Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտաբյուջետային ֆոնդերը կրիմինալ ինստիտուտ են, իրեն հարգող երկրները նման բաներ չեն ունենում». Բոստանջյան

Նոյեմբեր 17,2017 11:54

«Հարկային ծառայության մասին» եւ «Մաքսային ծառայության» օրենքներում լրացում կատարելու մասին ՊԵԿ-ի ներկայացրած նախագիծն է քննարկվում ԱԺ-ում:

ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն ասաց, որ առաջարկում են, որ ֆոնդի գումարները չծախսելու դեպքում ուղղեն ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց, թե խնայողությունները որքա՞ն են կազմում: Միրումյանը պատասխանեց, որ ընդհանուր ֆոնդի շուրջ 20-30 տոկոսը, որը կազմում է շուրջ 1.5 մլրդ դրամ: Խոսրով Հարությունյանն ասաց, որ ինքը միշտ դեմ է եղել ֆոնդերին, բայց եթե կա ֆոնդ ու կան միջոցներ, որոնք խնայվել են, ինչո՞ւ դա չուղղել կառավարության պահուստային ֆոնդ. «Ես կարծում եմ, դա շատ օգտակար քայլ է: Մոտեցումն է ավելի շատ կարեւոր, քան թե ինչ գումարների մասին է խոսքը գնում»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը բողոքեց՝ տարիներ շարունակ ասում ենք՝ արտաբյուջետային ֆոնդ պիտի չլինի, հիմա էլ ասես լավություն եք անում, կառավարության պահուստային ֆոնդ եք ուղղում: Նախ, ըստ նրա, հարց է, թե ինչպես են այդ ֆոնդերը ձեւավորվում, ինչպես է խնայողություն լինում. «Ես ընդհանրապես կողմ չեմ արտաբյուջետային ֆոնդին, ինչպես բոլոր մտածող մարդիկ»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Մենք հիմա չենք քննարկում՝ ունենալ ֆոնդ, թե՞չունենալ: Ուզում եք, եկեք չընդունենք այս նախագիծը, բայց դրանից այդ արտաբյուջետային ֆոնդերը չեն վերանալու»:

Հարությունյանն ասաց, որ արտաբյուջետային ֆոնդերը պակաս վերահսկելի են, դրա համար իրենք ընդհանրապես դեմ են այդ ֆոնդերին:

Բոստանջյանի խոսքով՝ «Արտաբյուջետային ֆոնդերը կրիմինալ ինստիտուտ են: Իրեն հարգող երկրները նման բաներ չեն ունենում, որովհետեւ հասկանում են՝ բյուջեում հավաքվում է պետական կառավարման համար ռեսուրսները: Ցանկացած օրինական փող գտնվում է պետբյուջեում: Արտաբյուջեները չեն ունենում թափանցիկություն եւ հիմնավորված ուղղություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930