ԱՄՆ դեսպանը չի կարող ասել՝ ինչու են Հայաստանից մարդիկ հեռանում

ԱՄՆ դեսպանը չի կարող ասել՝ ինչու են Հայաստանից մարդիկ հեռանում

Հարցին, թե Հայաստանում դժգոհում են աշխատատեղի բացակայությունից եւ շատ դեպքերում արտագաղթում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ձեր կարծիքով իրական պատճառը ո՞րն է, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը, որն այսօր մասնակցում էր Կարիերայի եւ ձեռնարկատիրության տոնավաճառին, պատասխանեց. «Իրավացի եք, Հայաստանում դժվարին տնտեսական իրավիճակ է եւ չեմ ուզում ձեւացնել, որ դա այդպես չէ, չնայած այս տոնավաճառում ներկայացված են բավականին մեծ թվով աշխատատեղեր: Ես չեմ կարող ասել, թե Հայաստանից մարդիկ, երիտասարդներն ինչու են հեռանում, բայց կարող եմ ասել, որ, եթե Հայաստանը շարունակի տնտեսական բարեփոխումների, ձեռներեցության խթանման, քաղաքացիական հասարակության եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված իր ջանքերը, ապա մարդիկ ավելի շատ կուզեն մնալ իրենց երկրում»:

Դեսպանի խոսքով, աշխատատեղեր Հայաստանում կան. «Ես կարող եմ դա հաստատել, այստեղ ներկայացված գործատուների հետ զրուցելու առիթ ունեցա, տարբեր ոլորտի մասնագետների կարիք կա: Եվ աշխատելով ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերով շրջանավարտներից երկուսի հետ, ուրախ եմ, որ կարողացել ենք այս հնարավորությունն ընձեռել, որ աշխատանք փնտրողն ու աշխատանք առաջարկողը միմյանց հետ հանդիպելու, կապ հաստատելու հնարավորություն ունենան: Բայց ուզում եմ ասել, որ միջոցառումն այսքանով չի սահմանափակվում այն նաեւ միտված է օգնել հայաստանյան ձեռներեցներին, որոնք ցանկանում են իրենք իրենց համար աշխատանք ստեղծել»:

Դեսպանի կարծիքով, ամեն ինչի հիմքը լավ կրթությունն է. «Հայերը, ինչպես եւ երիտասարդ ամերիկացիները պետք է հասկանան, որ այնպես չէ, որ քայլես ու կհասնես քո երազանքի աշխատանքին: Հայաստանում շատ նպաստավոր միջավայր է ձեռներեցության, նորարարության նոր բիզնես գաղափարների համար: Եվ դա մենք տեսել ենք տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտում»:

Դեսպանի համոզմամբ, Հայաստանում պետք է ավելին արվի մտավոր սեփականության պաշտպանության հարցում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք