Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Արամյան. Հաջորդ տարի 10 տոկոսով վատ չենք ապրելու (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 13:05

«Չենք կարող ուղղակի մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը՝ որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, թոշակները բարձրացնում ենք, բայց ապագա տարիներին չունենանք բարձր տնտեսական աճ և հարկային եկամուտներ»:

Հաջորդ տարի Հայաստանի բնակչությունը 10 տոկոսով վա՞տ է ապրելու Aravot.am-ի հարցին ի պատասխան, այսօր խորհրդարանում, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ասաց`համամիտ չէ այդ հաշվարկի հետ:

Հիշեցնենք, եկող տարվա բյուջեում նախատեսված կրճատումները նման վերլուծությունների առիթ տվեցին:

Նախարարն ասաց`սպառումն ավելացել է, իսկ դա խոսում է այն մասին, որ մարդկանց մոտ կա եկամուտների աճ, նաեւ`մարդն ունի դրական ակնկալիքներ ապագայի նկատմամբ:

Վարդան Արամյանն ասաց, որ 426 միլիարդ դրամ է հարկավոր, 256 աշխատողի աշխատավարձն ապահովելու համար. «Այստեղ հարց է ծագում՝ արդյոք մենք մեր հարկատուների հաշվին պետք է այդքան աշխատատեղ պահենք»: Դիտարկմանն ի պատասխան`մտահոգություն է առաջացնում այն, որ աշխատաշուկայում մարդկանց այլընտրանքներ չեն առաջարկվում, նաեւ օպտիմալացման անվան տակ կրճատվում են աշխատատեղեր, հիմնարկներ են փակվում, զուգահեռաբար այլ անվանումներով հիմնարկներ են բացվում, որտեղ կրկնակի անգամ շատ մարդ է ընդունվում աշխատանքի, նախարարն ասաց, որ իրենք հանրային հատվածում կրճատումներով, փորձում են նաեւ համապատասխան պայմաններ ստեղծել մասնավորի համար, որպեսզի ներդրումներ անեն:

Մանրամասները`տեսանյութում

«Մեր թիմի եւ ընդդիմադիրների մոտեցման տարբերությունը կայանում է նրանում, թե ինչպես լուծել սոցիալական խնդիրները: Մեր մոտեցումը կայանում է նրանում, թե իրականում ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք տնտեսական աճ: Եթե մենք չենք ունենում տնտեսական աճ, հետագայում պրոբլեմ է դառնում սոցիալական խնդիրները լուծելը, որովհետև չենք կարող ուղղակի մեր ազգաբնակչությանը խոստանալ, որ նվազագույն աշխատավարձը՝ որպես սոցիալական գործիք, բարձրացնում ենք, թոշակները բարձրացնում ենք, բայց ապագա տարիներին չունենանք բարձր տնտեսական աճ և հարկային եկամուտներ: Ներողություն խնդրենք, ասենք՝ գիտեք, մենք չենք կարող հետագայում վճարել ձեր աշխատավարձերն ու թոշակները: Ես՝ որպես ֆինանսիստ, խիստ դատապարտում եմ այն մոտեցումը, որ մենք պերմանենտ բարձրացնենք թոշակներն ու աշխատավարձերը, սոցիալական բնույթի պարտավորությունները ֆինանսավորենք պարտքի հաշվին»,- ասաց Վարդան Արամյանը:

Նա բերեց Հունաստանի օրինակը. ստիպված եղան գնալ կոշտ քայլերի: Նախարարն ասում է` վտանգավոր է անընդհատ բնակչությանը դրամական աջակցություն տալը, քանի որ կառավարության ռեսուրսները սահմանափակ են, իսկ բնակչության պահանջներն անընդհատ աճում են. «Հետեւաբար, ո՞րն է ճիշտ քաղաքականությունը, պետք է օժանդակել մարդկանց, որպեսզի իրենք սեփական ուժերով իրենց սոցիալական վիճակը բարելավեն: Մենք կարծում ենք, որ այն ուղղությունը, որը որդեգրել ենք, ճիշտ է: Մենք չպետք է մեր ազգաբնակչությանը սովորեցնենք, որ նրանք սոցիալապես անապահովներ են»: Ասում է`մարդկանց ձուկ տալու փոխարեն, պետք է պայմաններ ստեղծենք, որ իրենք ձուկ որսան:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930