Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազան Հայրն ինձ որևէ լուր չի տվել Հովտունում պատարագ մատուցելու իր ցանկության մասին»․ Տեր Հովսեփ Գալստյանի պարզաբանումը

Նոյեմբեր 14,2017 23:30

Ինչպես տեղեկացրել ենք, կիրակի օրը Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հովվական այցն Ամասիայի տարածքում գտնվող Հովտուն բնակավայր չի կայացել, քանի որ պարզվել է՝ հունական կիսաքանդ եկեղեցում պատարագ է մատուցում Կաթողիկե եկեղեցու քահանան։

Շիրակի թեմի առաջնորդն Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանել էր, որ իր Պատարագը դիտավորությամբ են խափանել, իսկ ինքն այս մասին ստիպված է բարձրաձայնել, քանի որ իր հետ լրագրողներ են եղել, որոնց անհրաժեշտ էր բացատրություն տալ։

Aravot.am-ին այս թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացրեց նաև Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչ, Հովտուն բնակավայրի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Գալստյանը։

«Նախ ասեմ, որ Հովտունը միատարր կաթողիկե համայնք է. կաթողիկե ասելով՝ ի նկատի ունեմ, որ բոլոր ընտանիքները կաթողիկե են, եթե հաշվի չառնենք մկրտությամբ Հայ Առաքելական եկեղեցու զավակներ հարսների ներկայությունն ընտանիքներում, բայց հարսները, երբ որ պսակվում են կաթողիկե ամուսնու հետ, ըստ մեր եկեղեցական Պսակի օրենքի, հոժարությամբ ընդունում են ամուսնու դավանանքը։ Հետևաբար, խոսել գյուղում առաքելականների գոյության մասին, երևի թե, այնքան էլ ճիշտ չէ։ Բոլոր ընտանիքներն, այսպիսով, կաթողիկե են՝ թե նախնիների ժառանգությամբ և թե մկրտությամբ։ Այդ գյուղում մենք 90-ականների կեսերից մշտապես մատուցել ենք Սուրբ Պատարագ, շաբաթ կամ կիրակի օրերին և կատարել ենք այլ հոգևոր արարողություններ թե՛ դպրոցի մեջ, և՛ թե հունական կիսավեր եկեղեցում՝ կախված եղանակային պայմաններից և նպատակահարմարությունից։

Վերջին ընթացքում առավել ինտենսիվ են դարձել մեր հոգևոր միջոցառումները, մատուցում ենք Սուրբ պատարագներ և կազմակերպում ենք ջերմեռանդական այլ աղոթքներ, թափորներ, քրիստոնեական դասեր, խորհրդածություններ և ոչ միայն շաբաթ կամ կիրակի օրերին։ Մի այդպիսի միջոցառում էլ՝ նվիրված Աստվածամոր 1917 թվականին Պորտուգալիայի Ֆաթիմա բնակավայրում երևումների հարյուրամյա հոբելյանին, նախատեսված էր կատարել այս կիրակի օրը՝ նոյեմբերի 12-ին։ Ես՝ որպես այդ համայնքի հոգևոր հովիվ, ազատ եմ միջոցառումների նշանակման և կազմակերպման ձևի մեջ։ Գրեթե մշտական ներկայություն ունեմ համայնքում, իսկ միջոցառումների նախապատրաստական ընթացքը կարող է տևել շատ կարճ, ընդամենը ժամեր և կարող է տևել երկար։ Ինչո՞ւ կարճ, որովհետև համայնքը շատ համախմբված է, փոքր է, ջերմեռանդ է, և հնարավոր է նույնիսկ կես ժամում ամեն ինչը կազմակերպել։ Եվ ես ազատ եմ ամեն օր կազմակերպելու և այդ օրը ևս նախատեսված եղել է»,- ասում է Տեր Հովսեփ Գալստյանը։

Նա նշում է, որ իրեն ո՛չ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, ո՛չ էլ Հայ Առաքելական եկեղեցու Ամասիայի հոգևոր հովիվը որևէ ձևով չեն տեղեկացրել, որ Սրբազանն ուզում է այդինչ օրը, այդինչ ժամին պատարագել գյուղում։

«Մինչդեռ հարգանքի սկզբունքը, եղբայրասիրությունը պահանջում են գոնե տեղեկացնել, իսկ ավելի ճիշտ խնդրել կազմակերպել Սուրբ Պատարագի մատուցումը, ինչպես որ եղել է մշտապես․ Սրբազան Հայրը, երբ նախկինում ուզել է պատարագել մեր գյուղերում, նախապես զանգել, ասել է տեղի հովվապետին, խնդրել է կամ կազմակերպել պատարագը, որին ինքը պիտի մասնակից լինի կամ ասել է, որ ուզում է ինքը պատարագել և ուրեմն խնդրել է, որ Պատարագը կազմակերպվի։ Եվ ամեն անգամ, երբ որ այդպես պատշաճ հարգանքով իր խնդրանքն ասել է, ոչ մի անգամ չի մերժվել և միշտ սիրով ընդունվել է․ կամ ինքն է պատարագել, իր հայրական խոսքն է ասել և իր օրհնությունը բաժանել է ժողովրդին, կամ ինքն է մասնակցել, դարձյալ իր խոսքն է ասել ժողովրդին և վերջում օրհնել։ Այնպես որ, որևէ խնդիր չի եղել, և սա տարրական հարգանքի և փոխադարձ ըմբռնման, եղբայրասիրության մի գեղեցիկ քայլ է, որ անհրաժեշտ է կատարել։ Բայց այս անգամ ո՛չ Սրբազան հայրը, ո՛չ էլ Ամասիայի հովիվը ինձ ոչ մի ձևով չեն տեղեկացրել, մինչդեռ Սրբազան հայրն անցած տարվա գարնանը, երբ պատահաբար այցելեց Հովտուն, տեսավ, որ ես այնտեղ պատարագում էի։ Ես ընդառաջ գնացի սիրով ու ասացի՝ բարով եք եկել Սրբազան Հայր, ինչո՞վ կարող եմ Ձեզ օգտակար լինել։ Մենք զրուցեցինք շատ ջերմ, նորմալ, ուստի ինքը գիտի, որ ես այնտեղ աշխատում եմ։ Եվ գիտի, թե համայնքն ինչքան ջերմեռանդ է, ինչում վստահ եմ, որ ինքը համոզվեց բնակիչների հետ խոսելիս՝ իր նախատեսած Սուրբ Պատարագի նախապատրաստության փուլի ընթացքում, որը իրենց խոսքով՝ տևել է մոտ երկու շաբաթ, բայց ոչ մի խոսք ինձ չեն ասել։ Եվ ես, բնականաբար, չէի կարող իմանալ հստակությամբ ո՛չ ժամը, ո՛չ օրը։

Հոգևոր միջոցառումների կազմակերպման գրաֆիկի մասին ամենաճիշտ տեղեկությունները կարող է տալ միայն տեղի հոգևոր հովիվը, ոչ թե բնակիչները, ում որ նրանք հարցրել են։ Բնակիչները չեն կարող և պարտավոր էլ չեն իմանալ իմ աշխատանքային և առաքելության ժամանակացույցը՝ համատեղությամբ մյուս համայնքների հետ։ Եվ ես պարտավոր չեմ տեղեկություններ հարցնել իմ համայնքի բնակիչներից՝ Միքայել Սրբազանի մտադրությունների մասին։ Եթե ես չգիտեմ Սրբազան հոր մտադրության և ցանկության մասին, միայն լուրեր եմ լսել անստույգ, ինչպե՞ս ես կարող եմ հստակությամբ ծրագրել իմ աշխատանքը, փոխել ինչ-որ բան, հետաձգել և նաև որոշակի ձևով պատրաստվել իր Սուրբ Պատարագի մատուցմանը։

Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, այսինքն՝ լինելով անտեսված Սրբազան Հոր կողմից, քանի Սրբազանը շատ լավ գիտի այնտեղ իմ գործունության մասին, բայց ինձ անտեսեց, որևէ լուր չտվեց իր ցանկության մասին, բայց եթե խնդրեր, ես սիրով կկազմակերպեի և իր հետ միասին ներկա կլինեի իր իսկ մատուցած Պատարագին, և նույնիսկ, եթե հարկ լիներ՝ ես սպասավորություն էլ կանեի իր համար, ես կկազմակերպեի ամբողջ ժողովրդին, որի հետ ես մշտապես աշխատում եմ։ Եվ շատ արագ ինձ վստահելով՝ մի մեծ բազմություն ներկա կլիներ, և ոչ թե թողնել Ամասիայի հոգևոր հովվին, որը փորձեց, հավանաբար, երկու շաբաթ կազմակերպել, բայց վստահ եմ, եթե Սրբազանը ինձ խնդրեր և վստահեր, շատ ավելի արագ՝ 2 ժամում կկազմակերպվեր, ժողովուրդը ինքը կտեսներ մեզ՝ միասնաբար նույն Պատարագին ներկա, և սա կլիներ եղբայրասիրության, համերաշխության մի գեղեցիկ, աստվածահաճո օրինակ»։

Ըստ Տեր Հովսեփ Գալստյանի, ինքն անորոշ լուրեր ունենալով Սրբազանի մտադրության մասին, այդուհանդերձ իր Սուրբ Պատարագը և Աստածամորը նվիրված թափորը կազմակերպել է հնարավորինս շուտ ժամի։

«Ես լսել էի, որ Սրբազան հայրը, կարծես, ուզում է պատարագել ժամը 11-ի մոտ և դպրոցում, այդպես ինձ հասել էին լուրերը, նորից եմ կրկնում՝ եթե ինձ չէին զանգել և ես չէի խոսել Սրբազան հոր հետ, ես չէի կարող այդ մասին իմանալ, և ըստ էության, պարտավոր էլ չէի ճշտումներ անել, իմանալու։ Եվ ամեն դեպքում այս ամենը նկատի ունենալով հանդերձ՝ ես ավելի կարևորելով աղոթքը և աղոթքի համար միշտ հնարավորությունների ստեղծումը և ոչ թե մարդկային հարաբերությունների ոչ ճիշտ ընթացքն այս պահին, իմ Սուրբ Պատարագը որոշեցի անել կիսավեր բացօթյա եկեղեցում՝ չնայած որ եղանակը շատ ցուրտ էր, և դպրոցի տարածքը թողեցի Սրբազան հորը և թողեցի նաև մեր Սրբապատկերը։ Ես ինքս պատարագեցի կիսավեր եկեղեցում՝ անտեսելով այն հնարավորությունը, որ կարող էր անձրև տեղալ կամ քամի բարձրանալ, ինչը հաճախ է լինում այնտեղ․, այսինքն` ապահով տեղը թողեցի Սրբազան հորը, եթե ինքը ուզենար պատարագել»։

Ըստ մեզ զրուցակցի, ինքը, հստակ չիմանալով Միքայել Սրբազանի ժամանման վայրը, իր Պատարագը սկսել է 9․30 և ավարտել է 11-ի մոտ, մոտավորապես այն ժամին, երբ, ըստ լուրերի, Սրբազան հայրը պիտի սկսեր իր Պատարագը։ «Նույնիսկ եթե մի քանի ժամ տևեին բացօթյա մեր հոգևոր միջոցառումները, դպրոցն ամբողջ օրը մնացել է ազատ, այսինքն` Սրբազան հայրը որևէ խոչընդոտ չի ունեցել գյուղում պատարագելու։ Աղոթքի համար իմ կամ ժողովրդի կողմից խոչընդոտ չի հարուցվել։ Եթե Սրբազանը մտածում է, որ Հովտունից իր պատարագին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կային, նույնիսկ եթե նրանք իմ պատարագին ներկա էին, և իմ պատարագի ընթացքում, եթե իր պատարագը սկսեր Սրբազան հայրը, այդ անձինք վստահաբար կգնայի նրա պատարագին կմասնակցեին։ Ես տեղ էլ, ժամանակ էլ թողել եմ Սրբազան Հոր պատարագը մատուցելու համար, և որևէ խոչընդոտ չեմ հարուցել, ես կատարել եմ իմ պարտականությունը, մանավանդ, որ Սրբազանը չի զգուշացրել իր ցանկության մասին»։

Տեր Հովսեփ քահանա Գալստյանը նաև ասում է, որ ինքն այդքան հարգանք ունի իր և իր ժողովրդի հանդեպ, որ անգամ չմտածի որևէ մեկին արգելելու կամ, Սրբազանի բառերով՝ ահաբեկելու մասին, որ Միքայել Սրբազանի պատարագին հանկարծ չմասնակցեն։ Այդպիսի վարքը, ըստ մեր զրուցակցի, իրենից շատ հեռու է։ «Ինչպե՞ս ես կարող եմ արգելել մեկին մասնակցել աղոթքի, ինչպե՞ս կարող է Սրբազան Հայրն այդպիսի բան ասել իմ մասին։ Ես կարող եմ իմ ժողովրդին բացատրել կարևորությունը՝ Սուրբ խորհուրդները ստանալու կաթողիկե, այսինքն` մեզ համար Մայր Եկեղեցում, բայց ես չեմ կարող թերագնահատել Առաքելական եկեղեցու Սուրբ խորհուրդների մատուցման ձևը և էությունը, որովհետև նույն խորհուրդն է։ Մենք նույն հարգանք ու սերն ունենք այդ խորհուրդների նկատմամբ, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսն է մատուցվում Սուրբ Պատարագին»։

Զրույցի վերջում Տեր Հովսեփ Գալստյանը հավելեց, որ ինքը հիմա էլ պատրաստ է Միքայել Սրբազանի համար կազմակերպել Պատարագ կամ այլ հոգևոր միջոցառում, եթե, ըստ կաթողիկե եկեղեցու քահանայի, նա «հարգանքով և սիրով» իր ցանկությունը հայտնի իրեն կամ իր առաջնորդ արքեպիսկոպոսին։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ https://armenianchurchco.com կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930