Լրահոս
Օրվա լրահոսը

Նորավանքն ի պահ ենք տվել գիշատիչներին

Նոյեմբեր 21,2017 10:37

Հայ առաքելական եկեղեցու հովվապետական դասի և իշխանական համակարգի ջերմ հարաբերությունների ստվերում համընդհանուր շահ համարվող պետականաշինությունն ու ազգապահպանությունը հայերեն հնչողությամբ գեղեցիկ բառեր են միայն, քանի որ Հայաստանի ներկա-ապագայի տեսլականը քառորդ դար անփոփոխ պարուրված է մշուշով:

Արտաքին մարտահրավերների քմահաճույքներին ակամա մատնված լինելը հայ ժողովրդի ու Հայաստանի համար այլևս իրողություն է: Միակ մխիթարությունը հայության համար, գուցե, Աստծո ողորմածությանն ապավինելն է: Թեև Բարձրյալի հետ հաղորդակցվելու համար պարտադիր չէ տաճար մտնելը, բայց և…: Սարսափելի է, երբ եկեղեցու շեմքին, դեռ ներս չմտած, աղոթքդ չսկսած ընդհատվում է ներկայությունդ չհանդուրժող կենդանական աշխարհի ամենատգեղ գիշատիչների կողմից:

Նորավանքի վանական համալիրի ամենաազդեցիկ կառույցը 1339-ին Բուրթել Օրբելյանի միջոցներով կառուցված երկհարկ դամբարան-եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինն է: Այն հայկական ճարտարապետության մեջ պահպանված դամբարան-եկեղեցիների բարձրարժեք կատարումներից է և միջնադարի հայտնի քանդակարգործ Մոմիկի վերջին աշխատանքներից է: 1840-ի երկրաշարժից հետո Նորավանքը վերականգնվել է 1998-ին, օծվել՝ 1999-ին, հիմնովին վերանորոգվել է 2002-ին:

Նորավանքի վանական համալիրի գեղեցկությունը դժվար է բառերով նկարագրել: Այլ է և զգացողությունդ, երբ Սուրբ Աստվածածնի շեմքին հիացմունքդ համադրվում է սարսափով. երբ հայացքդ եկեղեցու ներսի սև ու անհաղորդ պատերից շփոթված հառես Բարձրյալին, ուղիղ գլխավերևումդ՝ եկեղեցու առաստաղից կախված, բազմաթիվ չղջիկների անհանգիստ շարժն աչքիդ կզարնի, որոնք ուր որ է կպոկվեն ու կընկնեն գլխիդ: Նորավանքի Սուրբ Աստվածածինն ի պահ ենք տվել գիշատիչ չղջիկներին:

Առկա է մի իրողություն ևս. անհասկանալի և մասնագետների կողմից էլ անբացատրելի է՝ ինչո՞ւ ոչ մի սրբապատկեր չկա այստեղ:

Մինչ իրողության ու երևակայությանդ միջև որևէ ընդհանրություն կգտնես քայլերդ ետ-ետ կտանեն, երբ մխիթարության ակնկալիքով էլ հաղթահարես Սուրբ Աստվածածնի նեղ աստիճաններով վերև բարձրանալու դժվարությունը՝ եկեղեցու վերնահարկում ճերմակ պատերին փորագրված ծանոթ ու անծանոթ շատ անուններ աչքի ընկնեն, իսկ քարե սեղանին ամենքն իր ու իր սիրած էակի անունն է փորագրել, և այսպես յուրովի ու նորովի են ապականել Մոմիկի տաճարը: Քանդակագործության ասպարեզում սկսնակների ինքնահաստատման այսօրինակ փորձերն արգելող ոչ մի ցուցանակ չկա:

Նորավանքը 2002-ից ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում»: Անսրտացավ ու բարձիթողի այս մոտեցումը ևս որքա՞ն կշարունակվի, դժվար է ասել, գոնե չղջիկներին եկեղեցուց հեռացնեն: Դրանք կենդանական աշխարհի մասն են և ոչ թե համաշխարհային մշակույթի:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930