Լրահոս
Օրվա լրահոսը

Իտալական խոհանոցը կներկայացվի հայ սպառողի դատին

Նոյեմբեր 16,2017 13:39

Մեկ շաբաթ շարունակ՝ նոյեմբերի 20-ից 26-ը, Հայաստանում կկազմակերպվի «Իտալական խոհանոցի համաշխարհային շաբաթը» միջոցառումը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ ողջ աշխարհում միաժամանակ, այդ թվում նաև Երևանում, սպառողին են ներկայացվում Իտալիայի տարբեր շրջանների խոհանոցը, սննդի և գինու իտալական ավանդույթները գովազդող միջոցառումները: Այդ առիթով այսօր՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլլին ներկայացրեց միջոցառման անցկացման կարգն ու բովանդակությունը:

«Այս միջոցառման անցկացումը շատ սիմվոլիկ է, քանի որ և՛ հայերի, և՛ իտալացիների վերաբերմունքը դեպի խոհանոցը շատ նման են: Չնայած ուշադրությունը դարձվում է պատրաստված ուտելիքների վրա, բայց այս երկու ազգերը շատ են կարևորում բաղադրիչների որակը»,- ընդգծեց դեսպանը:

Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 20-ին «Գրանդ հոթել» հյուրանոցում տեղի կունենա կոնֆերանս, որով կազդարարվի միջոցառումների շարքի բացումը: Կոնֆերանսին կմասնակցի Իտալիայի Հարավային Ումբրիայի «Սլոու ֆուդ» ասոցիացիայի ներկայացուցիչը և կներկայացնի այդ տարածաշրջանի սննդի «սլոու» (դանդաղ) սպառման ավանդույթները: «Եվ Երևանում, և Գյումրիում 11 ռեստորաններ կներկայացնեն իտալական ուտեստները և հայ սպառողը հնարավորություն կունենա համտեսել և գնահատել ուտեստը: Հենց «սլոու ֆուդ» հասկացողությունը կապվում է այդ տարածքում հողի մշակման և արտադրության հետ: Այդ կոնֆերանսի ընթացքում կներկայացվեն այնպիսի արտադրանքներ, որոնք դեռ ոչ մի տեղ չեն ներկայացվել»,- հավելեց դեսպանը:

Միջոցառման շրջանակներում ռեստորաններում մատուցվելու է իտալական ճաշացանկ՝ իտալական գինիներով: Այդ ամենը ներկայացվելու է հատուկ գներով: «Սա ուղղված է հայ հասարակությանը իտալական արտադրանքը և բաղադրատոմսերը ներկայացնելուն: Միջոցառումը երկու խոհանոցների հանդիպում է, որոնք նույն կերպով են մտածում»,-իր խոսքում նշեց Ջովանի Ռիչուլլին։

Կարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930