Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոնյանն արժանի է հանդգնության» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 16,2017 15:00

Ֆրանսաբնակ ռեժիսոր Ժիրայր Փափազյանը՝ իր բեմադրած կատակերգության մասին

«Առավոտը» հյուրընկալել էր ֆրանսաբնակ ռեժիսոր Ժիրայր Փափազյանին, որի «Ատամնաբուժն… նորե՞ն» կատակերգության պրեմիերան՝ ըստ Հակոբ Պարոնյանի հանրահայտ երկի, կայացավ օրերս՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում: Ինչպես եւ սպասվում էր, մինչ առաջին բեմելը սկսվեցին շրջանառվել տարաբնույթ խոսակցություններ: Դրանց հեղինակներն ասում էին, թե Երեւանում 1942թ. Թաթիկ Սարյանի առաջին բեմադրությունից հետո, մինչեւ վերջերս էլ, այս ստեղծագործությունը ունեցել է տարբեր մեկնաբանումներ, այդ թվում՝ Հրաչյա Ղափլանյան, Վարդան Աճեմյան, Մարատ Սիմոնյան, Արմեն Էլբակյան: Վերջին անգամ էլ «Ատամնաբույժն արեւելյանին» անդրադարձավ Երվանդ Ղազանչյանը 2002թ.: Այս առիթով պարոն Փափազյանը մեզ ասաց հետեւյալը. «Ինձ էլ են ասել, թե նորե՞ն ատամնաբույժ…

Հենց այստեղից էլ հղացավ կատակերգության անունը»: Դիտարկմանը՝ հանդիսատեսներից շատերը նշում են, թե փափազյանական ընթերցմամբ «նոր ատամնաբույժը» անճանաչելի է, տարբեր՝ բնօրինակից, մեր զրուցակիցը պատասխանեց. «Համամիտ չեմ, քանի որ հարգել ու հավատարիմ եմ մնացել Պարոնյանի հանճարեղ երկի երկխոսություններին, ոճին, հումորին, իսկ օրիգինալից վերախմբագրման միտքը ծագեց այն բանից, որ գրեթե հայկական բոլոր թատերախաղերը կարիք ունեն կառուցվածքային շփումների…Պարոնյանը նախ քիչ թվով թատերախաղ է գրել եւ երկրորդ՝ «Ատամնաբույժն արեւելյանը» ստեղծել է ընդամենը 24 տարեկանում: Ֆրանսիացիները այս դեպքում ասում են՝ դա հեղինակի ջահելության մեղանչումն է»: Ռեժիսորը հավելեց նաեւ, թե Պարոնյանը բախտ չի ունեցել սեփական ստեղծագործությունները տեսնել բեմում, շփվել ռեժիսորների, դերասանների հետ, որոնք, ըստ մեր զրուցակցի՝ «վստահորեն պիտի առաջարկեին բարեփոխումներ, ինչի շնորհիվ էլ հեղինակը կզարգացներ իր դրամատուրգիական տեխնիկան»: Հետո էլ պարոն Փափազյանը նորից շեշտելով, թե անկրկնելի են պարոնյանական երկխոսություններն ու հումորը, ասաց. «Նման տաղանդավոր հեղինակն արժանի է, որ հանդգնություն ունենանք այսօրվա մտածողությամբ մոտենալ այդ ստեղծագործությանը»:


Զրույցի ընթացքում Ժիրայր Փափազյանը տեղեկացրեց, որ «Ատամբնաբույժն արեւելյանը» ինքը առաջին անգամ բեմադրել է Լոնդոնում, ապա Լոս Անջելեսում, հետո Փարիզում՝ ֆրանսերեն: «Ես կառանձնացնեի 2001թ. փարիզյան ներկայացումը՝ մեկ պատճառով. փաստորեն, ֆրանսիացի իսկապես բծախնդիր հանդիսատեսի ջերմ ընդունելությունից հետո հենց փարիզյան տարբերակը հասավ Երեւան, իհարկե՝ հայերեն, «հանդիպելով» դարձյալ բծախնդիր հանդիսականի»,- հայտնեց ռեժիսորը:


Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ հայրենիքում, Համազգայինում շուրջ տարիուկես առաջ իրականացրած առաջին բեմադրությունից՝ Սաշա Գիթրիի «Արի երազենք» պիեսից հետո անդրադարձավ հայ, բայց ոչ ժամանակակից հեղինակի, Ժիրայր Փափազյանը խոստովանեց. «Անհարմար է, բայց իրականությունն այն է, որ ես այնքան էլ ծանոթ չեմ ժամանակակից հայ գրողներին: Մյուս կողմից՝ կարծում եմ, որ հայաստանյան պրոբլեմները բեմադրության տեսքով, ցանկալի է, որ հայաստանցին բեմադրի…»:

Ժիրայր Փափազյանը նաեւ պատմեց, որ երբ իր մտերիմներից ճանաչված դերասանուհի Նորա Արմանին տեսել է «բաց» դրվագներ ներկայացումից, բացականչել է. «Օ՜, հայ դերասաններն ավելի հանդուգն են…»:


ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930