Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփանավանում մահացած երեխա է ծնվել. բժիշկները չեն հասկանում պատճառը

Նոյեմբեր 20,2017 19:35

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բժշկական կենտրոնում նոյեմբերի 19-ին, մահացած երեխա է ծնվել: Ծննդկանի հարազատները վրդովված են, նրանք, Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրին, որ մինչեւ ծննդաբերությունն ու հղիության ամբողջ ընթացքում, թե հղիի, եւ թե ծննդկանի մոտ որեւէ խնդիր չի եղել:

Մահացած երեխայի հարազատները փոքրիկի մահվան համար մեղադրում են բժիշկներին, պնդելով՝ «Ասում են՝ պորտալարը վզին փաթաթված է ծնվել, իսկ դրա համար պետք է մինչեւ ծննդաբերելը մի հատ էխո անեին: Չեն արել: Եթե էրեխեն մահացած է ծնվել, ուրեմն՝ մի բան էն չի եղել, ու բժիշկները գլուխ չեն հանել: Իսկ մեզ սկզբից մինչեւ վերջ ասում էին, թե ամեն ինչ նորմալ է, ոչ մի բարդություն չկա, չի եղել, ու դժվար էլ լինի»:

Սա այս 32 ամյա կնոջ 3-րդ ծննդաբերությունն էր, նա 32 տարեկանն է, եւ հարազատները պնդում են, բժիշկները մինչեւ ծննդաբերության օրը որեւէ շեղում չեն գտել:

Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վալիկո Չալաբյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նոյեմբերի 18-ի երեկոյան, ժամը 19.00-ի սահմաններում ծննդկանն ընդունվել է հիվանդանոց, բողոք ներկայացնելով՝ պտղաջրերի արտահոսք կա. «Հերթապահ բժիշկը, որը նաեւ նրա հսկող բժիշկն էր՝ Գրիգորի Գրիգորյանը, զննել ու պարզել է, որ պտղապարկը տեղում է, ախտորոշվել է պտղապարկի բարձր պատռվածք, որը հսկել է նրա բժիշկը, որեւէ խնդիր չի եղել, պտղի շարժերը, սրտի բաբախը, ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Ինձ համար էլ, որպես մասնագետ, ես մանկաբարձ-գինեկոլոգ եմ, հարց է առաջացել՝ ինչո՞ւ այդպես եղավ: Առավոտյան արդեն, որ պտղաջրերը ժամանակին արտահոսում են, ներզննում է անում նրա բժիշկը, ախտորոշում է ծննդաբերության երկրորդ փուլ ու շատ հեշտ, առանց որեւէ դժվարությունների կինը ծննդաբերում է, բայց, չգիտես ինչու՝ մահացած պտղով: Դուք պատկերացրեք՝ դա մեզ համար ավելի մեծ խնդիր է ու մեծ հարցական՝ ինչո՞ւ դա եղավ»:

Ապա Չալաբյանը պատմեց, որ իրենց հիվանդանոցի մասնագետներն այդ նույն օրը Ծաղկաձորում, Հայաստանում մի միջազգային կազմակերպության կազմակերպած սեմինարներին են մասնակցել, քննարկել են նաեւ այս մեռելածին դեպքը. «Փորձագետներն ասել են, որ մահացածների 50%-ը մնում է անհայտ «էտիալոգիա» (պատճառ), չեն կարողանում հայտնաբերել՝ չնայած բժշկության առաջընթացին»:

Պարոն Չալաբյանն ասաց, որ արդեն դիահերձումը կատարվել է, նմուշներն ուղարկել են հյուսվածքաբանական հետազոտության, որի եզրակացությունից հետո միայն կարող են պատճառի մասին խոսել:

Մեր այն հարցերին՝ արդյոք պե՞տք չէր կեսարյան հատում անել՝ փոքրիկին փրկելու համար, կամ ինչո՞ւ ծննդաբերելուց անմիջապես առաջ ուլտրաձայնային հետազոտություն չեն արել, որպեսզի պտղի եւ պորտալարի վիճակը պարզեին, պատասխանեց. «Նրա բժիշկը գտել է, որ դրա կարիքը չկա, ամեն ինչ նորմայի սահմաններում է եղել: Իսկ ինչ վերաբերում է կեսարյան հատմանը, ապա ասեմ՝ կեսարյան հատման 2 ցուցում կա՝ բացառիկ ու հարաբերական: Այս հղին նույնիսկ հարաբերական ցուցում չի ունեցել, մինչեւ վերջին պահը ծննդկանի մոտ ոչ մի խնդիր չի եղել, որպեսզի բժիշկը զգուշանա»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930