Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաբլոյան. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ»

Նոյեմբեր 16,2017 15:48

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 16-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլին:

Ողջունելով Նիդերլանդների Սենատի նախագահին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այցը տեղի է ունենում երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում եւ հույս հայտնել, որ այն կնպաստի միջպետական եւ միջխորհրդարանական կապերի խորացմանն ու զարգացմանը:

Խոսելով Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացների եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին՝ Արա Բաբլոյանը կարեւորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման դարավոր փորձը եւ ուսանելի համարել այն փորձի փոխանակման առումով: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հստակ քայլերով գնում է դեպի ժողովրդավարություն եւ իշխանության ապակենտրոնացում:

Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը միակ երկիրն է, որը, լինելով ԵԱՏՄ անդամ, պատրաստվում է համաձայնագիր ստորագրել ԵՄ հետ՝ դառնալով կամուրջ Եվրոպայի եւ Ասիայի միջեւ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների Թագավորությանը՝ Հայոց ցեղասպանությունից փրկված գաղթականներին ապաստանելու, հետագայում էլ Ցեղասպանությունն ընդունելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ դատապարտելը կանխարգելման մի ձեւ է:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Արա Բաբլոյանը նշել է, որ այս հարցին տարբեր մեկանաբանություններ են տրվում, սակայն պատմականորեն ապացուցված է, որ հայերն են ապրել այդ տարածքում եւ անկախության հանրաքվե անցկացնելով՝ ձեռք են բերել անկախություն: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ արցախցիներն առաջինն էին, որ Խորհրդային Միության օրոք բարձրաձայնեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման եւ մարդու իրավունքների պաշտպանության մասին:

Արա Բաբլոյանը փաստել է. «Մենք խնդիր չունենք Ադրբեջանի ժողովրդի հետ: Մեր խնդիրն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ հարցին լուծում տալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ խաղաղ բանակցությունների ճանապարհով»:

Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Հայաստանը եւ Նիդերլանդները կխորացնեն համագործակցությունը կրթության, առողջապահության եւ մշակույթի բնագավառներում՝ նպաստելով իրենց ժողովուրդների խաղաղ եւ բարեկեցիկ կյանքին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների համար էլ առաջնահերթ տեղ են գրավում ժողովուրդների անվտանգությունը, առողջությունը եւ կրթությունը:

Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը նշել է, որ իր համար մեծ պատիվ է Հայաստան այցելելը: Սենատի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարեւոր դիրք է գրավում տարածաշրջանում եւ կարող է կամուրջ դառնալ Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ՝ կապելով իրար ժողովուրդներ եւ երկրներ:

Անկի Բրուկերս-Քնոլը՝ որպես խորհրդարանական կառավարում ունեցող երկրի Սենատի նախագահ, կարեւորել է Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումները եւ դրանց հաջորդող գործընթացները ժողովրդավարության զարգացման ճանապարհին:

Նիդերլանդների Սենատի նախագահը ՀՀ ԱԺ նախագահին հանգամանալից ներկայացրել է իր երկրում օրինաստեղծ գործունեությանն առնչվող հարցերը, Նիդերլանդների խորհրդարանում եւ կառավարությունում իշխանության եւ ընդդիմության հարաբերակցությունը եւ համատեղ աշխատանքը օրենսդրական նախաձեռնությունների շուրջ:

Տիկին Բրուկերս-Քնոլն անդրադարձել է այս տարվա մարտին Նիդերլանդներում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին եւ նոր, բազմակուսակցական կառավարության ձեւավորման հետ կապված հարցերին:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմենուհի Կյուրեղյանը եւ Արարատ Միրզոյանը:

Հանդիպման ավարտին Նիդերլանդների Սենատի նախագահը գրառում է կատարել է ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը եւ Նիդերլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը ՀՀ Ազգային ժողովի այգում եղեւնի են տնկել՝ ի նշան երկու ժողովուրդների հարատեւ բարեկամության:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930