Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչն է Հայաստանում վաճառվում

Նոյեմբեր 15,2017 09:59

Բազմիցս արդեն գրել եմ, որ ցանկացած անձնական հարձակում՝ անկախ նրանից, թե ով է հարձակման թիրախը, ինձ համար անընդունելի է: Մանավանդ՝ եթե թիրախավորված անձը պատերազմող երկրի պաշտպանության նախարար է: Ցանկացողները կարող են ստուգել «Առավոտի» պահոցում, որ ես նույնքան դեմ էի, երբ «կապը կտրած» հայտարարություններ էին անում Սեյրան Օհանյանի, առավել եւս՝ նրա ընտանիքի հասցեին: Նրա ղեկավարած կառույցն, այո, ուներ (ունի) բազմաթիվ թերություններ, բայց դրանք ոչ այնքան բանակի, որքան ամբողջ պետական համակարգի արատներն են: Ինչպես վերջերս միանգամայն տեղին գրում էր գործընկերներիցս մեկը, հնարավոր չէ այդ մեխանիզմի ինչ-որ օղակ «մաքուր պահել»՝ ամբողջը պետք է աստիճանաբար մաքրվի: Բայց ինքնահաստատվել` պաշտպանության նախարարին «անձնապես կպնելով» (ավանդույթ, որը գալիս է դեռեւս Վազգեն Սարգսյանի ժամանակներից)՝ նման ձեւով փառք ձեռք բերելու մեթոդներն ինձ կասկածելի են թվում:

Սակայն պետք է հասկանալ, որ այդպիսին է մեր քաղաքական մշակույթը, այդպիսին է մեր հասարակությունը, եւ այս դեպքում նույնպես կարելի է ասել, որ քաղաքական գործիչները վաճառում են այն «ապրանքը», որը պահանջարկ ունի: Իսկ «վաճառվում է» ագրեսիվ, բամբասկոտ, «լաչառ» ոճը: Դրա շնորհիվ է, որ հնարավոր է ձեռք բերել երկրպագուներ, լայքեր, հրճվալից բացականչություններ եւ այլն:

Մի բան էլ կա, որ Հայաստանում լավ է վաճառվում՝ «դավադրություններ բացահայտելը»: Հենց որ ձեզ ինչ-որ բան դուր չի գալիս, միանգամից դեմքին տալիս եք խորամանկ եւ առեղծվածային արտահայտություն եւ կիսաձայն արտաբերում եք՝ «ես գիտեմ, թե որտեղից է այդ ամենը գալիս»: Եվ քանի որ մենք մեծապես ազդված ենք ռուսական քաղաքական մշակույթից, այդ՝ մշուշով պատված, խորհրդավոր «չարիքի կենտրոնն» ունի կոնկրետ անուններ՝ Արեւմուտքն իր ամբողջականության մեջ, հրեաները, մասոնները կամ «հուդամասոնները» (ի դեպ, չափազանց անգրագետ ձեւակերպում է), աշխարհի ուժային կենտրոնները, ԼԳԲՏ համայնքը… եւ, իհարկե, Սորոսը:

Պատկերացումն այն մասին, որ ամբողջ աշխարհի դարդուցավը կտրվել է, եւ բոլոր «մութ» ուժերի նպատակը Հայաստանին եւ հայերին «վատություն» անելն է, գալիս է, բնականաբար, մտահորիզոնի նեղությունից, քիչ կարդալուց, քիչ խորհելուց: Եվ հետո՝ այդպես ավելի հեշտ է ապրել. եթե ես ընդունում եմ, որ մարդիկ առաջնորդվում են իրենց սեփական համոզմունքներով (ճիշտ, թե սխալ), ապա հնարավոր է՝ ես փորձեմ նրանց հասկանալ: Իսկ ասել՝ «նա պատվեր է կատարում», նշանակում է ազատվել ուրիշի մտքերի մեջ խորանալուց:

Մի կողմից՝ լաչառություն, մյուս կողմից՝ դավադրությունների փնտրտուք: Մտածելու ժամանակ չի մնում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ruben says:

    «Ինչն է Հայաստանում վաճառվում»
    Իսկ ձեր կարծիքով Հայաստանում ի՞նչը եւ ո՞վ չի վաճառվում: Օրինակներ կա՞ն:

  2. Artur Lazarian says:

    ՊԱՀՈՑ – ի՜նչ լաւ բառ է,,

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Արխիվը չի՞: Էլի՞ ինչ որ բան սխալ եմ գրել: 🙂

      • Artur Lazarian says:

        Լաւն էր,,
        Էնքան եմ «բողոքաւոր» մեկնաբանութիւններ գրել, որ դժուար է պատկերացնել, թէ կարող եմ նաեւ լաւ բան գրել 🙂

        Այո՛, արխիւն է: Ձեզ էի գովում 🙂

        Հաճելի երեկոյ եմ մաղթում,,

  3. gib.gibindus says:

    Ինչպես ասում էր իմ երիտասարդ տարիների լուսահոգի ընկեր Կախա Բինդուկիձեն, ամեն ինչ կարելի է վաճառել՝ բացի խղճից (все можно продать, кроме совести): Վախենամ մեր մոտ այդ վերջինն էլ է ծախվում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930