Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Հայրապետյան. «Քիկբոքսինգը կարող է օլիմպիական մարզաձեւ դառնալ»

Նոյեմբեր 20,2017 14:30

Քիկբոքսինգի Հայաստանի ակումբային առաջնությունը «Դինամո» ՄՀԿ դահլիճում անցկացվեց ազգային ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակի շրջանակում: Մասնակցեցին մայրաքաղաքի, հանրապետության մարզերի եւ Արցախի 20 ակումբների 240 մարզիկներ:

«Առավոտը» զրուցել է Հայաստանի քիկբոքսինգի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ ոստիկանության ֆիզիկական եւ մարտական պատրաստվածության բաժնի պետ, «Դինամո» ՄՀԿ նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի հետ:

– Ձեր ղեկավարած ֆեդերացիան 25 տարեկան է: Ի՞նչ ճանապարհ եք անցել:

– Երկար ու դժավարին ճանապարհ եւ հասել տպավորիչ ցուցանիշների:
Քառորդ դարի ընթացքում Հայաստանի քիկբոքսինգի վարպետները աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների առաջնություններում, ընդհանուր առմամբ, նվաճել են 38 ոսկե, 36 արծաթե եւ 45 բրոնզե մեդալ: Միջազգային հեղինակավոր մրցաշարերում նույնպես արդյունքները տպավորիչ են՝ համապատասխանաբար, 45-39-50: Այս թվերը հանրապետության ներսում կատարած աշխատանքների հանրագումարն է: Առաջին քայլերն սկսելով Երեւանից՝ աստիճանաբար տարածվել ենք հանրապետությունում, հասել ընդհուպ մինչեւ Արցախ: Եվ այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան ամենակայացած եւ կազմակերպված մարզական հասարակական կազմակերպություններից մեկն է Հայաստանում:

– Նույն բանն ասում են կոնտակտային բոլոր, հատկապես՝ արեւելյան մարզաձեւերի ֆեդերացիաները, բայց գիտենք, որ դա այդպես չէ:

– Սա մենք չենք ասում՝ ասում է իրականությունը: Բոլորովին վերջերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեզ ճանաչեց որպես պետական մարզաձեւ եւ եկող տարվանից պետական աջակցություն է տրամադրելու: Դա հենց այնպես չի արվում: Մեր երկիրն այնքան հարուստ չէ, այնքան գումար չունի, որ աջ ու ձախ բաժանի: Մինչեւ նման բանի գնալը, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մանրամասն ուսումնասիրել է մեր անցած ճանապարհը, գնահատել կատարված եւ կատարվող աշխատանքը եւ նոր միայն որոշում կայացրել:

– Ինքներդ հնարավորինս հակիրճ կներկայացնե՞ք:

– Հակիրճ դժվար թե ստացվի, բայց կփորձեմ: Հիմնադրման օրվանից մեր առաջնային քայլերը ուղղված են եղել քիկբոքսինգը հանրապետությունում համաչափ զարգացնելուն, ինչը հիմա էլ շարունակում ենք: Այժմ, երբ դա մեզ հիմնականում հաջողվել է, ներհանրապետական մրցումներն ենք տանում մարզեր: Սկսելու ենք Գորիսից, հետո՝ Սիսիան, Գեղարքունիք եւ այդպես շարունակ: Անչափ կարեւորում ենք որակյալ մարզիչների գործոնը, որոնք մասնագիտականից բացի, պիտի մանկավարժի գիտելիքներ ունենան, քանի որ աշխատում են գերազանցապես երեխաների հետ: Իսկ մեր ֆեդերացիայի խմբերում անվճար մարզվում են անապահով, ծնողազուրկ, Արցախյան պատերազմում զոհված կամ հաշմանդամ դարձած հերոսների, Սիրիայից գաղթած մեր հայրենակիցների ընտանիքների հարյուրավոր երեխաներ ու ոստիկանության բաժանմունքներում գրանցված դեռահասներ: Մենք նրանց կտրում ենք փողոցից եւ բանակի համար առողջ ու մարտունակ զինվոր պատրաստում, որոնց, Աստված մի արասցե, մարտական գործողությունների ժամանակ մեր մոտ յուրացրած մարտարվեստը կարող է շատ պետք գալ…Այսպես կարող եմ երկար թվարկել:

Երկրորդը, թերեւս, տարիքային տարբեր խմբերի Հայաստանի կանոնավոր առաջնությունների եւ մրցաշարերի կազմակերպումն է, որին մասնակցող խմբերի, ակումբների ու մարզիկների թիվը եւ աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Եվ երրորդը՝ մեր աջակիցների հետ բաց ու թափանցիկ աշխատելն է, ինչը ես ամենակարեւորն եմ համարում վստահության առումով: Առանց փոխադարձ վստահության ոչինչ չի ստացվի:

– Միջազգային ռինգերում ձեռքբերումների մասին սկզբում խոսեցիք: Համագործակցության մասի՞ն ինչ կասեք:

– Հայաստանի քիկբոքսինգի ազգային ֆեդերացիան յոթ տարի աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպության՝ WAKO-ի ու եվրոպական միության անդամ է եւ սերտ համագործակցություն ունի նրանց հետ: Այդ համագործակցության արդյունքում, ամենայն հավանականությամբ, 2018 թվականի քիկբոքսինգի աշխարհի գավաթը կանցկացվի Երեւանում:

– Քիկբոքսինգն ի՞նչ ապագա ունի Հայաստանում եւ աշխարհում:

– WAKO-ն մարզական աշխարհի ամենահզոր կազմակերպություններից մեկն է: Սպասվում է, որ դեկտեմբեր ամսին ՄՕԿ-ը նրան կճանաչի եւ Տոկիոյի օլիմպիական խաղերում ցուցադրական ելույթների իրավունք կտա: Դա, կարծում եմ, օլիմպիական խաղերի ծրագիր մտնելու ճանապարհի առաջին քայլը կլինի:
Հենց այս ամենը հաշվի առնելով է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը մեր ֆեդերացիային պետական մարզաձեւի կարգավիճակ տվել, ինչի համար շնորհակալ ենք:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

18.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930