Հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ամենալրջագույն մարտահրավերներից է մարդկության համար. Հովակիմ Գրաբսկի

Հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ամենալրջագույն մարտահրավերներից է մարդկության համար. Հովակիմ Գրաբսկի

Հայ-Ռուսական համալսարանի ասպիրանտ Հովակիմ Գրաբսկին Բեռլինում կայացած «Falling Walls» ամենամյա գլոբալ ֆորումին հանդես է եկել հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրին վերաբերող զեկույցով:

Հովակիմ Գրաբսկիի դիտարկմամբ՝ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ամենալրջագույն մարտահրավերներից է մարդկության համար: «Այդ խնդրին է անդրադարձել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանումն՝ անվանելով այն համաշխարհային ճգնաժամ, որը չի կարելի անտեսել: Ներկայումս՝ կատարվում են զանգվածային հետազոտություններ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը լուծելու ռազմավարության ընտրության համար»,- նշել է Գրաբսկին՝ հավելելով, որ «Falling Walls» ամենամյա կոնֆերանսը կազմակերպվում է համանուն ֆոնդի կողմից՝ Բեռլինյան պատի անկման օրը, որին մասնակցում են 80 երկրների խոստումնալից մասնագետներն և աշխարհի առաջատար 20 գիտնականները, որոնք ներկայացնում են իրենց ընթացիկ հետազոտությունների արդյունքները:

Համակարգչային կենսաֆիզիկայի(բիոինֆորմատիկա) ոլորտում հետազոտություններ իրականացնող մեր համալսարանի ասպիրանտ Հովակիմ Գրաբսկին նշել է, որ հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրը լուծելու ռազմավարություններից է քվորում-սենսինգի համակարգի վրա ազդեցությունը:

«Քվորում-սենսինգը մանրէների միմյանց հետ տեղեկատվական հաղորդակցման մեջ մտնելու և արտազատված մոլեկուլների միջոցով վարքը համակարգելու ընդունակությունն է: Ախտածին մանրէների մեծ մասը օգտագործում է այդ համակարգը պաշտպանական թաղանթների ձևավորման և ախտածին գեների էքսպրեսիայի համար, մասնավորապես՝ բազմաթիվ դեղամիջոցների և հակաբիոտիկների հանդեպ կայունության առաջացման: Այդ համակարգը անջատելով՝ կարելի է թուլացնել մանրէների ախտածինությունը»,- պարզաբանել է նա:

Մեր համալսարանի ասպիրանտը հայտնել է նաև, որ իրենց խումբը ներկա պահին զբաղվում է Pseudomonas aeruginosa-ի ուսումնասիրությամբ, որն ի վիճակի է ախտահարել մարդու տարբեր օրգանները և առաջացնել մի շարք լուրջ հիվանդություններ:

«Դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ծայրահեղորեն կայուն է հակաբիոտիկների նկատմամբ(1000 անգամ): Հատկապես տhաճ է, այսպես կոչված, նրա «սոցիալական վարքի» ընդունակությունն. այս մանրէների խմբերը կարող են իրենց շուրջը ձևավորել պաշտպանական շերտ, որը դժվարացնում է դեղամիջոցների մուտքը: Մեր խումբը օգտագործում է համակարգչային մոդելավորման մեթոդներն այն դեղամիջոցները գտնելու նպատակով, որոնք կանջատեն Pseudomonas aeruginosa-ի քվորում սենսինգի համակարգը»,- ընդգծել է Գրաբսկին՝ աջակցության համար խորին շնորհակալություն հայտնելով Falling Walls Armenia կոնֆերանսի կազմակերպիչներին, ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոտեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Սարգսյանին և Նարինե Գևորգյանին (ՀՌՀ), Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր Դավիթ Բլաշկեին, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարանին և Գիտությունների Ազգային Ակադեմիայի SPIE Student Chapter-ին (https://spie.org/membership/student-members/student-chapters/student-chapter?chapter_id=2002973&SSO=1) կոնֆերանսին մասնակցելու հնարավորություն ընձեռելու և ուղևորության հետ կապված ծախսերը հոգալու համար, ինչպես նաև իր գիտական ղեկավար բժշկական բիոքիմիայի և բիոտեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրաչիկ Վարդապետյանին:

Հավելենք, որ «Falling Walls» ամենամյա գլոբալ ֆորումին ՀՌՀ ասպիրանտ Հովակիմ Գրաբսկիի հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդրին վերաբերող զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել վերը նշված ֆորումի մասնակիցների մոտ և նրա զեկույցի մասին նշվել է նաև ֆորումի պաշտոնական բլոգում, որին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ http://www.fallingwallsfragments.com/2017/11/08/glowing-proteins-neural-networks-and-weakened-biofilms:

 

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք