբ կանխարգելիչ գործողություններ են իրականացվում խնդիրները կարգավորելու ուղղությամբ, օրենքով սահմանված գործիքներով ու լծակներով քայլեր են արվում, և մյուս կողմից էլ պոպուլիզմի պակաս չունեցող հայտարարություններ են հնչում, թե այդ գործողություններով մարդկանց հացն են կտրում, հարկային տեռոր են անում: Այսինքն` ստացվում է մի վիճակ, երբ սեփական լոզունգները հակասում են սեփական լոզունգներին:

Հիմա ինչ է առաջարկվում առևտրի կենտրոնների և տոնավաճառների աշխատակիցներին ընդհանրապես: Որքանով ես տեղյակ եմ պաշտոնական լրահոսից, ՊԵԿ-ի պահանջը եղել է հետևյալը՝ տնտեսվարողները պետք է ինքնակամ վերանայեն հարկային վարքագիծը: Եթե ճիշտ եմ հիշում, այդ նպատակով անգամ վերլուծություններ էին իրականացվել և յուրաքանչյուր ընկերության մասով ստվերի անձնագիր էր կազմվել: Տնտեսվարողներին առաջարկվել է ընդամենը փաստաթղթավորված աշխատել և իրական շրջանառությունը հայտարարագրել: Բայց, փաստորեն, այն տնտեսվարողները, ովքեր այդ վարքագիծը դեպի դրականը փոփոխելու պատրաստակամություն չեն դրսևորում, նրանց առաջադրած պահանջները փորձ է արվում ներկայացնել որպես հարկային տեռո՞ր կամ թե անօրինական գործողությո՞ւն:

Տոնավաճառներում գործունեություն իրականացնողները պարզ է, չէ՞, որ գործարար շղթայի, ինչու ոչ՝ նաև ապրանքաշրջանառության ցիկլի մաս են կազմում, հետևաբար շրջանառության հաշվառումը ճիշտ իրականացնելու համար կատարվող քայլերը վերաբերում են նաև նրանց: Լինի տոնավաճառում, խանութում, թե մեկ այլ տեղ, մեր ժողովուրդն է և, այո, տուն պահելու խնդիր է լուծում: Առնվազն անազնիվ կլինի այդ փաստի հետ հաշվի չնստել, բայց դա չի նշանակում, որ դա պետք է լինի օրինական դաշտից դուրս աշխատելու հաշվին:

-Որպես «Գազպրոմի» նախկին աշխատակից՝ ինչպե՞ս եք վերաբերվում գազամատակարարման ոլորտի վերաբերյալ բարձրացված հարցերին:

-Գազամատակարարման ոլորտի հարցերի հետ կապված հիշեցնեմ, որ դեռ 2014 թվականին հարցը նորից օրակարգում էր՝ թեև հարցադրումների հռետորաբանությունը մի քիչ այլ տեսանկյունից : Այն ժամանակ ստեղծվեց Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով, և այսօր հարց բարձրացնողն էլ ընդգրկված էր այդ հանձնաժողովում: Հազարավոր փաստաթղթեր ուսումնասիրվեցին, որ մատակարար կազմակերպությունը ներկայացրել էր՝ դրանց ուսումնասիրության հիման վրա հանձնաժողովի կողմից համապատասխան եզրակացություն ներկայացվեց, և հարցերի գերակշիռ մասը բավարար պատասխան ստացավ:

Այսօր դարձյալ շեշտվեց գազի կալորիականության թեման: Օրինակ, կալորիականության մասով եզրակացության մեջ նշված էր, որ բացի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լաբորատորիայից՝ Հայաստան ներկրվող բնական գազի ֆիզիկաքիմիական ցուցանիշների չափումներ ՀՀ տարածքում իրականացնում են նաև գազի խոշոր սպառող հանդիսացող «Հրազդանի» ՋԷԿ, Երևանի ՋԷԿ, ինչպես նաև «Արարատցեմենտ» ընկերությունների լաբորատորիաներում, կրկնում եմ նաև՝ «Արարատցեմենտ»: «Վերոնշյալ կազմակերպությունների և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ լաբորատորիաների կողմից արձանագրված ջերմատվության ցուցանիշները համընկնում են»,-կարդում ենք եզրակացության մեջ:

Որպես ոլորտից տեղյակ, ավելացնեմ, որ գազի որակական հատկանիշների չափումներ կատարվում են ամենօրյա ռեժիմով և ցանկության դեպքում՝ հնարավորություն կա դրանց ծանոթանալ և Գազպրոմում, և նշված ընկերությունների մոտ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք