Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Պատգամավորը ՊԵԿ-ի՝ «Առինջ մոլում» հայտնաբերած ստվերի մասին. «Տպավորություն է, որ հետին թվով, մտածված հնարք է»

Նոյեմբեր 16,2017 21:12

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է «Առինջ մոլ», «Սուրմալու» եւ «Փեթակ» տոնավաճառների հարկային մուտքերի տվյալները, որով, ըստ էության, ՊԵԿ-ը ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների բարձրացրած հայտարարություններին է հակադարձում եւ ցույց տալիս, որ «Առինջ մոլում» գործող տնտեսվարողները ստվերային գործունեություն են իրականացնում, իսկ իրականացվող հարկային ստուգումները քաղաքական նպատակ չունեն:

Հիշեցնենք, որ «Առինջ մոլի» առեւտրականները բողոքի ակցիա էին անում ԱԺ-ի մոտ եւ պահանջում դադարեցնել հարկային ստուգումները:

Հիշեցնենք նաեւ, որ «Ծառուկյան «խմբակցության պատգամավորները ԱԺ-ում այս օրերին հայտարարում են, որ «Առինջ մոլում» (այն պատկանում է Գագիկ Ծառուկյանի ընտանիքին) հարկային ստուգումներն ուղղակի «տեռոր են» եւ եթե ՊԵԿ-ն ուզում է ստվեր գտնել, ապա թող օլիգարխների՝ Մոնումենտի դղյակներում փնտրի:

Հիշեցնենք նաեւ, որ այս մեղադրանքներին ՊԵԿ-ը հակադարձել է թվերով. «Եթե «Փեթակ» տոնավաճառում գործունեություն իրականացնող 345 հարկ վճարող նշված ժամանակահատվածում ունեցել է շուրջ 4 մլրդ դրամի շրջանառություն, «Սուրմալու» տոնավաճառի 361 հարկ վճարող՝ ավելի քան 4.5 մլրդ դրամի շրջանառություն, ապա «Առինջ մոլում» գրեթե կրկնակի մեծ քանակով գործող 748 հարկ վճարողները ցույց են տվել ընդամենը մոտ 2.9 մլրդ դրամի շրջանառություն»: ՊԵԿ-ը նաեւ նշում է՝ «Երբ 748 տնտեսվարող ունեցող տոնավաճառն ընդամենը 338 աշխատող է հայտարարագրում, այդպիսով փաստելով, որ մի կառույցում 0.4 մարդ է աշխատում, ինչպե՞ս կարող է իրեն թույլ տալ պետական մարմնի հասցեին մեղադրանքներ հնչեցնել՝ խոշոր բիզնեսի փոխարեն փոքր եւ միջին բիզնեսի նկատմամբ կոշտ վարչարարություն եւ չհարկվող շրջանառության դեմ կողմնակալ պայքար իրականացնելու մասին»:

Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում խնդրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից: Նա մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ՊԵԿ-ի հայտարարությունը խմբակցությունում կուսումնասիրեն եւ հանդես կգան հայտարարությամբ:

Պետրոսյանի խոսքերով՝ «Եթե այդ տեսակ բան կար, ապա ինչո՞ւ վարչապետը, երեկ մեր խմբակցությունից 8 հոգի հարց տվեցինք, չպատասխանեց: Այսինքն՝ տպավորություն է, որ հետին թվով, մտածված հնարք է, որ պաշտպանվեն մեր հիմնավոր մեղադրանքներից»: Բացի այս, Պետրոսյանն ասաց, հիմա չի կարող հակադարձումներ անել, քանի որ ծանոթ չէ ՊԵԿ-ի հաղորդագրությանը. «Եթե իրենք ինչ-որ տեքստ են հանձնել հանրության դատին, բնականաբար մենք կուսումնասիրենք փաստերը, մենք որեւէ խնդիր չունենք ու որեւէ մեկից ոչինչ չենք թաքցնում, մենք մեր պատասխանը կտանք»:

Գեւորգ Պետրոսյանը նաեւ ասաց. «Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ ՊԵԿ-ի փաստարկները հիմնավոր են, թող բարի լինեին՝ երեկ հնչեցնեին: Ենթադրվում է, որ վարչապետը պետք է տիրապետեր իրադրությանը: Ես երեկ հղում կատարեցի այն նորմատիվ իրավական ակտերին, ըստ որոնց վարչապետն անմիջականորեն վերահսկում է ՊԵԿ-ի աշխատանքը: Ես հակված եմ այստեղ տեսնել միտում: Մեր հայտարարությունների, մեր գործողությունների հետ կապված որեւէ հանդիպակաց կողմի հայտարարություն կամ որեւէ գործողություն մեր կողմից անպատասխան չի մնում: Եվ անպատասխան չի մնա նաեւ այդ հայտարարությունը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930