Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է Աստծո անունը զուր տեղը տալը եւ ինչպես խուսափել դրանից

Նոյեմբեր 16,2017 14:30

Տասը պատվիրաններից 3-րդ պատվիրանն ասում է՝ «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետեւ Տերը արդար չի համարում նրան, ով իր անունը զուր տեղն է արտասանում» (Ելք 20:7):

Երբ առաջին անգամ կարդացի այս պատվիրանը, զարմացա այն բանի վրա, թե ո՞վ Աստուծո անունը իզուր տեղը կարտասանի: Ո՞վ կհամարձակվի նման բան անել, կամ թե ինչո՞ւ է այս պատվիրանն այնքան կարեւոր, որ Հին Կտակարանի հարյուրավոր այլ պատվիրանների միջից համարվել է այնքան առաջնային, որ Տերն այն դրել է 10 պատվիրանների մեջ, այն էլ 3-րդ տեղում:

Եկեղեցու հայրերը այստեղ խոսում են աղոթքի մասին:

Նրանք ասում են, որ աղոթքի մեջ ամենաառաջնային բանը ուշադրությունն է: Առանց ուշադրության չկա ճշմարիտ աղոթք: Սա անչափ կարեւոր է հասկանալ ու կիրառել մեր կյանքում: Ուշադրությամբ աղոթելը շատ դժվար բան է: Այ, փորձեք առանց ուշադրությունը շեղելու գոնե մի քանի վայրկյան աղոթել: Չի ստացվում, որովհետեւ մեր միտքը՝ կապված լինելով տարբեր կրքերով ու հիշողություններով, միշտ թափառում է եւ շեղում մեր ուշադրությունը:

Երբ որ մենք աղոթում ենք առանց ուշադրությունը պահելու, մենք Աստուծո անունը զուր տեղն ենք արտասանում: Ու Տերը նրան արդար չի համարում:

Ռուս եկեղեցու սիրված հայրերից մեկը՝ Իգնատի Բրյանչանինովը գրում է. «Աղոթքի հոգին ուշադրությունն է: Ինչպես մարմինն է առանց հոգու մեռած, այնպես էլ աղոքն առանց ուշադրության: Առանց ուշադրության ասված աղոթքը վերածվում է դատարկախոսության, եւ այսպես աղոթողը համարվում է նրանց հետ, ովքեր Աստուծո անունն արտասանում են զուր տեղը»:

Տեսե՛ք: Պատվիրանն ասում է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես»: Հիմա հարց: Երբ դուք աղոթում եք, ու ձեր միտքը թափառում է այս ու այն կողմ, երբ դուք աղոթում եք ու ձեր հիշողությունն այդ պահին լցվում է հին ու նոր կպչուն մտքերով, երբ դուք աղոթում եք, ասենք՝ եկեղեցում, ու ձեր միտքը մեկ մտածում է կողքներդ կանգնած մարդկանց հագուստի, նրանց մազերի կամ շորերի գույների մասին, մի՞թե այսպիսի աղոթքն իզուր չէ: Մի՞թե այս անուշադրությամբ աղոթելն Աստուծո անունը զուր տեղն արտասանել չէ:

Ուրեմն անչափ կարեւոր է իմանալ, որ ամեն անգամ, երբ մենք աղոթում ենք, ու մեր միտքը մեր ասած խոսքերի վրա չէ, այլ թափառում է այս ու այն կողմ, մենք Աստուծո անունը իզուր տեղն ենք արտասանում: Սա չարի նպատակներից մեկն է՝ շեղել մարդու ուշադրությունը աղոթքի ժամանակ: Ու մենք պետք է սա իմանանք ու գիտակցաբար մաքառենք ու պայքարենք այս շեղման դեմ, որպեսզի որքան հնարավոր է՝ ջանք թափենք աղոթքի ժամանակ մեր ուշադրությունը միայն ու միայն Աստուծո վրա պահելու:

Մեր առօրյա կյանքում կան նաեւ բազում ուրիշ դրվագներ, երբ մարդիկ Աստուծո անունը իզուր տեղը արտասանում են՝ առաց անդրադառնալու: Օրինակ, երբ խոսքի ժամանակ հենց այնպես ասում եք՝ «Աստված գիտի…», կամ հենց այնպես ամեն խոսքի մեջ ասում եք՝ «Հիսուս քեզ Քրիստոս» կամ ամեն խոսք, որտեղ Աստուծո անունը իզուր տեղն է օգտագործվում, եւ առավել եւս, առանց ուշադրության, հենց այնպես: Սա դատարկախոսություն է:

Ուրեմն, եկեք այսուհետեւ հատուկ ուշադրություն դարձնենք մեր մտքերին, մեր ուշադրությանն ու մեր բերանի խոսքերին: Բառերը մեծ զորություն ունեն: Երբեմն մենք դժվար իրավիճակներում ենք հայտնվում, որովհետեւ սխալ բառեր ենք օգտագործում: Օրինակ, եթե դուք ասեք՝ «ես անբախտ եմ, իմ բախտը չի բերել, ապա ձեր «բախտը» երբեք էլ չի բերելու, որովհետեւ նախ բախտ չկա, երկրորդն էլ, եթե դուք այդպես եք մտածում ու այդպիսի բառերով եք լցնում ձեր հիշողությունը, ապա էլ ինչ եք ուզում: Այդպիսի հիշողությունը բարի միտք կծնի՞: Բախտ չկա, այլ կա Աստված, պատվիրան եւ ազատ մարդ, ով որոշումներ է կայացնում իր կյանքի համար: Եթե ձեր բառերը հայհոյանք են ու անեծք, ձեր կյանքն էլ կլինի նման մի բան: Իսկ եթե բառերն օրհնություն են, ապա ձեր կյանքն էլ կլինի օրհնություն:

Ուշադիր լինենք, որ Աստուծո անունն իզուր տեղը չարտասանենք: Դրա փոխարեն, ամեն ջանք թափեք, որպեսզի ձեզ մարզեք ուշադրությունը աղոթքի վրա պահելու: Սա երկար տարիների աշխատանք է: Բայց Աստված ժամանակ է տալիս դրա համար, տեսնում ձեր ջանքերն ու օգնում նրանց, ովքեր ջանասիրաբար կատարում են այս հոգեւոր աշխատանքը, որպեսզի իրենց աղոթքները լսվեն ու իրենք ավելի մոտենան Աստծուն:

 

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930