Լրահոս
Օրվա լրահոսը

Էդիկ Մինասյան. «Որեւէ փաստաթուղթ չկա, որ Նժդեհը դիմել է Երրորդ Ռեյխին՝ Հայաստանը գաղութ դարձնելու համար»

Նոյեմբեր 21,2017 13:40

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը հիմարություն է անվանում Հայաստանի և ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» նոր պայմանագրի ստորագրման նախաշեմին՝ ՌԴ պաշտպանության նախարարությանը պատկանող «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած ռեպորտաժում հնչող մտքերը, թե Նժդեհը ֆաշիստ էր, ու ՀՀ իշխող կուսակցությունը հերոսացնում է նրան:

Ինչ վերաբերում է հաղորդավար Վերոնիկա Կրաշեննիկովայի այն մեղադրանքին, թե «1942թ. Նժդեհը դիմել էր Երրորդ Ռեյխին՝ խնդրելով Խորհրդային Հայաստանը դարձնել գերմանական գաղութ», պատմաբանը նշում է. «Նման փաստաթուղթ չկա, որ Նժդեհը խնդրի Հայաստանը դարձնեն գերմանական գաղութ: Նժդեհի նպատակը սոսկ արեւմտահայությանը, այսինքն` ռազմագերիներին փրկելն էր: Այդ ռազմագերիներից շատերը հետո Կովկասյան ճակատից փախան-եկան եւ Կարմիր բանակի շարքերը համալրեցին կամ մտան պարտիզանական խմբերի մեջ: Նժդեհն ուղղակի ուզում էր փրկել ռազմագերիներին, որովհետեւ հայտնի չէր, թե ինչ ավարտ կունենա պատերազմը: Նա միայն հայրենասիրական մղումներից ելնելով է ցանկացել համագործակցել եւ ոչ թե Հայաստանը գաղութ դարձնելու համար: Նժդեհի նպատակը երբեք դա չի եղել, ընդ որում՝ հայ ռազմագերիներից շատերն իսկապես փրկվեցին, վերադարձան Հայաստան: Հիմա եթե այդ մարդիկ ուղարկվեին համակենտրոնացման ճամբար, դրանից ի՞նչ էինք շահելու: Նժդեհը ֆաշիզմի հետ բոլորովին կապ չունի: Չի կարելի մարդուն հանիրավի մեղադրել…1944թ. ինքը Բուլղարիա վերադարձավ, հետո եկավ, կամովին հանձնվեց, մինչդեռ կարող էր խուսափել: Իր նպատակն էր Խորհրդային պետությանը տրամադրեր Արեւմտյան Հայաստանի խնդիրների լուծումը: Եթե Ֆաշիզմին ծառայելու նպատակ ունենար, այլ կերպ կվարվեր, նրա նպատակը ժողովրդին տեր կանգնելն էր»:

Էդիկ Մինասյանը տարակուսած է, որ իր խոսքերով, տեղից վեր կացող ոչ մասնագետները ազգային հերոսների վերաբերյալ անգրագետ դիտարկումներ են անում. «Ինչ-որ մեկը երեւի այստեղից հրահրել է, չգիտեմ…Կամ էլ առանց փաստերը ստուգելու են նման բաներ հայտարարել…Ամեն դեպքում դա նպատակաուղղված բան է…»:

Իսկ ինչո՞ւ ժամանակին Նժդեհին հեռացրին դաշնակցությունից` հարցրինք պատմաբանին: «Սյունիքի դատավարության ժամանակ դրեցին, քննարկեցին այդ հարցը, բայց ինքը մինչեւ վերջ էլ հավատավոր մնաց…Ինքը Ռուբեն Տեր-Մինասյանի հետ հակասություններ ուներ, ելույթները, նյութերը, ամեն ինչ պահպանվել է, կարող եմ տրամադրել»,-ասաց Էդիկ Մինասյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Վիկիպեդիայի անգլերեն և ռուսերեն տարբերակներում Նժդեհի մասին գրված է, որ նա համագործակցել է ֆաշիստների հետ։ Եթե դա պատմական փաստերի կեղծում է, ապա անպայման պահանջեք, որ Վիկիպեդիայից հանվեն այդ դրվագները, թե չէ հասարակ մարդիկ ինչպես պիտի զանազանեն ճշմարտությունը սխալից։

  2. karen says:

    Նախ, գերմանական նացիզմը ՛՛ֆաշիզմ՛՛ որակելուց արդեն ակնհայտ է որևէ մեկի անձեռնհաս և գործից հեռու լինելը: Ողջ աշխարհը հիտլերյան նացիոնալ-սոցիալիզմը որակում է ՛՛նացիզմ՛՛, բացառությամբ նախկին ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի և որոշ նախկին ԽՍՀՄ երկրների: Ֆաշիզմը Իտալիայում էր, Մուսոլինիի շարժման գաղափարախոսությունն էր, որևէ գերմանացու համար անհասկանալի է, երբ նույն կերպ պիտակում են իրենց մոտ առաջացած երևույթը:
    Իսկ «Զվեզդան» շարունակում է նախկին ավանդույթները, շատ հեռու չեն գնացել: Էժան պատվերները էժան ձևերով էլ արվում են:
    Եվ հայերին բացարձակ արդարանալու կարիք չկա: Թող արդարանալ փորձեն մեղավորները:

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930