Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի չինամետ կողմնորոշումից մինչև «մեծ գաբառիտով» ավտոբուսների բացակայությունը (Տեսանյութ)

Նոյեմբեր 16,2017 22:40

Սախորովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության Շիրակի մարզի գրասենյակում այսօր տեղի ունեցավ քննարկում Գյումրու տրանսպորտի վիճակի մասին։ Նշենք, որ «Բիոսոֆիա» հ/կ-ն մոնիտորինգ է անցկացրել ՝ ուսումնասիրելով Գյումրու 6 երթուղիների աշխատանքը, լսելով նաև ուղևորների դժգոհությունը, առաջարկությունները։

«Մոնիտորինգ Գյումրու ներհամայնքային երթուղային տրանսպորտի սպասարկման որակի բարելավման համար» ծրագրի ղեկավար Համլետ Ղազարյանը նշեց, որ աշխատանք կատարվում է այս ոլորտում, սակայն կան թերացումներ։ «Վարորդների արտաքինը ոչ միշտ է պատշաճ, հիմնականում չսափրված վիճակում են։ Որոշ վարորդներ ուղևորների նկատմամբ վատ վերաբերմունք ունեն, կոպտում են, ծխում են երթուղու ընթացքում, ցածրորակ երաժշտություն են լսում, բարձր միացնում են, նստատեղերի քանակից ավելի մարդկանց են սպասարկում։ Երթուղու ցանկացած վայրում ուղևոր են իջեցնում, վերցնում, կա այս վատ սովորությունը», -ասաց Համլետ Ղազարյանը։

Մասնակիցները շատ ավելի լուրջ խնդիրների անդրադարձան։ Օրինակ՝ որոշ երթուղիների սարսափելի վատ աշխատելը, սահմանված գրաֆիկը չպահպանելը, որոշների՝ ընդհանրապես չաշխատելը, մութն ընկնելուն պես հանրապետության երկրորդ քաղաքը համարվող Գյումրիում տրանսպորտ չլինելը, վարորդների՝ օրվա ընթացքում իրենց տրանսպորտային միջոցի ղեկը մեկ այլ վարորդի փոխանցելը, անգամ անչափահաս տղաների։ «Գյուղի է վերածվել Գյումրին․ Գյումրու տրանսպորտը կաշխատի մալերին դաշտ տանել-բերելու ժամերի պես․ մալի հետ կտանին, մալի հետ կբերեն…», -ասաց ներկաներից Արա Սուքիասյանը։

Մի զավեշտալի փաստ ևս հրապարակվեց․ օրինակ՝ թիվ 11 երթուղին սպասարկում է ընդամենը մի մեքենա, այս համարից օգտվողները ստիպված են 1,5 ժամ սպասել, իսկ կիրակի այդ մեքենան էլ չկա, քանի որ վարորդի հանգստի օրն է։

Մեծ դժգոհություններ եղան նաև նորակառույց «Մուշ» թաղամաս հասնող թիվ 25 երթուղուց։ Երբ խոսք գնաց այս երթուղուց, ներկաներից մեկը ծաղրեց․ «Իդեալական կաշխատի»։ Այն, ըստ այս համարից մշտապես օգտվող Անահիտ Հարությունյանի, ժամը 19․00-ից հետո բացարձակ չի աշխատում։ «Կատաստրոֆիկ» որակվեց նաև թիվ 14 երթուղին սպասարկող միկրոավտոբուսների աշխատանքը։ Մեծ մտահոգություններ հնչեցին նույն ուղղությունը սպասարկող տարբեր համարների, օրինակ՝ թիվ 12, 20 և 1-ին համարի ավտոբուսների վարորդների մրցավազքը, որը կատարվում է ուղևորների անվտանգության հաշվին։ Վերջիններս պայքարի մեջ են մտնում, թե որն ավելի շատ ուղևոր կվերցնեն կանգառներից ու մշտապես վթարավտանգ իրավիճակ են ստեղծում։

Քննարկմանը մասնակցող Արա Սուքիասյանը հետաքրքրվեց, թե մոնիտորինգի ընթացքում վարորդների անձը և մեքենաների համարանիշը համադրվե՞լ են օրվա տարբեր ժամերի։ «Հարցիս ակունքները ներկայացնեմ, օրվա ընթացքում լինում է, որ վարորդը ղեկը հանձնում իր որդուն կամ ընկերոջը, հարևանին, ում որ պատահի, միայն թե ինքը կկարողանա մի ժամով առանց երթուղուց մեքենա հանելու ընդմիջում անի։ Հետո օրվա կեսը մի վարորդ է աշխատում, մյուս կեսը այլ վարորդ»,- ասաց նա։ Մոնիտորինգն իրականացնող անձն ասաց, որ նման դիտարկում չի եղել, որովհետև ճիշտ ժամանակին աշխատելու հարցն էր ուսումնասիրման թիրախում։

Արա Սուքիասյանը նեղված էր նաև մեքենաների վրա փակցվող ցուցատախտակի մանր տառերից, որոնք հուշում են, թե ո՞ր ուղղությամբ է շրջում տվյալ միկրոավտոբուսը։ «Ցանկացած հարցի միակ պատասխանատուն քաղաքապետն է, և քաղաքապետն ինքն է ընտրել տրանսպորտի աշխատանքները կարգավորող պատասխանատուին, թող ինքը պահանջի նրանից։ Քաղաքապետ Բալասանյանի չինաստանամետ, չինամետ կողմնորոշումներն արտահայտվում են նաև երթուղայինների ցուցանակներում։ Մենք սովորաբար չինարենը օգտագործում ենք որպես անընթեռնելի բառի հոմանիշ, ասում ենք՝ չինարեն ես գրել։ Հիմա երթուղիներում մեր մայրենի լեզվով գրածները մոտեցրել են չինարենին, այսինքն՝ անընթեռնելի են, ով է այդ «խելացին», որ որոշել է, թե երթուղիների համարի կողքը 12 տառաչափով գրի», -նեղվեց Արա Սուքիասյանը։

Նա նաև նշեց, որ թիվ 12 համարը սպասարկող գծատերը, չգիտես ինչու, հրաժարվում է իր շահույթից՝ երեկոյան ժամը 21․20-ին կայարանում հայտնվելուց, երբ այդ ժամերին ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին «4 վագոն մարդ» է գալիս Գյումրի։ «Մի անգամ ես շատ դժվարություններ ունեցա, էդ տղան ասեց՝ հո մենք դեսպեից չենք, ախպեր ջան, քո կառուցվածքը ինձ չի հետաքրքրում, ինձ պետք է, որ երթուղին նորմալ սպասարկվի։ Հոգնե՞լ ես, թող փոխարինող գա։ Մի խոսքով, ես տեսնում եմ գրագետ մոտեցման բացակայությունը, եթե տրանսպորտի բաժինը նորմալ ղեկավար ունենա, ոչ թե միայն ի վիճակի լինի վարորդներին սաստելու։ Վարորդների համար ազդեցիկ մարդ լինելուց բացի,անհրաժեշտ է ընտրել նաև տրանսպորտային սպասարկումը կազմակերպող մասնագետի», -ասաց Արա Սուքիասյանը

Ներկաներից մեկն էլ նեղվեց, որ Գյումրիում չկան «մեծ գաբառիտի տրանսպորտային միջոցներ»։ «40 համարի ավտոբուսը հանեցին, թե ձեռնտու չէ, բայց սա ծառայություն է, չե՞ն մտածում, որ մեծ գաբառիտի ավտոբուսն ավելի հաճելի է, հարմարավետությունն ավելին է, էդ մաշված երթուղայինները շատ վատ տպավորություն են թողնում, գաղջ բաներ են»,-ասաց նա։

Մոնիտորինգի շրջանակում հնչել է հետևյալ հարցը՝ ինչպե՞ս կգնահատեք Գյումրու համայնքային տրանսպորտի սպասարկման որակը, համացանցով քվեարկությանը մասնակցած 25 հոգուց ոչ մեկը գերազանց չի ասել, լավ՝ մի հոգի է նշել, բավարար՝ 2 հոգի, վատ՝ 10 հոգի և շատ վատ՝ 12։

«Բիոսոֆիա» հ/կ ղեկավար Գևորգ Պետրոսյանի բնութագրմամբ էլ վարորդները գողական մտածելակերպ ունեն, նրանք տրանսպորտում անընդմեջ ծխում են, որը կոնկրետ օրենքի ու պահանջի խախտում է, վարելու ընթացքում էլ հեռախոսով անընդհատ խոսում են, ականջներին կպած է հեռախոսը, մի ձեռքով միշտ հեռախոսն է պահած։ «Վարորդների հետ ոչ թե սեմինար, այլ ռազբոռկա է պետք անել, իրանց համար պետք է ինչ-որ հեղինակություն գտնել, որ ինքն էլ էնտեղ բացատրի», -ասաց Գևորգ Պետրոսյանը։

Նա քննադատեց նաև տրանսպորտի պետական տեսչությանը։ Ըստ Գևորգ Պետրոսյանի, վերջինս լիազորություններ ունի լուրջ մոնիտորինգ անցկացնելու, մինչդեռ նրանց գործը իրենք են անում։ «Վարորդների վարորդական իրավունքը, արդյո՞ք 17-18 տարեկան երեխան կարո՞ղ է D կարգի վարորդական իրավունք ունենալ, սա տրանսպորտային տեսչությունը պիտի պարզի»,- ասաց Գևորգ Պետրոսյանը։

Քննարկմանը հրավիրած էր նաև քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը, որը չէր եկել։ Ներկաներից Սեյրան Մարտիրոսյանն ասաց, որ պրոբլեմների հասցեատերն, ըստ էության, չկա։ «Իմ համար անընդունելի է էդ աստիճան գավառամիտ, անպատասխանատու տեղական իշխանություն ունենալը։ Հասեցատերերն էլ ավելի շատ պետք է լինեն, քան միայն քաղաքապետարանն է։ Ճանապարհին հեռախոսով խոսելը գուցե ավելի շատ ճանապարհային ոստիկանության խնդիր է, քան քաղաքապետարանի, որոնք դա պիտի նկատեն, իրենց ուշադրությունից բացարձակ դուրս է այդ հատվածը»,- ասաց Սեյրան Մարիտիրոսյանը։ Նա նշեց, որ քաղաքապետ Բալասանյանը, որն ամեն խոսքի վկայակոչում է Հռոմի, Փարիզի, Բրույսելի օրինակները, տրանսպորտի հատվածին էլ պիտի ուշադրություն դարձնի։

Օբյեկտիվ լինելու համար նշենք, որ տրանսպորտային միջոցների փոփոխության անհրաժեշտության մասին օրերս խոսեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Նա Եվրամիության գլխամասի Արևելյան Հարևանության երկրների տնօրեն Լոուրենս Մերեդիթիի հետ հանդիպմանն առաջարկեց ներդրումներ անել այս ոլորտում։ «Տրանսպորտը պետք է արմատապես փոխել, որովհետև հիմա մենք Խորհրդային Միությունից ժառանգություն ստացանք, անհարմար է ասել, բայց նման իրավիճակում չի կարելի թողնել, մանավանդ ունենալու ենք շատ լավ փողոցներ՝ լուսավորված,ասֆալտապատված, պետք է տրանսպորտը համահունչ լինի և կանգառները, և նաև տրանսպորտային միջոցները, ցանցը պետք է նորմալ լինի», -ասաց Սամվել Բալասանյանը։ 

Նկատենք, սակայն, որ տուրիզմի զարգացումից խոսող այդ նույն քաղաքապետը ժամը 21․30-ից հետո ուղևորներին բախտի քմահաճույքին է թողնում, ուշ ժամերի քաղաքային տրանսպորտն այլևս չի աշխատում, անգամ մշակութային միջոցառումների՝ համերգների, թատրոնների օրերին չկան բացառություններ։ Այդ պատճառով էլ մութն ընկնելուն պես քաղաքը մեռյալ, ամայի վայր է հիշեցնում, կյանքը, կարծես, կանգնում է։ Մենք մեր փորձով ենք բազմիցս համոզվել այս հարցում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930