Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կիրականացնի 1 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում

Նոյեմբեր 17,2017 12:20

2017 թվականի նոյեմբերի 23-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային եւ դրամային պարտատոմսերի թողարկում եւ տեղաբաշխում: Երեկ այս մասին հայտարարեցին ընկերության ներկայացուցիչները` «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կազմակերպած ասուլիսի ժամանակ: Կազմակերպության պարտատոմսերը տեղաբաշխվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի առաջնային տեղաբաշխման հարթակում` ստանդարտ փակ եվրոպական մեկանգամյա աճուրդի իրականացման միջոցով:

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանի խոսքով, այս տարի նախատեսում են իրականացնել 1 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի թողարկում, որոնց տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմելու է 7 %, շրջանառության ժամկետը` 36 ամիս` եկամուտների կիսամյակային վճարումների պարբերականությամբ:


«Մեկ դոլարային պարտատոմսի անվանական արժեքը այս պարագայում կազմելու է 100 դոլար եւ ընդհանուր թողարկման քանակը 10 հազար հատ: Ինչ վերաբերում է դրամային պարտատոմսերին, ապա, այս պարագայում, այս տարի մենք նախատեսում ենք թողարկել 300 միլիոն հայկական դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր, որոնց տարեկան եկամտաբերությունը կազմելու է 10 %, շրջանառության ժամկետը 12 ամիս, մեկ պարտատոմսի անվանական արժեքն էլ կկազմի 10 հազար դրամ, իսկ ընդհանուր թողարկվող քանակը 30 հազար հատ»,-մանրամասնեց Արամ Ղուկասյանը: Ըստ նրա, ինչպես 2015 եւ 2016 թվականներին, տեղաբաշխման եւ թողարկումների գործառույթի կազմակերպումը «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ»-ը վստահել է իր վաղեմի գործընկեր «ՌԵՆԵՍԱ» ներդրումային ընկերությանը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ հաջողությամբ իրականացրել է կազմակերպության պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը:

 

«Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Լուիզա Իգրարյանի խոսքով,

«Գլոբալ Կրեդիտ»-ը շուրջ 8 տարի է գործունեություն է իրականացնում ֆինասական շուկայում, եւ իր հաճախորդներին մատուցում է տարատեսակ ֆինանսական ծառայություններ. «Ներկա դրությամբ կազմակերպությունն ունի 15 հազար հաճախորդ, որոնց հետ ակտիվ աշխատանք է տարվում: 2015 թ.-ին վարկային կազմակերպությունն առաջինն է եղել, որ սկսել է իրականացնել պարտատոմսերի թողարկում եւ հրապարակային տեղաբաշխում: Երկար տարիների արդյունքը ցույց է տվել, որ այն արդյունավետ եւ հետաքրքրիր պրոդուկտ է, որը գրավել է ե’ւ ֆիզիկական անձանց ե’ւ իրավաբանական անձանց: Մենք փորձելու ենք մեր հետագա աշխատանքները նույնպես կապել պարտատոմսերի թողարկման հետ եւ ներգրավված դրամական միջոցները նույնպես ուղղվելու են նորանոր վարկատեսակների ստեղծմանը եւ ներդրմանը»:

«ՌԵՆԵՍԱ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վաղինակ Սարոյանը ներկայացրեց պարտատոմսերի տեղաբաշխման հիմնական պայմանների եւ հետագա գնանշումների վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ նրա, աճուրդի հայտերի ընդունումը կսկսվի բորսայի բացվելուց հետո` ժամը 11-ին եւ կտեւի մինչեւ ժամը 13 անց 30, որից հետո կամփոփվեն արդյունքները, կկայացվի աճուրդը եւ ժամը 15-ից հետո կիրականացվի վերջնահաշվարկը:
«Տեղաբաշխումից որոշակի ժամանակ հետո նպատակ կա, որ պարտատոմսերը կցուցարկվեն «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում, որից հետո մեր ընկերության կողմից յուրաքանչյուր օրվա գնանշում կիրականացվի պարտատոմսերի, ինչպես նախորդ պարտատոմսերի դեպքում էր եւ յուրաքանչյուր օր ցանկացողները բորսայի անդամի միջոցով կարող են մասնակցել բորսայի համապատասխան կորպորատիվ արժեթղթերի հարթակներում` նշված պարտատոմսերի առքով կամ վաճառքով»,-ասաց պարոն Սարոյանը: Նրա համոզմամբ, պարտատոմսերի թողարկումը իրականում եղել է կայացած, եթե կա առք ու վաճառք, այսինքն` պարտատոմսերի շարժ երկրորդային շուկայում. «Որովհետեւ, եթե պարտատոմսը ուղղակի որեւէ մեկը գնում է, պահում է, շարժը չի ապահովում, իմ կարծիքով դա վատ ցուցանիշ է, ցանկալի է, որպեսզի երկրորդային շուկան ակտիվանա: 2017 թվականին մինչեւ սեպտեմբեր ամիսը շրջանառության մեջ եղել են «Գլոբալ Կրեդիտ»-ի երկու դոլարային տրանշ` յուրաքանչյուրը մեկ միլիոն ծավալով եւ մեկ դրամային տրանշ, որոնք 200 միլիոն ընդհանուր ծավալով են: Երկրորդային շուկայի շրջանառության ցուցանիշներով, մինչեւ 2017 թվականի սեպտեմբերը եղել է 88 գործարք` մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի արժողությամբ պարտատոմսերով, որը շրջանառության մեջ եղած պարտատոմսերի կեսից ավելին է: Դրամայինով ավելի քիչ` 21 գործարք, մոտ 60 միլիոն արժողությամբ»:

Վաղինակ Սարոյանի խոսքով, իրենց ամբողջ աշխատանքն ուղղորդված է նրան, որ նախ եւ առաջ` հասարակ քաղաքացին հասկանա, որ կորպորատիվ պարտատոմսերի մեջ ներդրումը այլընտրանքային եւ ոչ ռիսկային ներդրում է, եւ երկրորդ, որ իրենց ընկերությունն ապահովում է, որպեսզի ցանկացած անձ` լինի իրավաբանական թե ֆիզիկական, յուրաքանչյուր օր միջնորդավորված բորսայի անդամի հետ կարողանա գործարք կատարել այդ արժեթղթերով եւ ձեռք բերել կամ վաճառել իրեն անհրաժեշտ ծավալը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930