Լրահոս
Օրվա լրահոսը

«Աչքերդ բաց եւ կտեսնես». Աղվան Վարդանյանը՝ Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակների մասին (Տեսանյութ)

Նոյեմբեր 20,2017 13:13

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից լրագրողները հարցրեցին, թե ի՞նչ կարծիք ունի ընդդիմադիր խմբակցությունների տեսակետների մասին, որ այս կառավարությունը ձախողել է եւ բյուջեում մատնանշած տնտեսական աճը որեւիցե ձեւով տեսանելի չէ, այդ դեպքում ի՞նչ խղճով է ՀՅԴ-ն սեղմելու կողմ կոճակը՝ 2018-ի բյուջեի նախագծին: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «ՀՅԴ-ի խիղճը կտրուկ տարբերվում է մյուսների խղճից: Մենք թվարկեցինք այն իրողությունները, որոնք այսօր նկատելի են եւ առաջին արդյունքները կան: Մյուսներին դուք կարող եք հարցնել, թե ինչպես էին եթե ոչ փառաբանում, ապա կողմ քվեարկում նախորդ բոլոր կառավարությունների բյուջեին եւ ի՞նչ դրական ցուցանիշներ կային: Բնական է, ԱԺ-ում կա ընդդիմություն եւ ընդդիմությունը պետք է երբեմն լինի մոլի՝ այդ բառի տարբեր իմաստներով»,- կատակեց Վարդանյանը:

Ըստ նրա, «իրենց գործն է քննադատելը եւ չտեսնելու տալ ռեալ փաստերը: 2016-ին ունեցել ենք 0.2 տոկոս տնտեսական աճ: Խնդրում եմ՝ նայեք այդ ժամանակ ինչպես են քվեարկել, այս տարվա համար նախատեսված է 3.2 տոկոս, իսկ եկող տարի՝ 4.5 տոկոս: Թեկուզ փոքր չափով, բայց կայունանալու է արտաքին պարտքը, թեկուզ ոչ շատ շոշափելի, բայց փոխվում է հարաբերակցությունը ընթացիկ եւ կապիտալ ծախսերի»: Ըստ ՀՅԴ-ի, այս կառավարությունը ճիշտ ուղով է գնում:

Մեր հարցին՝ «Ծառուկյան» դաշինք պատգամավորները անբավարար են գնահատում վարչապետի եւ այս կառավարության աշխատանքը, Դուք ինչպե՞ս եք գնահատում, ընդդիմադիրները համոզված են, որ եթե այսպես շարունակի վարչապետն աշխատել, «Զվարթնոց» օդանավակայանում արտագաղթի հերթեր են գոյանալու, Դուք ի՞նչ կանխատեսում ունեք: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ես լրիվ հակառակ տեսակետին եմ: Դա իրենց իրավունքն է, իրենց գնահատականներն են: Մենք, ընդհակառակը, բավարարված ենք այս կառավարության գործունեությամբ, մե՛ր կառավարության գործունեությամբ: Իհարկե, շատ ավելի արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, բայց որ ճանապարհը, ուղղությունը ճիշտ է ընտրված եւ կա կամք, ջանք այդ ուղղությամբ առաջ գնալու, ակնհայտ է: Մնացածը տեսողության խնդիրներ են»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կարծում են, որ Հաղթանակի զբոսայգում գազի հիմքի վրա դղյակներ են կառուցվել, լրագրողները հարցրեցին՝ չկա՞ անհրաժեշտություն այնտեղ ստուգումներ անցկացնելու, թե կա՞ն կոռուպցիոն ռիսկեր կամ ոչ: Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանում տասնյակ հազարավոր դղյակներ կան եւ դա միայն Մոնումենտին չի վերաբերում: Մոնումենտի դղյակներից շատ ավելի մեծ դղյակներ կան: ԲՀԿ-ի տեսակետն է, իր մոտեցումներն են: Այդ հարցերը տվեք իրենց, եթե իրենք ուզում են դրանով զբաղվել, թող շարունակեն զբաղվել, բայց զբաղվեն ընդհանուր պատկերով»:

Լրագրողի հարցին՝ որտե՞ղ կան այդ ավելի մեծ դղյակները՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Աչքերդ բաց եւ կտեսնես»: Հարցին՝ կթվարկե՞ք, մենք չենք տեսնում, անուններ չե՞ք տալիս՝ Վարդանյանը պատասխանեց. «Ոչ, չեմ թվարկի»:

Թե ինչու է «Ծառուկյան» դաշինքն այսպես սկսել քննադատել վարչապետին եւ կառավարությանը՝ Աղվան Վարդանյանն ասաց. «Մենք ԲՀԿ-ի հետ ունեցել ենք բավական արդյունավետ աշխատանք, երբ միասին ընդդիմություն էինք: Բայց այն ժամանակ մեր օրակարգը եղել է քաղաքական, եղել են կոնկրետ խնդիրներ: Բայց այն, ինչ իրենք անում են առնվազն վերջին շրջանում՝ իրենց պետք է հարցնել»:

Նա ասաց, որ ՀՅԴ տարբեր աշտարակներից չի նայում խնդիրներին եւ փորձում է միայն քաղաքական խնդիր բերել օրակարգ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930