Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԵՑՈՒՄ

Նոյեմբեր 17,2017 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ հարյուր տասնմեկերորդ

ՀԻՇԵՑՈՒՄ

Առաջ ընկնելով ասեմ, որ Ֆելոյի աչքալուսանքի ամբողջ ծախսը Ֆրունզիկն արեց, եւ Ֆելոյի կենացի վրա Հրաչյա Ներսիսյանն ու Ֆրունզիկը հանդիսավորապես խոստացան, որ մի տարի անց Ֆելոյի ռեժիսորականի հարցը կլուծեն, եւ էդ օրը Կենցաղսպասարկման պարագլուխ Մանուչարյան Լուշան էլ էր իր տեղակալի հետ ներկա, եւ չնայած Մանուչարյան Լուշան բարձրաստիճան պաշտոնյա էր, իր համար էլ էր էդ օրը  կարեւորագույն ու երեւելի օր, որովհետեւ Մանուչարյան Լուշան բարձրարստիճան պաշտոնյա լինելով՝ առաջին անգամ էր անձամբ ու էդքան մոտիկից շփվում Հրաչյա Ներսիսյանի ու Ֆրունզիկի հետ, եւ չնայած ինքը բազմազբաղ պաշտոնյա էր, հետներս բավական երկար նստեց, եւ չնայած Մանուչարյան Լուշան հորս բազմիցս զգուշացրել էր, որ արհեստանոցում կերուխումներ չսարքեն, Ֆելոյի առիթով կազմակերպված կերուխումին ինքն անձամբ էր մասնակից, եւ բոլորս էլ հատուկ Ֆելոյի կապակցությամբ էինք հավաքվել, եւ Ֆելոյի կենացը բոլորս հոտնկայս խմեցինք, եւ Մանուչարյան Լուշան էլ Ֆելոյի կենացը հոտնկայս խմեց, եւ չնայած դրանից մի ամիս առաջ հանդիսավորությամբ խոստացել էի, որ այլեւս ոչ մի կաթիլ չեմ խմելու, հորս թույլտվությամբ էդ օրն ինքս էլ Ֆելոյի կենացը խմեցի, եւ չնայած Մանուչարյան Լուշան Ֆելոյի առթիվ կազմակերպված էդ կերուխումին իրեն շատ լավ էր զգում, ինքն ու իր տեղակալը մյուսներիցս շուտ գնացին, եւ գնալուց առաջ  Լուշան հորս ասաց, որ ինչքան ուզում ենք՝ կարող ենք նստել, եւ հիշելով՝ ուզում եմ նաեւ նշել, որ Ֆրունզիկը  Լուշային ու տեղակալին իր ներկայացմանը հրավիրեց, եւ երկու օր հետո Լուշան ու տեղակալը գնացել եւ շատ գոհ էին մնացել, եւ հորս միջոցով Լուշան իր գոհությունն ու շնորհակալությունը փոխանցել էր Ֆրունզիկին, եւ էդ «Սրտի արատ» ներկայացմանը վերադառնալով՝ պիտի հիշելով ասեմ, որ Ժորա Հարությունյանի ու Ֆրունզիկի էդ «Սրտի արատը» թատերասեր հասարակության ամենասիրած ներկայացումներից էր, եւ սա շատ հարմար առիթ է, որպեսզի հիշեմ ու ձեզ էլ հիշեցնեմ թատերագիր, բժիշկ եւ մեր Գրողների միության  գրական ֆոնդի երկարամյա  նախագահ Ժորա Հարությունյանի մասին, ում հնարավորինս ու մեծ հաջողությամբ մոռացել ենք, եւ եթե մենք ազգովի ու դիտմամբ որոշեինք մոռանալ թատերագիր Ժորա Հարությունյանին, դժվար թե  էսքան անվրեպ հաջողացնեինք մոռանալ իրեն, եւ հիմա լուսահոգի Ժորա Հարությունյանին էս վեպիս սահմաններում եւս մի անգամ հիշելով՝ արդեն սկսում եմ մտածել, որ մենք ոչ թե մոռացել ենք լուսահոգի թատերագիր Ժորա Հարությունյանին, այլ, ընդհակառակը,  իր մասին երբեւէ չենք էլ իմացել, ու էս ասածս գրեթե բոլորիս է վերաբերում, եւ չնայած էս վեպիս սահմաններում տարբեր առիթներով մի քանի անգամ հիշել եմ իրեն,  բայց իրեն հիշելս ու իր մասին հեշեցնելս որեւէ նշանակություն չի ունենում, որովհետեւ թատերասեր ու կինոդիտող հասարակությունը՝ հրաշալի իմանալով լուսահոգի Ժորա Հարությունյանի  պիեսներն ու ֆիլմերը, անձամբ Ժորա Հարությունյանի մասին որեւէ պատկերացում չի ունեցել:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930