Օրենքը բոլորի համար է. հարկերը պետք է վճարել. ՀՀԿ պատգամավորը՝ «Ծառուկյան» դաշինքին. «Հայոց աշխարհ»

Օրենքը բոլորի համար է. հարկերը պետք է վճարել. ՀՀԿ պատգամավորը՝ «Ծառուկյան» դաշինքին. «Հայոց աշխարհ»

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները համոզված են, որ տոնավաճառներում առեւտուր անող քաղաքացիների նկատմամբ իրականացվող կոշտ վարչարարությունն իրեն չի արդարացնում, քանզի այդ մարդիկ ոչ թե բիզնես են անում, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից, այլ ընդամենը սոցիալական խնդիր են լուծում՝ վաստակում են իրենց ընտանիքների հանապազօրյա հացը։

Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԸ համաձայն չէ այդ գնահատականներին.

– Չեմ կարծում, թե սա զուտ սոցիալական խնդիր է. ով աշխատում է, նա սոցիալական հարց է լուծում՝ ես էլ եմ սոցիալական հարց լուծում, Նաիրա Զոհրաբյանն էլ, բոլոր աշխատողներն էլ լուծում են սոցիալական խնդիր։

Այսինքն՝ այստեղ խնդիր չե՞ք տեսնում։

-Գուցե խնդիր կա, բայց չգիտեմ՝ որտե՞ղ է այդ խնդիրը, չեմ հասկանում։

Առեւտրականները բողոքում են, որ հարկային օրենսդրությունը չի նպաստում փոքր բիզնեսի զարգացմանը, ավելին՝ այդ դաշտում աշխատելով՝ հնարավոր չէ ընտանիք պահել։

– Ես մի բան կարող եմ ասել՝ օրենքը բոլորի համար է. հարկերը պետք է վճարել, իսկ եթե ուզում են օրենքը փոխել, թո՛ղ այդպես էլ ասեն։ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները, որոնք այսօր պաշտպանում էին նրանց շահերը, իմիջիայլոց, պատգամավորներ են եւ կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե հանդիպել են, քննարկել մարդկանց հուզող խնդիրները, թո՛ղ ընթացք տան, փորձեն բավարարել նրանց կարիքը։ Կարիք բավարարելը ամբիոնից բարձրաձայն խոսելը չէ՝ պետք է լսել, քննարկել, հասկանալ խնդրի էությունը եւ գտնել լուծումներ։

Ասել է թե՝ ԲՀԿն պոպուլիզմո՞վ է զբաղված։

– Դե, գիտեք, քաղաքականության մեջ սա ընդունված սկզբունք է։ Ես կոնկրետ դեպքը նկատի չունեմ, բայց ցանկացած կուսակցություն, ցանկացած պատգամավոր, քաղաքական գործիչ կամա թե ակամա պոպուլիզմով է զբաղվում, որովհետեւ պոպուլիզմը քաղաքական կատեգորիա է։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք