Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի ստաժ ներկայացրած կենսաթոշակառուներից գումարները հետ կգանձեն (Տեսանյութ)

Նոյեմբեր 21,2017 14:20

Այս տարի 300 կենսաթոշակառուի մասով մոտ 3 հազար տարվա ստաժ նվազեցվել է: Այսօր այս մասին հայտարարեց Սոցիալական ապահովության պետական ծառայության (ՍԱՊԾ) ղեկավար Հովհաննես Սահակյանը` նշելով, որ օգոստոս-հոկտեմբեր ամիսներին ծառայությունը գործատուների մոտ ստուգումներ է կատարել եւ հայտնաբերել, որ այդ 3000 տարվա ստաժը կեղծիք է: Այսօր ծառայությունում կազմակերպված ասուլիսում պարոն Սահակյանն ամփոփեց գործունեության 100 օրը: Նա ասաց, որ բազմակողմանի ստուգումներից, հիմնավորումներից, արխիվներն ուսումնասիրելուց հետո են թոշակառուների ստաժը նվազեցրել, որպեսզի ոչ մի քաղաքացի հենց այնպես չտուժի, իսկ այսպես ասած, հանցավոր համաձայնության գնացած կենսաթոշակառուներից, որոնք ավելի ստաժ գրել են տվել, այդ գումարները հետգանձում կանեն: Այս գործողության արդյունքում, ըստ Հովհաննես Սահակյանի, 14 միլիոն դրամ բյուջեն կտնտեսի:

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին, թե որքան է կազմում նվազագույն կենսաթոշակը եւ արդյոք այն համապատասխանո՞ւմ է նվազագույն զամբյուղի պահանջներին, պարոն Սահակյանն ասաց, որ 16 հազար դրամ է եւ քանի որ կառավարությունը գնում է կայունացնող բյուջե ունենալու ճանապարհով, ապա հույս կա, որ առաջիկա տարիներին նվազագույն կենսաթոշակն էլ կհավասարեցվի նվազագույն զամբյուղի պահանջներին:

Պարոն Սահակյանից հետաքրքրվեցին, թե ճիշտ են արդյոք այն տեղեկությունները, որ նրա եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հարաբերությունները լարված են, քանի որ ինքն ազատվում է պարոն Ասատրյանի կադրերից: Ի պատասխան՝ ծառայության ղեկավարն ասաց. «Այդ լուրերը հերթական հրապարակումների շարքից են, որոնք մամուլը հետաքրքրաշարժ են դարձնում: Ես եւ Արտեմ Ասատրյանը աշխատանքային, գործընկերային, ընկերական հարաբերությունների մեջ ենք, շատ կոնստրուկտիվ աշխատանք ենք իրականացնում: Կադրերից ազատվելու առումով, ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, որ կաշկանդված չեմ նաեւ հրապարակային խոսք ասելու եւ պատասխան տալու: Եթե մարդն ի վիճակի չէ այն սկզբունքները, որոնք հրապարակեցի, իրականացնելու, մեր հետ այդ սկզբունքներով քայլելու, անկախ նրանից` ով է, ինչ է, ում մարդն է, ինքը զգալու է, որ մեր թիմի մեջ տեղ չունի»:

ՍԱՊԾ ղեկավարի խոսքով, քաղաքացիներին մատուցվող ծառայությունները մատչելի են դարձրել, մասնավորապես՝ ՔԿԱԳ-ի մարմինների հետ ծննդյան ակտերի եւ ծնողական իրավունքներից զրկելու, կենսաթոշակառուի մահվան վերաբերյալ տեղեկատվության փոխանակությունն ու ստացված տեղեկատվության կիրառությունն ապահովելու եւ այլ ծառայությունների մասով: Նրա հավաստմամբ, քաղաքացուն հնարավորություն է ընձեռվում առաջին եւ երկրորդ երեխաների ծնունդը ՔԿԱԳ տարածքային մարմնում գրանցել, լրացնել նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու մասին դիմումը՝ առցանց համակարգով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930