Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոժոլե Նուվո»-ն` Հայաստանում

Նոյեմբեր 17,2017 10:17

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը երեկ երեկոյան միացավ աշխարհի տասնյակ երկրներին, որտեղ նշվում է Ֆրանսիայում մեծ շուքով անցկացվող «Բոժոլե նուվոյի տոնը»: Ընդամենը վեց շաբաթ առաջ ՀՀ նախագահին իր հավատարմագիրը հանձնած ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ժոնաթան Լաքոտը դեսպանատանը հավաքված հյուրերին ներկայացրեց «Բոժելե նուվո» (նոր բոժոլե) գինին եւ այդ գինու «գալուստը» նշելու հետ կապված ավանդույթը: Երիտասարդ, թարմ, մրգաբույր եւ թեթեւ գինին անտարբեր չթողեց հյուրերին:


Արդեն ավելի քան 150 տարի շարունակ նոյեմբերի 3-րդ հինգշաբթին Ֆրանսիայում, հատկապես Բուրգունդիայում, որտեղ գտնվում է Բոժոլե շրջանը, վերածվում է իսկական գինարբուքի: Իսկ նոր գինու գալուստը նշելու ավանդույթը շատ հետաքրքիր է: Բանն այն է, որ բոժոլե գինին ստացվում «գամե» տեսակի խաղողից, այդ ոչ շատ բարձրակարգ գինին շատ արագ է հասունանում եւ շատ արագ էլ շարքից դուրս է գալիս: Այդ իսկ պատճառով, 19-րդ դարի կեսերին բուրգունդացի գինեգործները, ցուցաբերելով ստեղծագործ միտք եւ ձեռներեցություն, որոշեցին մեծ արշավ սկսել` աշնան կեսերին նշելով տարվա «առաջին գինու» գալուստը, որը համընկնում էր սուրբ Մարտինի տոնի հետ: Այդպես, «բոժոլե նուվոն», որ կարող է պահվել ոչ ավելի, քան կես տարի` հաջորդ տարվա մարտին այն արդեն բանի պետք չի լինի, ստացավ իր տոնը, որի շնորհիվ նոյեմբերի վերջին գրեթե ամբողջովին վաճառված էր լինում:


«Բոժոլե նուվոն», քանի որ վաճառքի է հանվում ֆերմենտացիայի ավարտից անմիջապես հետո, բոլորովին զերծ է հասուն գինիներին հատուկ տտիպությունից, շատ թեթեւ է, շատ կենդանի եւ մրգաբույր, նրանում գրեթե չկան տանիններ (գինուն տտիպություն տվող նյութեր), թափանցիկ կարմիր գույն ունի եւ ի տարբերություն այլ կարմիր գինիների, խմում են ոչ թե սենյակային ջերմաստիճանի հասցրած, այլ մինչեւ 13 աստիճան սառեցրած վիճակում:

Երեւանում այս օրերին «Բոժոլե նուվոյի» սահմանափակ քանակություն է առաջարկում միայն ֆրանսիական «Քարֆուրը»:


ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ»

17.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930