Լրահոս
Օրվա լրահոսը

Ապացուցել, որ ԳՓՕ-ն բացասականորեն կարող է ազդել մեր օրգանիզմի վրա, դեռեւս անհնար է

Նոյեմբեր 17,2017 15:30

Եվ այսպես՝ լինել, թե չլինել, սա է խնդիրը: Համաշխարհային կապիտալիստական գերհզոր միտքը նոր ստրատեգիա է մշակել. հանձին «Մոնսանտո» գիգանտի՝ ներթափանցել Հայաստանի գյուղատնտեսություն եւ հիմնովին ավերել հայաստանյան գերմաքուր, օրգանական եւ բնական սնունդը: Հատկապես ուշադրություն դարձնել գերմաքուր, ներկրվող շաքարավազի, Բրազիլիայից ներկրվող, աղբով կերակրված խոզի մսի կամ Ռուսաստանից ներկրված բնական «Սադաչոկ հյութերի» անձեռնմխելիության վերացմանը: Մեր գենետիկական ինքնությունը (մենք ենք, մեր գեները) վտանգվում է, եւ ինչպես օգտատերերից մեկը ըստ արժանվույն նշում է՝ «гнать их в шею…»:

Հիմա էլ Հայաստանի գիտական միտքն է խառնվել. ամպագոռգոռ ելույթներ, փուչ հիմնավորումներ, կոչ մեր ազգի լիդերներին եւ այլն… Տարիներ առաջ, երբ Հայաստանում էի, նմանատիպ հարցեր բարձրացվում էին: Սակայն այն ժամանակ էլ ինձ համար անհասկանալի էր, թե ինչու, օրինակ, բուսաբան ակադեմիկոսին հրավիրում էին հեռուստատեսություն, եւ նա կրակոտ ելույթներ էր ունենում ընդդեմ Գենետիկորեն փոխակերպված օրգանիզմների (ԳՓՕ) կամ ընդհանրապես գենային ինժեներիայի (ԳԻ) (թող ինձ ներեն լեզվաբանները, բայց ես բացարձակապես չեմ ընդունում ճարտարագիտություն ասվածը)՝ առանց լուրջ հիմնավորման: Հարցը, սակայն, այն էր, որ վերոհիշյալ շատ հարգարժան եւ բանիմաց գիտնականը իսկապես պատկերացում չուներ, թե ինչ է ԳՓՕ-ն կամ ԳԻ-ն: Գուցե պետք չէ հիշել այդ տարիները, ի վերջո՝ այն ժամանակ ինֆորմացիան շատ սահմանափակ էր, դե գիտնականներն էլ հին սովետական դպրոցն էին անցել, որտեղ կապիտալիստական աշխարհից եկող ամեն նոր միտք ընդունվում էր որպես հակասովետական տարր կամ ոչ գիտական ուղղություն: Սակայն իրավիճակի փոփոխություն, այնուամենայնիվ, եղավ: Այսպես, ավելի մեծացավ ինֆորմացիայի հոսքը, եւ բնականաբար ԳՓՕ-ի մասին ավելի շատ կարելի էր կարդալ, ուսումնասիրել կամ հետեւություններ անել եւ այլն… Ինձ զարմացնում է մեր ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը այս խնդրի վերաբերյալ: Նորից ելույթներ են ունենում նորաթուխ գիտնականներ, որոնք կիլոմետրերով հեռու են ոլորտից, անհիմն օրինակներ են բերում Եվրոպայից կամ այլ երկրներից… Ոչ մի գիտական հիմնավորում, ոչ մի լուրջ հակափաստարկ: Ապացուցել, որ ԳՓՕ-ն բացասականորեն կարող է ազդել մեր օրգանիզմի վրա, դեռեւս անհնար է: Ես, օրինակ, կասկածում եմ, որ կգտնվի այդպիսի մեկը՝ հատկապես Հայաստանում: Նույնիսկ արտասահմանյան առաջատար ինստիտուտների համար այս խնդիրն անլուծելի է մնում: Ամենեւին չեմ ցանկանում գովազդել ԳՓՕ-ները կամ նրանց մուտքը արգելելու վերաբերյալ դասախոսություններ կարդալ: Սակայն ինձ համար կարեւոր է թե գիտությունը եւ թե նրա զարգացումը, ինչպես նաեւ մարդկության ու մեր երեխաների ապագան: Փաստն այն է, որ մարդկությունը ավելի լավ է դիմակայում հիվանդություններին շնորհիվ գիտական ձեռքբերումների: Գենային ինժեներիայով ստացված որոշ դեղանյութերի կամ այլ տեխնոլոգիական նվաճումների շնորհիվ շատ հիվանդություններ հիմա արդեն բուժելի են: Չմոռանանք, որ այսօր ինսուլինի արտադրությունը լավագույն օրինակն է: Հարցն այնուամենայնիվ բաց է մնում… Կարելի՞ է արդյոք օգտագործել ԳՓՕ, ինչպիսի՞þվտանգներ են առաջանում, կամ ի՞նչ ռիսկեր կան նման մոտեցումներից:

Ամենատարածված ԳՓՕ բույսերից են սոյան, եգիպտացորենը, կարտոֆիլը, բամբակը, լոլիկը, եւ բրինձը: Օրինակ՝ Ինգո Պոտրիկուսի ղեկավարությամբ հաջողությամբ ստեղծվել է, այսպես կոչված, Golden Rice-ը, որն իր մեջ ունի վիտամին Ա արտադրող գեն: Ինչի համար է սա նախատեսված: Պատճառը շատ պարզ է. ամբողջ աշխարհում, մասնավորապես Հեռավոր Արեւելքում վիտամին Ա-ի դեֆիցիտը լուրջ պրոբլեմներ է առաջացնում տեղացիների համար: Նրանց հիմնական սննդի հետ հնարավոր է վերացնել այդ դեֆիցիտը: Մեկ ուրիշ օրինակ է Flavr Savr լոլիկը, որն առաջինն էր իր տեսակի մեջ եւ ավելի դիմացկուն էր ի հաշիվ պեկտինը քայքայող polygalacturonase-ի սինթեզի ճնշման: Այլ օրինակ. ինչ վատ է, եթե ստեղծվում է գլուտինից զերծ ցորեն: Որքան մարդ է տառապում գլուտինի հետ կապված հիվանդությունից (celiac հիվանդություն): Ասածս իհարկե ամբողջական չէ, եւ ես ընդունում եմ ռիսկերի եւ վերապահումների խնդիրը նաեւ: Չմոռանանք, որ ամեն գիտական բնագավառում էլ ռիսկի գործոնը առկա է՝ ֆիզիկա, քիմիա, դեղագործություն եւ այլն: Մենք կարծես թե մնացել ենք անցած դարում, ամեն առաջընթաց կանգնեցվում է, ամեն նվաճում հավասարեցվում հողին: Աղմուկ է պետք բարձրացնել, քանի որ ամբողջ գյուղատնտեսությունը լցված է անորակ քիմիայով, իսկ ամբողջ սննդարդյունաբերության մեջ գերակշռողը քաղցկեղածին ներկանյութերն են:

ԱՐԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Կենսաբանական
գիտությունների դոկտոր
Միչիգանի համալսարան

«Առավոտ»

16.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Շատ շնորհակալ եմ հեղինակից նյութի համար։ Նման նյութերի կարիքը շատ է զգացվում։ Վերջերս տգետների կարծիքը սկսել է գերիշխել։ Ամեն մի տգետ իր պարտքն է համարում վայնասուն բարձրացնել այնպիսի թեմաների շուրջ, որոնցից գաղափար չունի։ Գրող֊հրապարակախոս, ֆիզիկոս, լեզվաբանները խոսում են պատվաստումների «վնասների», «հայու գենի», ֆոլաթթվի ու ԳՓՕ֊ների մասին, հիստերիա բարձրացնում ու իրենց նման տգետների լայն զանգվածներ հավաքում։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930