Լրահոս
Օրվա լրահոսը

Իմաստ ունի՞ դիմել պլաստիկ վիրաբույժի

Նոյեմբեր 20,2017 14:00

Մեկնաբանում են մասնագետները

Ժամանակի հետ ամեն բան փոփոխվում է։ Մեր օրերում կան բոլոր հնարավորությունները՝ անհնարը հնարավոր դարձնելու համար։ Մարդու՝ կատարելության հասնելու ձգտումը 21-րդ դարում հանգեցրեց նրան, որ այսօր հնարավոր է պլաստիկ վիրաբուժության միջոցով շտկել կամ լիովին վերափոխել արտաքինը։

Հայաստանը պլաստիկ վիրահատությունների քանակով վերջին մի քանի տարիների ընթացքում բավականին առաջ է անցել։ Պլաստիկ վիրաբույժների խոսքով՝ հիմնական այցելուները 18-ից 35 տարեկան աղջիկներն են, որոնց մեծամասնությունը չունի առողջական խնդիր եւ պատրաստվում է կատարել վիրահատություն՝ արտաքինը էլ ավելի կատարյալ դարձնելու համար։ Ընդ որում, Հայաստանում պլաստիկ վիրահատություններն այնքան էլ էժան հաճույք չեն։

Հասարակության մեջ վերջերս ձեւավորվել է մի կարծրատիպ, որը հիմնականում կիրառելի է աղջիկների շրջանում։ Բոլոր մեծ կամ հայերիս բնորոշ արծվաքթով աղջիկները դիմում են վիրահատության՝ քթի մեջ առկա մսային զանգվածը հեռացնելու համար, սակայն վիրահատությունից հետո քիթը նաեւ փոխում է իր կառուցվածքը։
Պլաստիկ վիրաբույժ Կարեն Պետրոսյանի դիտարկումներով, առաջին տեղում քթի պլաստիկան է, երկրորդ տեղում` ականջների, դեմքի տարբեր տեսակի շտկումները, դրանց հետեւում են կրծքերի վիրահատությունները եւ լիպոսակցիան: Արվում է նաեւ սեռի կորեկցիա:

Պլաստիկ վիրահատությունների զգալի առաջընթացը Հայաստանում պայմանավորվում է նոր տեխնոլոգիաների զարգացմամբ եւ ընտրության բազմազանությամբ։ Մեր օրերում մեզնից յուրաքանչյուրը կարող է ստանալ իր երազած կառուցվածքն ու արտաքինը։ Սակայն վիրահատությունից առաջ կա հոգեբանական լուրջ խորհրդատվության անհրաժեշտություն։


Շատ են հանդիպում դեպքեր, երբ մարդկանց մոտ լինում է ցածր ինքնագնահատական եւ թերարժեքության ինքնազգացողություն։ Այս ամենի հետեւանքով մարդու մոտ կարող է առաջանալ պլաստիկ վիրահատության դիմելու ցանկություն, բայց ամենեւին չլինի դրա կարիքը։ Իսկ այս եւ նմանատիպ այլ բարդույթներից ազատվել կօգնի միայն հոգեբանը։
Մեր օրերում պլաստիկան դարձել է կոսմետոլոգիական ծառայություն եւ նույնիսկ անտեսանելի կամ չնչին խնդրի դեպքում մարդիկ պատրաստ են ծախսել մի քանի հարյուր հազարներ, որպեսզի իրենց կառուցվածքով եւ արտաքինով չզիջեն արտասահմանյան մի շարք հայտնի աստղերի։

Հոգեբան Սոնա Գրիգորյանը խորհուրդ է տալիս. «Մի՛ տարվեք նմանատիպ աստղային հիվանդություններով եւ փորձեք միայն առողջ ապրելակերպով շտկել ձեր մարմնի թերությունները։ Դրա համար շատ լավ միջոց է լողը եւ յոգան»։
Հոգեբանը վերջում ավելացրեց նաեւ, որ պետք չէ թերագնահատել ձեր անձը, քանի որ Աստված մեզ՝ յուրաքանչյուրիս ստեղծել է այնպիսին, ինչպիսին կանք, եւ մեզնից յուրաքանչյուրն այս աշխարհում ունի իր առաքելությունը։

 

ԱԴՐԻՆԵ ՆԻԴԵԼՅԱՆ

«Առավոտ»

18.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930