Լրահոս
Օրվա լրահոսը

«2018-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին, մարդիկ ավելի վատ են ապրելու». Փաշինյանը հորդորում է հակառակն ապացուցել (Տեսանյութ)

Նոյեմբեր 15,2017 11:42

2018-ի պետբյուջեի նախագիծն է քննարկվում ԱԺ-ում: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց բյուջեի կառուցվածքը, քաղաքականությունը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն Արամյանին առաջարկեց, որ բյուջեի նախագծի վերաբերյալ իր պնդումներն ունի, եթե կարող է, նախարարը ապացուցի հակառակը. «Նախ, թոշակները չեն ավելանում 2018-ին, նպաստները չեն ավելանում, նվազագույն աշխատավարձը չի ավելանում, առողջապահական ծախսերը նվազում են 5 մլրդ դրամով, սոցիալական ծախսերը չեն ավելանում՝ նվազում են 300 մլն դրամով, կրթության ծախսերը նվազում են մոտ 700 մլն դրամով, արտաքին պարտքն աճում է, ընդ որում, դուք հիմա վերցնում եք նույնքան պարտք, որքան վերցրել եք ձեր նկարագրած ցնցումային տարիներին, այսինքն՝ ֆիզիկական ծավալը նույնն է: Սրան զուգահեռ գներն աճում են եւ 2018-ը լինելու է ամենամեծ գնաճով տարին՝ վերջին տարիների համեմատ: Եթե 2014-ից հաշվենք՝ մոտ 10 տոկոս գնաճ ենք ունեցել: Այս արձանագրումը նշանակում է, որ աղքատներն ավելի են աղքատանալու եւ մարդիկ առնվազն 10 տոկոսով ավելի վատ են ապրելու 2018-ին»:

Փաշինյանն ասաց, որ այսքան վատ ցուցանիշների հետ մի լավ ցուցանիշ կա. «Բյուջեում ունենք մի հոդված, որն ավելացել է 437 տոկոսով եւ այդ հոդվածի վերնագիրն է՝ պետական աշխատողների պարգեւատրումներ, հատուկ վճարներ, ավելացել է շուրջ 2.5 մլրդ դրամով:

Վարդան Արամյանը պատասխանեց, որ սովորաբար բյուջեն կազմվում է ոչ թե մեկ տարվա համար, այլ տեսլականում պետք է ունենալ 3-5 տարի. «Եթե մենք խոսում ենք միջին թոշակի մասին, 2013-ին եղել է 33 հազար դրամ, այսօր 41 հազար է, աճը շուրջ 30 տոկոս է: Բավարա՞ր է դա, որ մեր թոշակառուները իրենց լավ զգան, իհարկե, բավարար չէ: Գնաճի մասով, երբ հնչեցնում եք, 2014, 2015, 2016-ին կուտակային գնաճը եղել է 5,3 տոկոս: Պետք է նայել միջին գնաճը: 2016-ին մենք գնանկում ենք ունեցել, պետք է հաշվի առնել նաեւ, թե մենք նախորդ տարիներին ինչ ենք արել»:

Ինչ վերաբերում է նվազագույն աշխատավարձին, Արամյանը հիշեցրեց, որ 2012-ին այն 32.500 դրամ էր, այժմ 55 հազար դրամ է, աճը 65 տոկոսից ավելի է. «2018-ի համար մենք սահմանափակ ռեսուրսներ ունենք, պետք է որոշում կայացնենք՝ ի՞նչ անենք: Գնում ենք այն տարբերակով, որ շարունակում ենք նախորդ տարիների սոցիալական քաղաքականությունը, մենք պետք է դադար տանք, որ դեռ մարսենք նախորդ տարիների բարձրացումները, դա համընկել է շոկերի հետ: Որպեսզի այդ շոկերից դու հետ գաս, պետք է տնտեսությունդ աճի»:

Արամյանն ասաց, որ սոցիալական խնդիրներ լուծել ասելով՝ միայն չեն հասկանում նպաստ տալ, աշխատավարձ տալ, պետք է պայմաններ ստեղծել, որ մարդն այդ իրավիճակից դուրս գա:

Փաշինյանն արձագանքեց. «Ձեր ասածից ստացվեց, թե նախորդ տարիներին այնքան բան ենք արել, հեղեղել ենք մեր հանրությանը սոցիալական ապահովության գործիքներով, որ հիմա պետք է թողենք մի քիչ հետ գա: Փաստն այն է, որ աղքատության մակարդակը չի հաջողվում կրճատել, չի հաջողվելու: Այն մեկ-երկու տոկոսը, որ կա, դա Վիճվարչության պետերին կառավարությունը համոզում է՝ մի ստորակետ էս կողմ, էն կողմ են դնում»:

Արամյանը պատասխանեց, որ տրանսֆերտները շուրջ 34 տոկոսով կրճատվել են եւ այդ պայմաններում, իհարկե, սոցիալական լարվածություն եւ աղքատություն կարող է լինել: Կան օբյեկտիվ պատճառներ, բայց իրենք հիմա քայլեր են անում, որ եկամուտ ստանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930