Փողոցը կորցնել չի կարելի, իսկ ամենօրյա դասադուլը «պրավալ» է. ի՞նչ է լինելու կլոր սեղանից հետո

Փողոցը կորցնել չի կարելի, իսկ ամենօրյա դասադուլը «պրավալ» է. ի՞նչ է լինելու կլոր սեղանից հետո

Եթե հաջողության չհասնեք նոյեմբերի 22-ին, ի՞նչ է լինելու շարժման ճակատագիրը. Սիրահարների այգում Հանուն գիտության զարգացման նախաձեռնության կազմակերպած հանրային քննարկման մասնակից քաղաքացիներին ամենից շատ այս հարցն էր հետաքրքրում:

Նախաձեռնության ներկայացուցիչները տեղեկացրին, որ նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում՝ բանավեճի ձևաչափով քննարկմանը կմասնակցեն երկու կողմերից հինգական ներկայացուցիչներ, ապահովելու են ուղիղ եթեր։

Սիրահարների այգում քաղաքացիները մտահոգություն հայտնեցին՝ շարժումը հանկարծ չմարի: Մասնակիցներից մեկն ասաց. «Իրենք գնում են կլոր սեղանի, քանի որ այսօր ուսանողներն ունեն փողոցը: Իսկ երկրորդ անգամ փողոց հավաքելը դժվար է լինելու: Մինչև չունենանք շոշափելի արդյունք, պետք է փողոցը պահել: Իսկ ամենօրյա դասադուլը «պրավալ» է: Օրինակ՝ կարող է դասադուլ լինել շաբաթը մեկ կամ շաբաթը մեկ լինի իրազեկում: Քանի կա մոբիլիզացիա, մենք պետք է փորձենք ազդել օրենքի վրա, ոչ թե ենթաօրենսդրական ակերի վրա, քանի որ հենց մոբիլիզացիա չլինի, իշխանությունները հանգիստ կարող են այս ենթաօրենսդրական ակտերը ձևափոխել»։

Հանրային քննարկման այս մասնակիցը նաև նկատեց, թե չինովնիկների երեխաները, եթե ծառայում են, ապա տաքուկ ու լավ պայմաններում են դա անում, մինչդեռ «Պատիվ ունեմ»-ը այդ հնարավորությունը չի տալիս:

Ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը տեղեկացրել էր, որ Էդուարդ Շարմազանովը կհամակարգի բանավեճը, իշխանական թևից հանդիպմանը ներկա կլինեն պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը։

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ իրենց  նպատակն է լսել կարծիքներ կլոր սեղանին ընդառաջ: Իրենք հանդիպում են գիտության ոլորտի, ՀԿ-ների ներկայացուցիչների հետ: Որոշել են այդ կարծիքների կորիզը հանել ու ներկայացնել կլոր սեղանին:

Հանրային քննարկման մասնակիցներից մեկը մտահոգություն հայտնեց՝ ոչ թե խնդիրը մեկ կամ երկու հարյուր անձի բանակ տանելու հարցն է, այլ հասարակության միլիտարիզացիան: Նա հայտարարեց, թե առաջին օրը պարզ էր, որ շարժման նպատակը տարկետման իրավունքի պահելն է, իսկ հիմա հասկանալի չէ:

Նախաձեռնության անդամները պնդեցին՝ հիմա էլ է խնդիրը նույնն, և  հավատում են, որ կարող են հասնել դրան:

Հարցին՝ նոյեմբերի 22-ից հետո պայքարը շարունակվելո՞ւ է, նախաձեռնության անդամները պատասխանեցին՝ այդ օրը բախտորոշ մի դիտարկեք. սա հանուն գիտության զարգացման շարժում է, ոչ թե հանուն տարկետման գոյության:

Հանուն գիտության զարգացման 2004թ. շարժման անդամ Միքայել Հովհաննիսյանը խորհուրդ տվեց, որ կլոր սեղանի քննարկման ընթացքում հենքը պետք է լինի կրթության անվտանգության ապահովման սկզբունքը. «Կարևորագույնը կրթության անվտանգության պահպանման սկզբունքն է: Եթե խոսում ենք՝ ինչի վրա պետք է հիմնվի խոսակցությունը, ապա պետք է բերվի կրթության անվտանգության չխախտմանը: Կա կոնֆլիկտ՝ ինչ առաջարկում են և ինչ դուք եք պահանջում: Ուստի պետք է մտածել՝ դրանք ունե՞ն համադրելիություն: Եթե կա համադրելիություն, ապա այդ դեպքում դուրս է գալիս մի մոդել, որի դեպքում հարցը քիչ թե շատ արդյունավետ լուծում կստանա»:

Ֆիզմաթ դպրոցի դասավանդողներից մեկը կարծիք հայտնեց՝ օրենքը պետք է բերել այն իրավիճակի, որ երկու կողմի համար էլ ընդունելի լինի: Նա բարձրացրեց նաև մեկ այլ խնդիր. «Այս օրենքի պատճառով ոչ միայն բուհերն են տուժում, այլ ավագ դպրոց գաղափարն է վնաս կրելու: Երիտասարդները սկսած 11-րդ դասարանից դպրոց գնալը համարելու են անիմաստ բան: Այդ խնդիրը սուր է հատկապես բնագիտական ոլորտում, որտեղ ես դասավանդում եմ: Ազգ-բանակ գաղափարախոսության մեջ պետք է դրվի այն գաղափարը, որ բանակ գնան զարգացած երեխաներ, որոնք օգուտ կտան բանակին: Դրա համար ավագ դպրոցից պետք է նախապատրաստել, որ բանակ գնալուց երիտասարդները լինեն զարգացած մարդիկ, որ կարողանան ծրագիր էլ գրել, հրթիռի ուղեգիծ էլ գծել, մյուսներին սովորեցնել»:

Հանրային քննարկման ավարտին Հանուն գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հավաստիացրեց, որ լավ պատրաստվում են, կլոր սեղանի ընթացքում և՛ օրենքին են խփելու, և՛ անելու են ամեն ինչ, որ կառավարության որոշումները բխեն մեր շահերից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Վերջապես ունենք խնդիր, որի լուծման որակը միայն հայերից է կախված: Առանց խորանալու, մի կողմից ռազմական նախարարության կողմից իր վրա վերցված պատասխանատվությունն է՝ ապահովել բանակի համապատասխան մակարդակ եւ եթե նա այսօրվա բանակցությունների արդյունքում ի վիճակի չլինի դա իրագործել, նախարարը պետք է հրաժարական տա, մյուս կողմից այսօրվա երիտասարդները մեր վաղվա պետության պատասխանատու այրերն են եւ եթե այսօր նրանց ընդվզումը ոչ մի արդյունք չտա, այսինքն՝ իրենցից ոչինչ կախված չլինի, դա ոչ պակաս հարված է մեր ապագա պետության անվտանգությանը: Կամ երկու կողմերը հաղթում են կամ երկու կողմերը պարտվում են:
    Խնդրի լուծումը՝ խորհրդային ժամանակների պատերազմական փորձը՝ գիտնականները զենք էին ստեղծում, դերասաններն ու երգիչները համերգներով գնում էին ճակատ՝ զինվորներին հոգեւոր կերակուր տալիս, բանաստեղծներն ու երգահանները հոյակապ ստեղծագործություններ գրում բանակի ու թիկունքի համար: Մենք այսօր արդեն պետք է ռազմագիտական ու ռազմամշակութային վարժանքներ իրականացնենք այնպես՝ կարծես լինենք լայնածավալ պատերազմի մեջ:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք