Լրահոս
Օրվա լրահոսը

Աբսուրդ է՝ մարդիկ 5 օր բողոքում, հացադուլ են անում, բայց կառավարությունն օրենքն ընդունում է, հետո կանչում քննարկման. Դավիթ Սանասարյան

Նոյեմբեր 16,2017 19:10

Օրեր շարունակ դասադուլ անող ուսանողների ժամանակավոր դադարը հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը համարում է հետագա անելիքների մասին մտածելու համար նպատակահարմար:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը պարոն Սանասարյանը հայտարարեց՝ աբսուրդն այն է, որ մարդիկ 5 օր բողոքում են, հացադուլ անում, բայց կառավարությունն օրենքն ընդունում է, հետո կանչում կլոր սեղան-քննարկման: Անդրադառնալով ուսանողների հացադուլին՝ պարոն Սանասարյանն ասաց. «Հացադուլը նշանակում է, որ անելանելիության զգացողություն է եղել: Սխալ է ուսանողների վրա շատ բեռ դնելն ու ասելը, թե չգնացիք, չարեցիք: Այդ մարդիկ, նախևառաջ, քրեաօլիգարխիկ ռեժիմը տապալելու խնդրով դուրս չէին եկել, այլ ընդդեմ օրենքի ընդունման: Իսկ թե հանդիպումներով, թե ինչպես դա կանեն, թողնենք իրենց: Կարծում եմ՝ նրանք գիտակցում են, որ օրենքը դեռ ուժի մեջ չի մտել, քանի դեռ նախագիծը չի ստորագրվել»:

Ըստ հանրային գործչի՝ խնդիրը դեռ լուծված չէ, և դադարն ուսանողների համար միգուցե լավ էր. «Յոթ օր ծանր ռեժիմի տակ մտածել, աշխատել են: Առաջնորդները, բնականաբար, ինչ-որ ճգնաժամային իրավիճակում էին, ուստի լավ կլինի՝ դադարն օգտագործեն, մտածեն՝ ինչ հետևանքներ կարող են լինել»:

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, Զինապարտության մասին օրենքի նախագծի ընդունման առիթով այսպիսի զուգահեռ անցկացրեց. «Իրականում իշխանությունը կարող է կոճակներ սեղմել, թեկուզ ընդունել օրենքներ, որոնցով չեղյալ կհայտարարվեն Նյուտոնի օրենքները, բայց այդ օրենքները չեն դադարի գործել: Իշխանության՝ շտապելու պատճառն այն է, որ ուսանողական ակցիաները գնալով ավելի ուժգին էին դառնում: Խնդիր կար օրենքը ընդունելով՝ վերջակետ դնել այդ բողոքի ակցիաներին, ինչը իշխանությունների մոտ ստացվեց»:

Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ ամենակարևորն այն է, թե ինչ հանրային պահանջների փոխակերպում տեղի կունենա դրանից հետո. «Պահանջները պետք է վերաբերվեն ոչ միայն տարկետման համակարգին, որն ամբողջովին անընդունելի է, այլ ավելի լայն խնդիրների, և շարժումը պետք է վերաիմաստավորվի»:

Ըստ պարոն Իոաննիսյանի՝ ընդունված օրենքը ենթադրում է հասարակության միլիտարիզացիա. «Որքան էլ Վիգեն Սարգսյանը պնդի հակառակը, դա այդպես է:  Մինչդեռ մենք հակառակ գործընթացին պիտի ականատես լինենք՝ բանակի հասարակականում: Լավ կլիներ՝ մի խումբ լիներ, որ մտներ զինված ուժեր և դիտարկեր վիճակը, ինչպես ՔԿՀ-ների պարագայում»:

Խոսելով ուսանողների՝ դասադուլների դադարեցման պատճառների մասին՝  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Հայկուհի Հարությունյանը նշեց.  «Ուղղակի օրենքի ընդունման շուրջ առաջացած այս աշխուժությունը, մասնավորապես հավաքների կազմակերպումը ուսանողների կողմից վերջնական արդյունքում հանգեցնելու էր նրան, որ ազգ-բանակ  հայեցակարգի այլ մասեր, որոնք կոնկրետացում չեն ստացել, դառնան քննարկման առարկա: Դա շահեկան իրավիճակ չէր ստեղծում հենց գաղափարն առաջադրողների և իշխանության համար: Դադարեցումը ազգ-բանակ գաղափարախոսության չբացելում էր ուղղված»: Հայկուհի Հարությունյանը հույս ունի, որ իրականում քննարկման հարթակը կօգտագործվի և, իսկապես, ազգ-բանակ հայեցակարգի՝ դեռևս չհրապարակված դրույթները կդառնան հանրային քննարկման առարկա:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի համոզմամբ՝ օրենքն արագ անցկացնելու պատճառը վախն է. «Հասկանալի էր, որ եթե օրենքն անցկացնեն, որոշակի կամ մեծ չափով այն ազդելու է շարժման վրա: Չեմ կարծում, որ սա վերջացած գործընթաց է, քանի որ բերված օրենքը, որը նաև ազգ բանակի մի մաս է կազմում, մեծ սպառնալիքներ է պարունակում: Երբ ուսումնասիրում ենք Սերժ Սարգսյանի կամ Վիգեն Սարգսյանի ելույթները, կա մի գաղափար, որ խնդիրը ոչ թե իրենց ձախողումների մեջ է, այլ հասարակության, դրա համար, ըստ իրենց՝  հասարակությանը փորձում են ավելի հայրենասեր դարձնել, բայց կարծում եմ դիմադրություն դեռ լինելու է»:

Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ իշխանություններն իրենց վրայից հանում են պատասխանատվությունը, հակառակ դեպքում, եթե կրկնվի ապրիլյան քառօրյան, հասարակության բողոքը կարող է անդառնալի հետևանքներ թողնել իշխանությունների վրա, հնարավոր է նրանք այլևս չկարողանան իշխանություն պահել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930